Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 8-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Այդ զգայուն շատ կարևոր հարցը պետք է օր առաջ լուծվի, Սրբազանին պիտի հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ և իր բժշկի անմիջապես մասնակցությամբ բուժում ստանա։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ այդ 23 մահվան դեպքը չդառնա 24։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արածը նաև լինի սրբազան հայրը։ Ես պահանջատեր եմ լինելու, և իմ պահանջը պիտի անհապաղ բավարարվի, և մարդը պիտի պատշաճ բուժօգնության արժանանա»,–ասաց նա։ Պատգամավորը նշել է, որ Միքայել Սրբազանը համապատասխան ընթացակարգերով անցել է. «Այս հարցը պիտի անհապաղ լուծվի։ Կներեք, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասել է նա։ Դանիելյանը հավելել է, որ սա պիտի ազդակ լինի բոլորիս համար, որ առաջին քրիստոնյա ժողովուրդը լինելով, իրավունք չունենք սրբազան հորը և մյուս սրբազաններին պահել այդ պայմաններում։ Ըստ նրա՝ անդառնալի հետևանքներ կարող են լինել և դա ոչ մեկին պատիվ չի բերում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին: Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Ադրբեջանի նախագահի հետ համատեղ նամակի համար, որով առաջադրել են նրա թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: «Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը», - կառավարության հաղորդմամբ՝ նշել է նախագահ Թրամփը: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Իլհամ Ալիևին ուղղված նամակի մասին՝ նմանատիպ բովանդակությամբ: «Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին», - ասված է Փաշինյանին ուղղված Սպիտակ տան ղեկավարի նամակում: Փաշինյանն ու Ալիևը ու ևս մի քանի առաջնորդներ առաջարկել էին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել: Այս տարի, սակայն, նա չարժանացավ մրցանակին:
Մայր Աթոռը հայտարարությամբ է հանես եկել, որում խստագույնս դատապարտում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում»։ «Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) առաջնորդանիստ եկեղեցում», - ասված է հայտարարությունում: Զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ Մայր Աթոռը հորդորում է «կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ»: Հայտարարությունը բարձրաստիճան հոգևորականներին կոչ է անում «հետևել մեր Սուրբ Եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգևոր ասպարեզում և օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի՝ իբրև առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումն ու առաքելությունը»։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պետության բարձրագույն ղեկավարության ու Հայ Առաքելական եկեղեցու չորս թեմակալ առաջնորդների մասնակցությամբ պատարագ մատուցեց Արմավիրի թեմի քահանան: Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել և զեղչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները։
Մանրամասները՝ տեսանյութում: