Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են, և բազմաթիվ դերակատարներ սկսել են բացահայտ կամ քողարկված կերպով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ դրսևորել։ Ակնհայտ է, որ Պուտինի այցի ընթացքում Մոսկվայի և Բաքվի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչի վկայությունը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր, թե իբր հայկական կողմն է խոչընդոտում տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը։
Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման փոփոխությունն այնքան կտրուկ ու նկատելի էր, որ այն սկսեց անհանգստացնել նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկմանը և նախորդ տարիներին բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը։ Մասնավորապես՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին երազները իրականություն չեն դառնա, իսկ օրինակ բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը գրեց, որ Թեհրանը Մոսկվային հորդորել է այս հարցում չաջակցել Բաքվին։
Հատկանշական է, ռուսական կողմի վերջին հայտարարություններից հետո Հայաստանում իշխանամետ հայացքներով աչքի ընկնող փորձագետներն ու քարոզիչները սկսեցին հայտարարել, որ ՌԴ-ն շահագրգռված է «Զանգեզուրի միջանցք»-ի բացմամբ, և այս հարցում վերջինս շահերը համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի հետ։ Հիշյալ շրջանակները չեն մոռանում նաև պնդել, որ արևմուտքում դեմ են «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը և աջակցում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանմանը, իսկ հաղորդակցությունների բացմանն աջակցում են բացառապես այն դեպքում, եթե վերջիններս գործեն ՀՀ իրավազորության ներքո։
Նկատենք՝ նշված պնդումները հեռու են իրականությունից, քանի որ արևմտյան դերակատարների համար առաջնայինը տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության նվազեցումն է, հնարավորության դեպքում՝ վերջինիս տարածաշրջանից դուրս մղելը։ Հավաքական արևմուտքի համար կենսական նշականություն ունի, որ Հայաստանի տարածքով անցնող և Նախիջևանը Ադրբեջանին կապող անցնող հաղորդակցությունները չվերահսկվեն ռուս սահմանապահների կողմից, իսկ թե դրա հետևանքով ՀՀ ինքնիշխանությունը կխախտվի՞, թե՞ ոչ՝ երկրորդական է։ Այս մասին հայտարարել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ նշելով, որ ԱՄՆ-ն դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։
Ռուսաստանի Դաշնությունը նույնպես շահագրգռված է, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները բացվեն, սակայն իր վերահսկողության ներքո։ Հենց այս նպատակով է ռուսական կողմը վերջին շրջանում պարբերաբար հղում կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, չնայած այն բանին, որ հայտարարության մնացած բոլոր կետերը խախտվել են, Արցախը հայաթափվել, իսկ նույն ՌԴ-ն գործուն քայլեր չի ձեռնարկել՝ այդ ամենը կանխելու համար։ Մոսկվայի համար նույնպես առանցքային է, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները չվերահսկվեն արևմտյան երկրների զինված ուժերի կողմից, իսկ ՀՀ ինքնիշխանության պահպանումը սկզբունքային չէ։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռուսական կողմի դիրքորոշումը կտրուկ փոխվել է, և Մոսկվան այժմ փաստացի համաձայն է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի գործարկմանը բացառապես Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության հետևանքով։ Մինչև վերջերս Ռուսաստանը հրապարակային կերպով խուսափում էր «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կիրառելուց, նշում, որ հաղորդակցությունների բացումը պետք է տեղի ունենա՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, իսկ այժմ՝ հռետորաբանության և գործողությունների մակարդակում աջակցում է այդ միջանցքի բացմանը, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխանության խախտման ճանապարհով։
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, ապա վերջինս միակ երկիրն է, որը դեմ է «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը, ինչի մասին հայտարարել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում և նախորդ տարիներին բազմիցս վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումը։ Չնայած այս հարցում Իրանի դիրքորոշումը բխում է Հայաստանի շահերից, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն պարզ իրողությունը, որ իրանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները բխում են բացառապես սեփական երկրի շահերից, քանի որ եթե Ադրբեջանը ՀՀ-ի տարածքով կապվի Նախիջևանին, ապա դրա հետևանքով Թեհրանը կկորցնի Բաքվի նկատմամբ իր ազդեցության լծակներից մեկը։
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անբաժան մասը հանդիսացող Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունների բացմամբ հետաքրքրված են տարածաշրջանային և արտատարածաշրջանային գրեթե բոլոր խոշոր դերակատարները և այժմ վերջիններիս միջև պայքար է ընթանում բացառապես այդ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Չափազանց մտահոգիչ է, որ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքը միջազգային դերակատարների միջև սակարկությունների առարկա է դարձել, իսկ ՀՀ-ն բանակցությունների սուբեյկտից վերածվել է օբյեկտի, ինչի հետևանքով էլ նույն միջազգային և տարածաշրջանային դերակատարները մեր երկրի տարածքի և ինքնիշխանության վերաբերյալ բանակցություններ են վարում ու պայմանավորվածություններ ձեռք բերում՝ առանց հայկական կողմի մասնակցության։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից հետո Անկարան և Բաքուն ամենաբարձր մակարդակով պարբերաբար խեղաթյուրում են նույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ ներկայացնելով, որ խոսքը գնում է ոչ թե տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, այլ Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին, որով վերջինս պետք է կապվեր Նախիջևանի հետ։ Թեպետ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՀՀ-ն համաձայնել է իր ինքնիշխանության որոշակի սահմանափակմանը, քանի որ Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցությունը պետք է վերահսկվի ռուս սահմանապահների կողմից, սակայն Հայաստանը Ադրբեջանին արտատարածաշրջանային միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել, իսկ նույն հայտարարության տեքստում միջանցք եզրույթն օգտագործվում է միայն 1 անգամ՝ Լաչինի միջանցքի համար։
Դավիթ Գույումջյան