copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 16:30 06-09-2024

Միջանցք՝ ոչնչի դիմաց․ Նիկոլ Փաշինյանի հերթական նվաճումը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում Ադրբեջանին միջանցք է տրամադրելու, չնայած Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ հանրությանը փորձում էր վստահեցնել, որ այդ հարցում սկզբունքային դիրքորոշում ունի, որ միջանցք չի տրամադրվու, իսկ Արցախի լիակատար շրջափակումից հետո պնդում, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն այլևս օրակարգում չէ։ Նման եզրահանգման ենք գալիս Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի վերջին հայտարարությունից, որում նա հաստատել էր տևական ժամանակ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, որ հայկական կողմը բանակցություններ է վարում Նախիջևանը Ադրբեջանին կապող երթուղու վերահսկողությունը արտասահմանյան որևէ ընկերության պատվիրակելու հարցը։

Փորձագետները կարծում են, որ այս այս առաջարկի հեղինակը ԱՄՆ-ն, և դա Հայաստանի իշխանություններին թույլ կտա իրենց դեմքը փրկել և այն որպես դիվանագիտական մեծ հաղթանակ ներկայացնել՝ հայտարարելով, որ իրենց հավատարիմ են մնացել միջանցք չտրամադրելու իրենց խոստմանը։ Բացի այդ, օրվա իշխանություններն իրենց և իրենց խոսափողների շուրթերով առիթը բաց չեն թողնի հայտարարելու, որ իրենք հիշյալ հաղորդակցության վերահսկողությունը չեն հանձնել ռուսական կողմին, ինչպես սահմանում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունը։

Իրականում էական չէ, թե որ կողմին է պատվիրակվելու Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության վերահսկողությունը, քանի որ եթե Հայաստանի Հանրապետության տարածքով անցող հաղորդակցությունը չի վերահսկվելու ՀՀ զինծառայողների կամ սահմանապահների կողմից, ապա դա համարվելու է ինքնիշխանության կորուստ, ինչպես նաև բավարարվելու է ադրբեջանական կողմի այն պահանջը, որ մարդիկ և բեռները Ադրբեջանից դեպի Նախիջևան ու հակառակ ուղղություններով պետք է անցնեն առանց որևէ մաքսային ստուգման։

Հատկանշական է, որ Փաշինյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ դրա դիմաց այդ երկրից որևէ համարժեք բան չպահանջելով՝ առնվազն հրապարակային մակարդակում։ Ամենևին կողմ չլինելով և չաջակցելով Ադրբեջանին միջանցք տրամադրելու օրակարգին, որն անշուշտ կխախտի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ու երկարաժամկետ հեռանկարում լրջագույն անվտանգային մարտահրավերներ կստեղծի՝ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ եթե Երևանն ի վերջո համաձայնելու էր միջանցք տրամադրելու պահանջին, ապա դա կարող էր անել՝ փոխարենը Բաքվից համարժեք գին պահանջելով, ինչն առնվազն այն ժամանակ Ալիևը պատրաստ էր վճարել՝ այդքան բաղձալի միջանցքը ստանալու դիմաց։

Հարց է առաջանում, թե ինչ գին կարող էր վճարել Ադրբեջանը Հայաստանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի դիմաց․ թեպետ վերջին տարիներին իրադարձությունները բավականին արագ են զարգանում և այդ պատճառով շատ իրողություններ պատշաճ գնահատականի ու քննության չեն արժանանում, այնուամենայնիվ ընթերցողին ցանկանում ենք հիշեցնել, որ դեռևս 2021-ին թշնամին ՀՀ-ից միջանցք էր պահանջում, որպեսզի հայկական պետահամարանիշներով մեքենաներին թույլատրեր անխոչընդոտ երթևեկել Գորիս-Կապան ճանապարհով, ավելի ուշ պնդում էր, որ «Զանգեզուրի միջանք»-ը պետք է գործի նույն ռեժիմիով, որով Լաչինի միջանցքն է գործում, այս պահանջը բարձրացնում էր նաև Արցախի շրջափակման ամիսներին։ Նիկոլ Փաշինյանը նույն միջանցքը տրամադրելու դիմաց իր երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկեր Իլհամ Ալիևից կարող էր պահանջել, որ վերջինս անհապաղ ազատ արձակի իր երկրում պահվող բոլոր ռազմագերիներին, սակայն նման պահանջ նույնպես չներկայացրեց։

Փոխարենը հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդ շրջանում նման առաջարկները կտրականապես մերժում էր՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը սակարկության ենթակա չէ։ Ավելին՝ Փաշինյանը բազմիցս իրավացիորեն արձանագրել է, որ ՀՀ-ն միջանցք տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք տերմինը հիշատակվում է միայն 1 անգամ՝ Լաչինի միջանցքի դեպքում։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին միջանցք չտրամադրելու համար զոհաբերեց ողջ Արցախը, հրաժարվեց Գորիս-Կապան ճանապարհից, սակայն այս ամենից հետո ըստ էության համաձայնել է նաև միջանք դրամադրելու պահանջին՝ դրա վերահսկողությունը օտարերկրյա որևէ կազմակերպության պատվիրակելու փաթեթավորմամբ։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար առաջնահերթը ոչ թե պետության շահերի սպասարկումն է ու դրանց համար պայքար մղել, այլ սեփական իշխանության պահպանումը, որի դիմաց վերջիններս պատրաստ են զոհաբերել մեր երկրի կենսական շահերը։ Քաղաքական գործիչների և քաղաքագետների մի զգալի մասի համոզմամբ՝ Փաշինյանը միջանցքի դիմաց Ադրբեջանից կարող է պահանջել, որ այդ երկիրն ի վերջո «խաղաղության պայմանագիր» անվանմամբ որևէ փաստաթուղթ ստորագրի, որը թեև իրական խաղաղություն չի երաշխավորի, սակայն կառավարարության ղեկավարին թույլ կտա հայտարարել, որ իրեն ի վերջո հաջողվել է խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչն էլ իր հերթին նա կփորձի օգտագործել առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններում սեփական իշխանությունը վերարտադրելու համար։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

16:09 Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
20:39 Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին
15:35 Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
22:47 Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք Արցախից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com
22:33 Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
18:29 Բալասանյան ընտանիքը վաճառել է Գյումրիի բիզնեսները. այսօրվա ձերբակալության հետքերով
19:45 «Ջրաշխարհի Խաչիկը» «Դոմուս»-ի հրդեհի պատճառն է փնտրում
17:35 Արթուր Չախոյանին ձեռնաշղթաներով, վրացական համարանիշով՝ անձնական մեքենայով ձերբակալեցին
22:30 Համբարյան, Խաչատրյան, Սիմիդյան. ո՞վ կնշանակվի արդարադատության նախարար
18:00 Գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել. նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր