Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մսխեցին մայիսի 9-ի էներգիան․ ինչու Բագրատ Սրբազանը ձախողվեց
copy image url

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մսխեցին մայիսի 9-ի էներգիան․ ինչու Բագրատ Սրբազանը ձախողվեց

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 22:30 09-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարեց, որ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընդոտել շարժմանը: «Ոչ ոք չի խոչընդոտել և չի էլ կարող խոչընդոտել այս շարժումը: Ինչի պիտի խոչընդոտեն: Ես առաջին օրվանից հայտարարել եմ՝ գոյություն ունի մեկ թիրախ՝ Հայաստանի Հանրապետության սպառնալիքը, որը այսօր գտնվում է Կառավարության համար մեկ շենքում, այս պայքարն էլ բոլոր գույներով պայքար է»,- նշել է Սրբազանը։

Հիշեցնենք, որ օրերս Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառը երկրորդ և երրորդ նախագահներն են, և նրանք պետք է հեռանան, եթե ցանկանում են, որ շարժումը հաջողության հասնի։

Oragir.News-ը իրավապաշտպան Նինա Կարապետյանցից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Բագրատ Սրբազանը չի ընդունում, որ շարժման ձախողման պատճառը դրանում երկրորդ և երրորդ նախագահների ներգրավվածությունն է․ «Թե ինչու չի ընդունում Բագրատ Սրբազանը, դա ինքը կիմանա, միգուցե կաշկանդվածություն ունի, միգուցե՝ փոխկապակցվածություն, չգիտեմ պարտավորություններ ունի կամ չի պատկերացնում, այլ ընկալումներ ունի այս ամենի վերաբերյալ, կարծում եմ այս հարցին հենց Բագրատ Սրբազանը պետք է պատասխանի»։

/Նինա Կարապետյանց, իրավապաշտպան/

Նինա Կարապետյանցը կարծում է, որ հասարակությունը, շատ դժգոհ լինելով ներկայիս իշխանություններից, հերթական անգամ մերժում է նախորդ իշխանություններին։ Նրա խոսքով՝ սա ֆենոմենալ իրավիճակ է, որովհետև հասարակությունն ակնհայտորեն դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործողություններից կամ անգործունեությունից, բայց նման տոտալ դժգոհության պայմաններում նույն հասարակությունը սկզբունքորեն պատրաստ չէ վերադարձնել և չի վերադարձնելու նախորդ ռեժիմներից որևէ մեկին։

Oragir.News-ի հարցին՝ խնդիր միայն Ռոբերտ Քոչարա՞յնն ու Սերժ Սարգսյա՞ն են, թե՞ նաև նրանց թիմակիցները, ովքեր աջակցում են շարժմանը՝ Կարապետյանցը պատասխանեց՝ նախկին նախագահների թիմակիցների մասով դժվարանում է ասել, սակայն շարժման շարքերում կային ադիոզ դեմքեր, որոնց վերադարձը հասարակությունը չի ցանկանում։ «Նույն փոխկապակցված օլիգարխները, չգիտեմ տարբեր քաղաքական գործիչները, որոնք տարիներ շարունակ փոխկապակցված են եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ և ընկալվում են որպես նրանց թիմակիցներ, ուստի կարծում եմ, որ իրենց հետ էլ խնդիր կլինի»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը համաձայնեց այն դիտարկման հետ, որ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում առկա մեծ էներգիան մսխվեց ու շարժումը հաջողության չհասավ հենց այս պատճառով․ «Հաստատապես կարող եմ ասել՝ այո՛, պատճառն այն էր, որ նախ ծրագիր չներկայացվեց, միայն կոչերով ու հայտարարություններով այս հասարակությանն այլևս հնարավոր չէ մոլորության մեջ պահել, որովհետև մենք ինչքան էլ քննադատենք մեր հասարակությանն անտարբեր լինելու մեջ, շատ ակտիվ հասարակություն ունենք, մենք նախկին Սովետական միության տարածքում ամենաակտիվ ժողովուրդներից մեկն ենք եղել, այդքան ցույց, այդքան շարժում, ինչքան եղել է Հայաստանում, երևի շատ քիչ հետխորհրդային երկրներում է եղել։ Այնպես որ այդ բոլոր խոսքերը, խոստումները, լոզունգները մեր հասարակությունը վաղուց արդեն լսել է, հասարակությունը կարիք ունի շատ հստակ ծրագրերի՝ բացառելով այն ամենի վերադարձը, որն արդեն 2018 թվականին մերժել է»։

Oragir.News-ի հարցին, թե ներկայումս Բագրատ Սրբազանի գործողություններն ի՞նչ նպատակ են հետապնդում՝ իրավապաշտպանը պատասխանեց, որ դրանց ընդհանրապես չի հետևում։ «Եթե անկեղծ լինեմ ես ընդհանրապես չեմ հետևում, մայիսի 9-ից հետո դեռ 1-2 դեպքերի ուշադիր հետևել եմ, հունիսի 12-ի դեպքերին մանրամասն ծանոթացել եմ, որովհետև ուժ էր կիրառվել ու գնահատական տալու անհրաժեշտություն կար, բայց դրանից հետո ընդհանրապես չեմ հետևում, որովհետև համարում եմ, որ ինքն իրեն սպառել է ու ժամանակ վատնել մի բանի վրա, ինչն այլևս սպառված է, անիմաստ է»,- կարծում է նա։

Նինա Կարապետյանցը հավելեց՝ շատ հնարավոր է, որ ներկայումս շարժման մասնակիցները պատրաստվում են առաջիկա հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա չի բացառում, որ շարժման շարքերում կարող են դերակատարներ ու առաջին դեմքեր ավելանալ՝ Արմեն Աշոտյան, Արման Թաթոյան և այլն, սակայն հստակ է, որ այս շարժումն արդեն սպառվել է ու հասարակությանը մոլորության մեջ պահելու կարիք չկա։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված