Հայաստանում մրգի վաճառքի ոլորտը շարունակում է մնալ անհանգստացնող` համարվելով մեծ օֆշոր։
Շատ քաղաքացիների անհանգստացնում է «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցողը։ Համացանցում քաղաքացիները նշում են՝ այս շուկան Հայաստանի ամենամեծ օֆշորներից է։ Շուկայում ամեն օր «սևով» միլիարդ դրամներ են պտտվում։
Այնտեղ ամեն ինչ «սև» է, երբ որ այդ պայմաններում ինչ-որ մեկն ուզում է «սպիտակով» աշխատել, բնականաբար` նա շանս չի ունենում մրցակցելու։
Oragir.News-ի հետ զրույցում գյուղատնտես Հրաչ Բերբերյանը նշեց, այս ոլորտը գուցե համարվում է օֆշոր, սակայն դա չպետք է կապել շարքային գյուղացու հետ։
Նրա համոզմամբ` «Մեյմանդարի» շուկայում «սևով» աշխատողները միջնորդներն են։
«Խոսքը միջնորդների մասին է, որոնք գյուղացիների բերքը չնչին գումարով գնում են և հետո վերավաճառում են։ Դա միշտ եղել է և կլինի, քանի դեռ մեզ մոտ չեն ստեղծել շուկաները, որ գյուղացին ինքը գա, կանգնի, վաճառի, թողնի գնա։ Այդ խնդիրը միայն «Մեյմանդարի» շուկայում չէ»,- ասաց նա։
Գյուղատնտեսը նշում է` այն, ինչ տեղի է ունենում Մեյմանդարի շուկայում, բիզնես է, և այն խումբը, որ վերավաճառքով է զբաղվում, պետք է հարկվի։
«Գնում են, գյուղերից բեռնատարներով գյուղացիների բերքը բերում են, գինը դնում են։ Գյուղացին իր արտադրանքի արժեքի, էն որ վաճառում է, այդ արժեքի 30 տոկոսը չի ստանում։ Դա բիզնես է, ՊԵԿ-ը թող դիմի մեզ, մենք կասենք՝ ինչ անի»,- նշեց նա։
Բերբերյանը բացառում է, որ ՊԵԿ-ը մասնակցում է շուկայում տեղի ունեցողին, բայց հավանական է համարում, որ այդ միջնորդներն ունեն իրենց հովանավորները։
«Այդ տարածքում գործողները հովանավորներ ունեն։ Հնարավոր է այդ հովանավորները լինեն ոստիկանության աշխատողներ։ Սակայն չեմ կարծում` ՊԵԿ-ի տեսուչները այսօր նման բաներով զբաղվեն»,-ասաց Բերբերյանը։
Գյուղատնտեսը մեկ այլ խնդրի մասին է հիշեցնում. Երևանի քաղաքապետարանը գյուղացու բերքը փողոցներում տրորում է։ «Երևանի քաղաքապետարանը գյուղացու գյուղմթերքները տնօրինում է։ Ինչ-որ շան լակոտներ, որ ո՛չ բերքը աճեցրել են, ո՛չ բերքը հրամցրել են քաղաքացուն, բայց այդ բերքը կարող են փողոցում տրորել։ Պետք է դրա մասին մտածել, ոչ թե շուկաները տվել են բիզնեսմեններին և դրանով ասում են՝ գյուղատնտեսություն են զարգացնում»,- եզրափակեց նա։
Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել ՊԵԿ և Շուկայի վերահսկողության տեսչական մարմին։ Սակայն մեր բազում զանգերը մնացին անպատասխան։
Փաստացի` հարկային դաշտում հաջողություններով հպարտացող, բոլորին հարկային դաշտ բերող ու նույնիսկ բլոգերներին հարկող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նկատում «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցողը կամ գուցե «ձևացնում» է, թե չի նկատում։ Ինչո՞ւ... գուցե այստեղ Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունը իրենց սեփական շա՞հն են հետապնդում։ Եվ դա կարող է լինել ՊԵԿ-ի «արդարացված» ամենաթողության գլխավոր պատճառը։
Հարկ է նշել նաև, որ ավանդաբար ՊԵԿ-ը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը։
ՊԵԿ-ում կադրային առումով փոխվել է միայն ղեկավարությունը, ոլորտը բարեփոխելու համար պետք է նաև կադրային բարեփոխում անել։