Ուղիղ եթեր
Ընդդիմության իրական էլեկտորատը․ ինչու էր Բագրատ Սրբազանը գնացել ԱԺ
copy image url

Ընդդիմության իրական էլեկտորատը․ ինչու էր Բագրատ Սրբազանը գնացել ԱԺ

Ներքին Միտք 7 ամիս առաջ - 22:30 17-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին այցելել էր Ազգային ժողով, հանդիպումներ ունեցել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ։ Թեպետ իշխանական պատգամավորների հետ հանդիպում նախատեսված չէր, սակայն Սրբազանը նշեց՝ պատրաստ է լսել վերջիններիս, եթե նրանց շարքում ցանկացողներ լինեն։ ՔՊ-ականների մեջ այդպիսիք չգտնվեցին։

Նախքան խորհրդարան այցելելը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հանդիպումներ էր ունեցել ընդդիմադիր երկու խմբակցությունների քաղաքական առաջնորդների՝ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, սակայն նա այս հանդիպումներից մանրամասներ չհայտնեց։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դեռևս հանդիպում չի ունեցել, սակայն, ինչպես ինքը վստահեցրեց երեկ, Տեր-Պետրոսյանը հանդիպման առաջարկը չի մերժել, այն չի կայացել որոշ հանգամանքներով պայմանավորված։

Հանրությանն առավելապես հետաքրքրում է, թե Գալստանյանը սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք իր ակտիվի և համակիրների հավաքին ընդառաջ ինչու է նախկին նախագահների և վերջիններիս խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ հանդիպում և ինչ հարցեր է քննարկում նրանց հետ։ Այս հանդիպումների օրակարգում Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը չկա, ինչի մասին երեկ ակնարկեց նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ընդդիմությունը ԱԺ-ում կարող է գործել շարժման արդյունքից ելնելով և Բագրատ Սրբազանն ինքն էլ գիտակցում է այս մասին։

Մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած զարգացումները ընդդիմության շրջանում նաև ամրապնդեցին այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանին փողոցային ճանապարհով հնարավոր չէ հեռացնել իշխանությունից, իսկ արդեն հունիսի 12-ի իրադարձությունները փաստեցին, որ սեփական իշխանությունը պահպանելու համար գործող վարչապետը չի խորշի անգամ ուժի կիրառումից։ Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ճանապարհը մնում են ընտրությունները, որոնք թեպետ նախատեսված են 2026 թվականի հունիսին, սակայն քաղաքական և փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ դրանք հերթական անգամ կարող են կայանալ արտահերթ։

Աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված պրակտիկա կա, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների են գնում, որպեսզի նախևառաջ ընդդիմությանը զրկեն դրանց պատշաճ պատրաստվելու հնարավորությունից և ապահովեն իրենց վերարտադրությունը։ Հենց այս իրողության, ինչպես նաև Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին չափազանց մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առաջին իսկ հարմար պահին կորոշի խորհրդարանը լուծարել և արտահերթ ընտրությունների գնալ, ինչը անելու համար ՔՊ-ն ունի բավարար թվով մանդատներ։

Կարծում ենք, որ հնարվոր արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններում հավաքական ընդդիմության հաջողության գրավականը միասնական ճակատով հանդես գալու մեջ է, ինչը թույլ կտա տապալել Նիկոլ Փաշինյանին և հասնել իշխանափոխության։ Թեպետ Բագրատ Սրբազանը քաղաքական գործիչ չէ, և վերջինս հավակնում էր բացառապես ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնին, որը նոր ընտրություններում այլևս չպետք է առաջադրեր իր թեկնածությունը, սակայն վերջինս նույնպես նախորդ ամիսներին հանրության շրջանում որոշակի վարկանիշ ձևավորել է, որն անհրաժեշտ է ընտրական գործընթացներում կապիտալիզացնել։ Ըստ էության, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փորձում է միավորել ընդդիմադիր դաշտի առանցքային դերակատարներին և նախկին նախագահների ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպումների նպատակը հենց սա է։ Ըստ էության Սրբազանը գիտակցում է, որ ընդդիմությունը ընտրական գործընթացում կարող է հաջողության հասնել բացառապես միասնական ճակատով հանդես գալու պարագայում, ինչի անհրաժեշտությունը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 2021 թվականին էր բարձրաձայնում՝ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկելով ընտրություններին 1 միասնական ցուցակով մասնակցել և պաշտոնի չհավակնել, սակայն այս առաջարկը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չընդունեցին։

Սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին հետաքրքրական է, թե որքան էլեկտորատ ունի ընդդիմությունը, որի համախմբման ճանապարհով էլ պետք է փորձի Նիկոլ Փաշինյանին իշխանության հեռացնել։ Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով արմատական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ստացել էին ընդհանուր 336․131 քվե։

Նկատենք, որ թեպետ ընդդիմության էլեկտորատի մի մասը հիասթափված է այս ուժերի գործունեությունից, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սա հանրության այն շերտն է, որն արմատական հայացներ ունի և երբեք չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ գրագետ աշխատանքի և պայքարի դեպքում միասնական ընդդիմությունը հեշտությամբ կարող է ստանալ այս քաղաքացիների քվեները։ Ասվածի վկայությունը 1 տարի առաջ կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն էին, որոնցում Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող «Մայր Հայաստան» դաշինքը ստացավ ձայների շուրջ 15 տոկոսը։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը նույնպես կտրուկ նվազել է։ Թեպետ 2021-ին ՔՊ-ն շուրջ 688 հազար քվե էր ստացել, սակայն նախորդ տարիներին տեղի ունեցած զարգացումների, ինչպես նաև Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով իշխանության երբեմնի էլեկտորատի շրջանում նույնպես մեծ հիասթափություն կա, և այժմ այս մարդկանցից առնվազն 2-3 հարյուր հազարը մտադիր չէ քվեարկել ՔՊ-ի օգտին։ Գրագետ աշխատանք կատարելու և քաղաքացիների այս շերտին իրական այլընտրանք առաջարկելու պարագայում վերջիններիս մի զգալի հատվածը կարող է քվեարկել միասնական ընդդիմության օգտին։ Այստեղ նույնպես հարկ ենք համարում հիշեցնել Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքները, որոնք փաստեցին, որ մայրաքաղաքում ՔՊ-ն վայելում բնակչության միայն 9 տոկոսի աջակցությունը։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանից հիասթափված քաղաքացիների ձայները ստանալու համար միասնական ընդդիմությունը հանրությանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ գործող իշխանությանը հեռացնելուց հետո նախկին նախագահներն իրենց դեմքով իշխանության չեն վերադառնա։ Այս համատեքստում չափազանց կարևոր է գիտակցել այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանից հիասթափված քաղաքացիների համար կրկնակի անգամ ավելի անընդունելի է նախկին նախագահների հնարավոր վերադարձի սցենարը, ուստի եթե ընտրությունները կայանան նախկին-ներկա տրամաբանությամբ, ապա վերջիններս մեծամասնությունը 2021 թվականի ընտրությունների օրինակով կքվեարկի Նիկոլ Փաշինյանի կամ վերջինիս սատարող քաղաքական ուժերի օգտին։

Այսպիսով՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և իշխանափոխություն իրականացնելու իրական հնարավորություն է ստեղծվել, և այժմ գնդակը գտվում է ընդդիմության դաշտում։ Ընտրություններում հաջողության հասնելու և Փաշինյանին այս ճանապարհով հեռացնելու համար ընդդիմությունը նախևառաջ պետք է հաղթահարի իր ներքին տարաձայնությունները, հնարավոր ընտրություններում մեկ միասնական ճակատով հանդես գա, ինչպես նաև հանրությանը երաշխավորի, որ նախկին նախագահները այլևս երբեք իշխանության չեն գա։

Կարծում ենք՝ այս իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանի 2021 թվականի առաջարկը շարունակում է արդիական մնալ, և այժմ միասնական ընդդիմության ցուցակը նախկին նախագահների փոխարեն կարող է հենց Բագրատ Սրբազանը գլխավորել, ով ընտրություններից հետո քաղաքական պաշտոնի չի հավակնի և կվերադառնա հոգևոր ծառայության։ Կհաջողվի՞ Բագրատ Սրբազանին միավորել ընդդիմությանը, թե՞ Փաշինյանը կրկին կվերարտադրվի ու հանրությունը հերթական անգամ կհայտնվի նույն կոտրած տաշտակի առաջ, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ այժմ իշխանափոխության հասնելու պատմական հնարավորություն կա, միանշանակ է։

Դավիթ Գույումջյան