Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 3-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց ազատազրկման։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց վճիռը՝ մեղավոր ճանաչելով Միքայել Սրբազանին և դատապարտելով ազատազրկման՝ երկու տարի ժամկետով։ Սրբազանի աջակիցները դատավորի կայացրած վճիռը լսելուն պես միաբերան «ամոթ» վանկարկեցին» Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը՝ 2025 թվականի հունիսի 28-ը։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել, դատախազը միջնորդել էր նրան ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով: Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ ՈՒշագրավ է, որ ավելի վաղ Դատախազությունը Միքայել Սրբազանի նույն հայտարարության մեջ հանցակազմ չէր նկատել։ Փաստաբանական թիմն ամբողջ ընթացքում պնդել է, որ գործընթացը ծայրից ծայր խախտումներով է անցել, և արդարություն հույս չունեն։ Նրանք արդեն իսկ հայտնել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Դատավորն այնքան հուզված էր, որ Միքայել Սրբազանի դատավճիռը կարդալիս սխալ հոդվածի մասին է խոսել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, մինչդեռ, այսօր դատարանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է՝ «Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»։ «Դատարանն ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Հուզմունքը մարդկանց ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր, և Միքայել սրբազանը չի կատարել ո՛չ 442-րդ հոդվածով, ո՛չ 422-րդ հոդվածով նախատեսված արարքը»,- ասաց Արա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ Միքայել Սրբազանը հոգեպես պատրաստ էր այս դատավճռին, ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Փաստաբանը նշեց, որ դատավճիռն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան։ Նա նաև հայտնեց, որ իրենք արդեն ստացել են Վճռաբեկ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը՝ առաջին կալանքի հետ կապված, վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով արդեն դիմելու են միջազգային ատյան։
Միգրացիոն դատարանի որոշմամբ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ «Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները»,-նշվում է հաղորդագրության մեջ։Իր հերթին, նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտն օրինական ուժ չի ստանա, և հետևաբար Ղուկասյանը կշարունակի մնալ Միացյալ Նահանգներում: Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, սակայն փաստաբանի ներկայացմամբ՝ նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա:Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե նա արդեն ազատության մե՞ջ է, թե՞ ոչ: ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր փետրվարի 20-ին՝ միգրացիոն կարգը խախտելու համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք էր գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի, Լաս Վեգասի դատարանը պետք է քններ նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:
Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների բացումն առաջիկայում անպայման տեղի կունենա։ Փաշինյանն այս մասին հայտնել է Հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ շատ կարևոր է համարում հանքարդյունաբերության ոլորտում մի ռազմավարական խնդիր, որի շուրջ ոլորտը և Կառավարությունը պետք է սերտորեն համագործակցելու հնարավոր հնարավորություններ գտնեն: «Խոսքն արդյունաբերության շղթան երկարացնելու մասին է։ Իրականում մեզ համար մեծագույն խնդիր է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել: Մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք և դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան»,- նշել է նա։ Փաշինյանհավելել է, որ նշված խնդրի շուրջ արդեն եղել են որոշ քննարկումներ, և այժմ էլ շարունակվում են դրանք: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների սպասվող բացումը, որը առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություն է բացելու հատկապես հանքարդյունահանության ոլորտում»,- պնդել է կառավարության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում: