Ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին հայտնել էր, որ հայ սահմանապահները Վրաստանից Հայաստան մուտք գործելու ժամանակ ընդդիմադիր հայացքներով հայտնի բելառուս բլոգեր Դիանա Մոսեսենկոյին ձերբակալել և 72 ժամով կալանքի են վերցրել։ Լապշինը այս արարքի համար ամոթանք էր տվել Հայաստանի իշխանություններին՝ հիշեցնելով, որ Լուկաշենկոն բացահայտ կերպով վիրավորում և նվաստացնում է հայ ժողովրդին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մոսեսենկոն ազատ է արձակվել, սակայն փաստաբան Ալեք Միալևիչը հայտնել է, որ թեև բլոգերն ազատության մեջ է, սակայն արտահանձնման վարույթի ընթացքում նրան արգելել են հեռանալ երկրից։ Փաստաբանն ասել է, որ բլոգերին մեղադրանք է առաջադրվել Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով («Հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններ կազմակերպելը և նախապատրաստելը կամ դրանց ակտիվ մասնակցությունը»): Բելառուսում նրան սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ Հայաստանի սահմանապահները բելառուս բլոգերի հետ կապված կարող են կասկածներ ունենալ՝ հաշվի առնելով հատկապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններն ու ելույթները։ Նրա խոսքով՝ նախքան բլոգերին ձերբակալելն անհրաժեշտ էր նրա մասին տեղեկություններ հավաքագրել, ինչը շատ հեշտ է անել․
/Նինա Կարապետյանց, իրավապաշտպան/«Եթե իրենք այդ հարցում դժվարություններ ունեն, ես կարող եմ իրենց օգնել՝ Բելառուսից արտագաղթած իրական իրավապաշտպան գործունեություն ծավալող գործընկերների և լրագրողների միջոցով։ Ինչ վերաբերում է արտահանձնելուն, ապա դա կլինի հանցագործություն, քանի որ մենք ստորագրել ենք բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, որոնցով պարտավորվել ենք չարտահանձնել այն անձանց, ովքեր իրենց հիմնական բնակության վայրում կարող են խոշտանգումների, հետապնդումների ու անմարդկային վերաբերմունքի զոհ դառնալ, իսկ այն, որ Բելառուսի օրվա իշխանությունը նման վարքագիծ է դրսևորում, դա այլևս փաստ է»։
Նինա Կարապետյանցը շեշտում է՝ միջազգային կառույցների և Բելառուսի քաղհասարակության հրապարակած զեկույցները ակնհայտորեն փաստում են, որ այդ երկրում աննկարագրելի ու անմարդկային դաժան խոշտանգումներ են ենթարկել, ովքեր օրվա իշխանություններին անհամաձայն են եղել։ Ըստ նրա՝ այս պարագայում բլոգերի արտահանձնումը ամեն կերպ պետք է արգելափակել ու թույլ չտալ։
Oragir.News-ի հարցին, թե արդյոք բելառուս բլոգերի ձերբակալությունը չի՞ վկայում այն մասին, որ ինքնիշխանության մասին Հայաստանի իշխանությունների պնդումները կեղծ են, և իրականում վերջիններս համագործակցում են Լուկաշենկոյի ռեժիմի հետ՝ իրավապաշտպանը պատասխանեց, որ հարցին այդ տեսանկյունից էլ է կարելի նայել, սակայն մյուս կողմից էլ կարելի է մտածել, որ նույն Բելառուսի իշխանությունները Հայաստան կարող են ուղարկել իրենց հետ փոխկապակցված բլոգերների՝ այն նույն տրամաբանությամբ, որով Հայաստանում էին հայտնվել Սեմյոն Պեգովը կամ Պաբլո Գոնսալեսը։
«Այսինքն՝ բոլոր տարբերակներն էլ պետք է քննարկել։ Անմեղության կանխավարկածից ելնելով՝ ես կենթադրեմ, որ հայ սահմանապահները բելառուս բլոգերին անվտանգության նկատառումներով են որոշել են ստուգել, բայց եթե հանկարծ որևէ քաղաքացու արտահանձնեն Բելառուս, ես կհամարեմ, որ նրանք համագործակցում են, ընդ որում շատ սերտ են համագործակցում»,- կարծում է նա։
Իրավապաշտպանը համաձայնեց
Oragir.News-ի այն դիտարկման հետ, որ եթե բելառուս բլոգերն արտահանձնվի, ապա դա կհարվածի նաև Հայաստանի միջազգային վարկանիշին՝ նշելով, որ այդ դեպքում Հայաստանի իշխանությունները կդառնան ոչ միայն Լուկաշենկոյի ու Պուտինի, այլ նաև բոլոր այն երկրների ղեկավարների հանցակիցը, որտեղ մարդիկ կարող են կտտանքների ենթարկվել։
«Մեր իշխանությունները կդառնան հանցակից՝ այդ մարդկանց նկատմամբ հետագա խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի ու բոլոր վատ դրսևորումների համար։ Վարկանիշի մասին չեմ էլ խոսում․ մենք շատ երկար տարիներ աշխատել ենք ինչ-որ մի նիշի հասնելու ու վարկանիշը բարձրացնելու համար, բոլորս ենք այդ ուղղությամբ աշխատում, բայց բոլոր ժամանակների իշխանությունները ինչ-որ հատուկ ունակություն ունեն և իրենց օրվա իշխանության ու այդ տաբուրետկաներին նստած մնալու համար պատրաստ են զոհաբերել ամեն ինչ՝ վարկանիշը, անվտանգությունը և մնացած ամեն ինչը»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան