copy image url
Ներքին Միտք 4 օր առաջ - 09:01 04-09-2024

Արցախի ինքնորոշման թեման նոր խոսույթ է պահանջում

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա նվիրված ելույթներում, ուղերձներում կարմիր գծով անցնում էր արցախցիների վերադարձի հարցը։ Միայն Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ընդգծեց, որ վերադարձն՝ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման անհնար է։ Նկատենք, որ նախընթաց տարիներին Արցախի ինքնորոշման իրավունքը ներառված էր կարգավորման սկզբունքներում։ Սակայն 44-օրյա պատերազմից և բռնի տեղահանումից հետո Արցախի ինքնորոշման իրավունքը, կարծես, մղվել է լուսանցք։ Իրականում՝ վերադարձն ու ինքնորոշման իրավունքի ճանաչումը հնարավոր է, եթե հայկական պաշտոնական խոսույթում, դիրքորոշումներում էական բան փոխվի։ Եթե կրկնելու են այն, ինչ ասել են նախընթաց տարիներին, ապա լինելու է նույն արձագանքը, այսինքն՝ հաջողության չենք հասնելու։ Այս պարզ տրամաբանական բանը գիտակցելուց հետո հնարավոր է Արցախի թեման առաջ տանել։ Այս առումով հանրային խոսույթում քննարկվում է 2 տեսական տարբերակ։

Առաջինը՝ անկախ պետության տարբերակն է, այսինքն՝ Արցախի Հանրապետության վերականգնման ուղին, որի պսակը Սեպտեմբերի 2-ն է։ Հաջողության հասնելու համար նախ պետք է ձևավորվի ներկայացուցչական մարմին՝ բաղկացած քաղաքական գիտակցություն և փորձառություն ունեցող անձանցից, որոնք իրենց հրապարակային ելույթներում և գերտերությունների էմիսարների հետ հանդիպումներում պետք է պարզ ու աներկբա ներկայացնեն, թե ի՞նչ ազգային իդեալի շուրջ է ձևավորվելու Արցախի Հանրապետությունը, ի՞նչ արժեքներով է առաջնորդվելու, ո՞րն է լինելու նրա քաղաքակրթական ընտրությունը, ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարելու։ Մասնավորապես՝ ինչպիսի հարաբերություններ է նախատեսում կառուցել Ադրբեջանի հետ։

Այս հարցերին նախընթաց տարիներին ուշադրություն չէին դարձնում։ Արցախցի պաշտոնյաները, մասնավորապես՝ այսօր գերեվարվածների մի մասի խոսույթը ռուսամետ շեշտադրումներ ուներ։ Նրանք թյուրիմացաբար կարծում էին, թե Մոսկվան կարող է երաշխավորել Արցախի անկախությունը։ Ազգային իդեալի մասին ձևակերպումները հստակ չէին։ Քաղաքակրթական ընտրության մասին ընդհանրապես խոսք չկար։ Արտաքին քաղաքականությունը միջնորդավորված էր պատկերվում։ Ժամանակն ապացուցեց, որ ռուսամետ դիրքորոշումը աղետալի է։ Մոսկվան ծախեց, դավաճանեց, փշրեց արցախահայերի հույսերը։ Արցախցի պաշտոնայաներն այս ամենը փաստերով ու մանրամասներով գիտեն։ Եվ սեպտեմբերի 2-ն այդ մասին խոսելու օրն էր։ Բայց այդ մասին գրեթե ոչինչ չասվեց։

Ենթադրելի է, որ արցախցիների ներկայիս ներկայացուցիչները, ինչպես նաև նախկինները կաշկանդված են ճշմարտությունն ասելու հարցում։ Հետևաբար՝ նրանք չեն կարող առաջ տանել արցախիների վերադարձի թեման ինքնորոշման իրավունքով և անկախ պետություն դառնալու հեռանկարով։ Այսինքն՝ արցախցիներին նոր ներկայացուցիչներ են պետք, որոնք կաշկանդված չեն լինի Մոսկվայի հետ պայմանավորվածություններով և կարող են նոր խոսք ասել։

Երկրորդ տարբրակը, որի ջատագովները քիչ չեն, Արցախի միացումն է Հայաստանին։ Այս պահանջով է 1988-ին սկսվել Ղարաբաղյան շարժումը, որի պսակը Դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումն է, որն ընդունվել ժողովրդավարական նորմերով։ Աշխարհում միացմանը դեմ են եղել երկու պատճառով՝ տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանելու և ՀՀ իշխանությունների ռուսամետ ուղեգծի։ Եթե ՀՀ իշխանություններն իրապես անկախության ջատագով լինեն և դուրս բերեն ՀՀ-ն ռուսական ազդեցության տակից, ապա միացման տարբերակը ևս կարող է աջակցություն ու դաշնակիցներ գտնել աշխարհում։ Ներկայում ՔՊ-ական իշխանությունը նույնպես կաշկանդված է Մոսկվայի հետ ունեցած պայմանավորվածություններով և վարում է ռուսամետ քաղաքականություն։ Հետևաբար՝ միացման տարբերակն առաջ մղելը ևս անպտուղ է լինելու։

Պարզ ասած՝ ինքնորոշման թեման նոր խոսույթ է պահանջում։ Հետևաբար՝ ինքնորոշման հարցում հաջողության հասնելու համար նախ պետք է ընտրել նոր ներկայացուցիչներ, որոնք անկաշկանդ կպարզեցնեն քաղաքական տեսլականը, իդեալները, արժեքները, քաղաքակրթական ընտրությունը։ Քանի դեռ դրանք պարզ չեն, աշխարհի մեծերը չեն աջակցելու Արցախի ինքնորոշման իրավունքին, ինչքան էլ նամակներ ու դիմումներ ուղղվեն նրանց։ Առավելագույնը՝ կարող են խոսել հայրենիք վերադարձի իրավունքի մասին, որը չի մերժում նաև Բաքուն, պայմանով, որ արցախցիներն ինքնորոշման թեմա չբարձրացնեն։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

00:24 Ամուսնացած էր, ունի 1 որդի. զոհված ոստիկանը 37 տարեկան էր
19:55 Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին. shamshyan.com
20:43 Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր. shamshyan.com
00:14 Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է կապիտան Հայրապետ Ստեփանյանը
13:49 Վայոց ձորի մարզում՝ Հերհերի ջրամբարի մոտ, բախվել են «ՎԱԶ 2107»-երը. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
15:10 Նիկոլի բանտակից ընկերոջ թաղամասի համար Զովունիում քանդում են գործարան
16:42 Էջմիածնում աշակերտները դասերն ավարտում են երեկոյան ժամը 8-ին, մութ ճանապարհներով տուն գնում
21:56 Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց․ 4։1
15:53 Մոսկվայից բացատրել են. ՀՀ-ն հետ է կանչել Պուտինի ձերբակալման մասին ստորագրությունը
16:15 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած և ոստիկան ներկայացած տղամարդիկ պահանջել և ստացել են 50 հազար դրամ. shamshyan.com