Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ իր քաղաքացիներին կոչ անելով առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան, այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ սահմանակից շրջաններ, օկուպացված Արցախ և հարակից շրջաններ։
Բազմաթիվ քաղաքական ու փորձագիտական շրջանակների պնդմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի այս զգուշացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա է նախապատրաստվում, ինչի պատճառով էլ Փարիզն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Ադրբեջան։ Բացի այդ, պնդումներ են հնչում առ այն, որ Ֆրանսիան փաստացի ընդունում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայումն անվտանգության իրական երաշխիքներ չի տալիս, թեպետ Հայաստանի իշխանությունները հանրությանը փորձում են հակառակը համոզել։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց՝ եթե միայն ֆրանսիական կողմն է նման հայտարարություն տարածել, ապա դրա պատճառները կարող են այլ լինել։ Ըստ նրա՝ դա կարող է պայմանավորված լինել Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությամբ․
/Կարեն Վրթանեսյան, ռազմական փորձագետ/
«Վերջին շրջանում Ադրբեջանը հետևողական կերպով սրում է Ֆրանսիայի հետ իր հարաբերությունները, և գուցե ֆրանսիական հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, որ Ֆրանսիայի քաղաքացիների դեմ ինչ-որ սադրանքներ կամ հանցագործություններ են ծրագրվում, դրա համար էլ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածել։ Սակայն սա հնարավոր տարբերակներից միայն մեկն է, քանի որ հստակ ինֆորմացիա չունեմ, թե ինչու է Ֆրանսիայի ԱԳՆ-ն նման հայտարարություն արել»։
Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ եթե Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի գնալու վտանգ լիներ, ապա նմանատիպ հայտարարություն պետք է տարածեին նաև Հայաստան չայցելելու վերաբերյալ, ինչը տեղի չի ունեցել։ Նրա խոսքով՝ այս իրողությունն իր հերթին վկայում է այն մասին, որ պաշտոնական Փարիզի հայտարարությունն ամենայն հավանականությամբ կապված է Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի քաղաքացիների դեմ նախապատրաստվող հնարավոր սադրանքների հետ, որոնք պայմանավորված են իրենց երկկողմ հարաբերություններով․
«Ադրբեջանը միջազգային ասպարեզում Ֆրանսիայի դեմ ակտիվորեն ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ ընդհուպ մինչև Ֆրանսիայի ազդեցության գոտու նախկին գաղութներում անկարգություններ է հրահրում և այլն»։
Oragir.News-ի հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում, որ նախքան նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովը Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ կսանձազերծի՝ Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ նման հնարավորությունը չի բացառում, սակայն դժվար է ասել, թե դրա հավանականությունը որքան է։ Ինչ վերաբերում է COP29 գագաթաժողովից հետո պատերազմ սանձազերծելու հնարավորությանը, ապա ռազմական փորձագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ վերջին տարիներին իրավիճակը շատ արագ է փոփոխվում, ուստի սխալ կլինի երկրաժամկետ հեռանկարով գնահատական տալը։
«Բայց կրկնում եմ՝ ես չեմ բացառում, որ մինչև նոյեմբերին կայանալիք այդ գագաթաժողովը ինչ-որ ռազմական գործողություններ կլինեն՝ կախված իրադարձությունների զարգացման ընթացքից»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան