Չնայած Հայաստանի բանկային ոլորտը բարելավելու կառավարության բազմաթիվ խոստումներին, քաղաքացիները շարունակաբար դժգոհում են բանկերի մատուցած ծառայություններից, բախվում են զանազան խնդիրների։ Քաղաքացիների դժգոհությունների շրջանակը բավականին լայն է․ օրինակ մարդկանց մի զգալի մասը բողոքում է, որ օնլայն գործարքների ժամանակ բանկերը բավականին բարձր միջնորդավճարներ են գանձում, ոմանք էլ նշում են, որ գործարքների իրականացումը շատ երկար է տևում և այլն։
Oragir.News-ը վերջին շրջանում ահազանգեր է ստանում, որ հայաստանյան բանկերը քաղաքացիներից լրացուցիչ գումարներ են պահանջում, երբ վերջիններս ցանկանում են տվյալ բանկերում իրենց ներդրած ավանդների համար քաղվածքներ ստանալ՝ նշելով, որ դա վճարովի ծառայություն է։ Մասնավորապես մեզ դիմած քաղաքացիներից մեկն, ով թոշակառու է, հայնտեց, որ բանկերից մեկում 1000 ամերիկյան դոլարի չափով ավանդ է ներդրել՝ տարեկան 4% տոկոսադրույքով, սակայն երբ բանկից քաղվածք է խնդրել, իրեն ասել են, որ դրա համար դրացուցիչ 1000 դրամ պետք է վճարի։
Քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպը զավեշտալի է, քանի որ վերջինս իր 1000 դոլար ավանդի համար պետք է ստանա տարեկան 40 դոլար եկամուտ, որից հարկերը հանելուց հետո նրան կհասնի միայն 30 դոլարը [այսօրվա ամենաշահավետ փոխարժեքով 11550 դրամ], և այժմ էլ իրեն անհրաժեշտ քաղվածքը ստանալու համար ստիպված է ևս 1000 դրամ վճարել։ Այսպիսով՝ եթե քաղաքացուն տարվա ընթացքում ամեն ամիս իր ավանդի քաղվածքն անհրաժեշտ լինի, ապա վերջինս ստիպված է իր ավանդից ստացած ողջ եկամուտը վերադարձնել բանկին՝ անհրաժեշտ քաղվածքը ստանալու համար։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը կապ հաստատեց Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք բանկերի հետ՝ հասկանալու համար, թե վերջիններս քաղաքացիների ավանդների քաղվածքներն ինչ պայմաններով են տրամադրում և որքանով է մեզ դիմած քաղաքացու բարձրաձայնած խնդիրը համատարած բնույթ կրում։
«
Էվոկաբանկ»-ից մեզ տեղեկացրեցին, որ առանց կնիքի քաղվածքներն անվճար են տրամադրում՝ այնքան ժամանակով, որքան հաճախորդը ցանկանում է, և գործընթացը հնարավոր է իրականացնել անգամ զանգի միջոցով։ Բանկից հայտնեցին նաև, որ իրենք ամեն ամիս հաճախորդների ավանդների քաղվածքներն անվճար ուղարկում են վերջիններիս էլեկտրոնային հասցեներին։
Կնիքով քաղվածքների դեպքում պայմանները մի փոքր այլ են, և հաճախորդն անձամբ պետք է մոտենա բանկ․ «Մինչև մեկ ժամկետով քաղվածքները տրամադրվում են անվճար, մեկ ամսից մինչև մեկ տարին 1000 դրամ, 1 տարուց ավելը՝ 2000 դրամ»։
Բացի այդ, բանկից նշեցին՝ ոչ մի տարբերություն չկա ավանդը դրամայի՞ն է, թե՞ դոլային, բոլոր տեսակի ավանդների դեպքում գործում են վերոհիշյալ պայմանները։
«
Ինեկոբանկ»-ից մեզ հայտնեցին, որ իրենք ավանդի քաղվածքները անվճար տարբերակով կարող են ուղարկել հաճախորդի էլեկտրոնային հասցեին՝ ըստ վերջինիս պահանջի։ Այս բանկում նույնպես կքնված տեղեկանքների տրամադրումը վճարովի է․ «Որպես այդպիսին տեղեկանքն արդեն վճարովի է, ինչպես նաև եթե այն կքնված տարբերակով է ու դա պատճենն է, մի քանի անգամ է եղել, կրկնօրինակն է՝ 1-ից ավելի, դա է վճարովի լինում, սակայն քաղվածքը, ինչպես արդեն նշեցի, անվճար է լինում»։
«
Ինեկոբանկ»-ում ավանդային հաշվի տեղեկանքի տրամադրումն արժի 3000 դրամ, և կրկին տարբերություն չկա՝ քաղաքացու ավանդը դրամո՞վ է, թե՞ դոլարով։
«
Կոնվերս բանկ»-ից մեզ հայտնեցին, որ ավանդային հաշվի քաղվածքն իրենք տարին 1 անգամ անվճար է, իսկ եթե 1 անգամ անվճար ստանալուց հետո քաղաքացուն կրկին անհրաժեշտ է լինում քաղվածք ստանալ, ապա մինչև 3 տարի վաղեմության քաղվածքները 1000 դրամ արժեն, 3 տարի և ավել վաղեմության քաղվածքները՝ 3000 դրամ, եթե վերջիններս պահպանվել են բանկում։ «Կոնվերս բանկ»-ում նույնպես դրամով և դոլարով ավանդների համար քաղվածքները տրամադրվում են միևնույն պայմաններով։
«
Արդշինբանկ»-ից տեղեկացրեցին, որ իրենց բանկում ներդրված ավանդների դեպքում ինչպես քաղվածքների, այնպես էլ տեղեկանքների տրամադրման ծառայությունը վճարովի է և դրա համար անհրաժեշտ է բանկի մասնաճյուղ մոտենալ․ «Եթե ստանդարտ ավանդի մասով է քաղաքացին ցանկանում տեղեկանք վերցնել, դա 1500 դրամ արժի, իսկ եթե օրինակ ավանդային հաշիվ ունի և դրա մասով է ցանկանում քաղվածք վերցնել, ապա մինչև 1 ամիս ժամկետով դա անվճար է տրամադրվում, իսկ 1 տարի կտրվածքով քաղվածքը 2000 դրամ արժի»։
Ճշտող հարցին, թե իրենք մյուս բանկերի օրինակով հաճախորդին տարին 1 անգամ անվճար տրամադրո՞ւմ են, թե՞ ոչ՝ մեզ պատասխանեցին, որ այս դեպքում ստանդարտ քաղվածք է տրամադրվում, որը 1500 դրամ արժի։
Այս բանկում նույնպես դրամով և դոլարով ավանդների համար քաղվածքները տրամադրվում են միևնույն պայմաններով։
Oragir.News-ը «
ԱյԴի Բանկ»-ից նույնպես փորձեց տեղեկանալ, թե իրենք քաղաքացիներին ինչ պայմաններով են ավանդների քաղվածքներն ու տեղեկանքները տրամադրում, բանկից մեզ խոստացան ճշտել և հետադարձ կապ հաստատել, սակայն ողջ օրվա ընթացքում այդպես էլ մեզ չզանգահարեցին։
Այսպիսով՝ Հայաստանի բանկերի մեծ մասում քաղաքացիներին իրենց ավանդների քաղվածքներն ու տեղեկանքները չկնքված տարբերակով անվճար են տրամադրում, սակայն եթե քաղաքացուն անհրաժեշտ է կնքված տարբերակը՝ որևէ դեսպանատուն կամ այլ գերատեսչություն ներկայացնելու նպատակով, ապա այդ դեպքում ծառայությունը վճարովի է, իսկ արժեքը տատանվում է 1000-3000 դրամի սահմաններում։
Դավիթ Գույումջյան