copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 21:00 28-08-2024

Չի բացառվում, որ Արմեն Աշոտյանը ազատ կարձակվի, սակայն դա Մակրոնի այցի հետ կապ չունի․ փաստաբան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը և վերջինիս կալանքի ժամկետը 1 ամսով կրճատել՝ մինչև սեպտեմբերի 15-ը։ Դատարանի որոշումից հետո քաղաքական և փորձագիտական դաշտում կարծիքներ հնչեցին, որ իշխանություններն Արմեն Աշոտյանին ավելի քան 1 տարի կալանքի տակ պահելուց հետո որոշել են նրան սեպտեմբերի 15-ին ազատ արձակել, ինչը կապված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի հետ։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր 2023 թվականի հուլիսի 16-ին։ Հուլիսի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս 3 ամսով երկարաձգել էր ՀՀԿ փոխնախագահի կալանքը` մերժելով պաշտպանների՝ տնային կալանքի, 40 մլն դրամի և երաշխավորությունների առաջարկը։ Աշոտյանի համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Աշոտյանը և իր փաստաբանական թիմը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ օրվա իշխանությունները ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ եթե այս գործին, որն առաջին հերթին քաղաքական բնույթ ունի, ապա Արմեն Աշոտյանին ավելի քան 1 տարի նախնական կալանքի տակ պահելուց հետո շատ դժվար է այն շարունակելը։ «Ասել, որ մենք բավարարված ենք այս որոշմամբ ճիշտ չի լինի, մեր պահանջն Աշոտյանի կալանքը մեկ ամիս ժամկետով կրճատելը չէր։ Մեր պահանջը խափանման միջոցը փոխելն էր՝ բանտային կալանքը վերացնելը»,- ասաց նա։

Փաստաբանը տրամաբանական չի համարում այն փաստարկները, որ Աշոտյանի կալանքի ժամկետը 1 ամսով կրճատելու որոշումը, իսկ հետագայում նրա ազատ արձակվելու հնարավորությունը կապված է Ֆրանսիայի նախագահի այցի հետ։ Ըստ Մելիքյանի՝ քաղաքական հետապնդումների տրամաբանությունը ներքաղաքական տիրույթում է․

«Սակայն այնուհանդերձ որոշումը ստորագրում է դատավորը, և ես՝ զուտ իրավական տեսանկյունից, շատ դժվար եմ պատկերացնում, թե Վերաքննիչ դատարանի նշած հանգամանքների պարագայում ինչպես է հնարավոր Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգել՝ սեպտեմբերի 15-ից հետո, մանավանդ եթե մենք հասցնենք ավարտել առանցքային վկայի՝ Կարեն Ակոպյանի հարցաքննությունը, որն արդեն տարբեր՝ դատարանից չկախված պատճառներով, ձգվում է 2 ամսից ավել։ Դատարանը, վերադառնալով արձակուրդից, բավականին ինտենսիվ գրաֆիկով նիստեր է նշանակել․ մինչև սեպտեմբերի 15-ը մենք դեռ 5 նիստ ունենք։ Անկեղծ ասած ես հույս ունեմ, որ մենք կավարտենք առաջին վկայի հարցաքննությունը, միգուցե ևս 1-2 վկայի էլ հասցնենք, որից հետո դատարանը կանցնի խափանման միջոցի հարցի քննարկմանը»։

Մելիքյանը նկատում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասը ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ վերջում եզրակացություն է կատարվելու առ այն, որ Աշոտյանի բանտային կալանքն անհրաժեշտ է փոխարինել այլ խափանման միջոցով՝ օրինակ տնային կալանքով, սակայն զարմանալիորեն որոշում է կայացվել Աշոտյանի կալանքի ժամկետը 1 ամսով կրճատել։ «Ամեն դեպքում մեր բողոքը մասնակի բավարարվել է, գնահատենք այս հանգամանքը»,- ասաց փաստաբանը՝ համաձայնելով մեր դիտարկման հետ, որ Արմեն Աշոտյանը կարող է սեպտեմբերի 15-ին ազատ արձակվել, սակայն դա կապված չէ Ֆրանսիայի նախագահի այցի հետ։

Փաստաբանը շեշտում է՝ յուրաքանչյուր անգամ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելը ավելի բարդ է՝ առաջին հերթին իրավական տեսանկյունից։ «Հանդես գալով որպես Արմեն Աշոտյանի պաշտպան և գիտակցելով, որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ՝ ես պարտավոր եմ առաջին հերթին իրավական տրամաբանությունը ներկայացնել և կրկնեմ՝ այս տեսանյունից չեմ պատկերացնում, թե Վերաքննիչի վերջին որոշումից հետո ինչպես է հնարավոր Աշոտյանի կալանքը երկարաձգել, թեպետ այս գործում քաղաքական տրամաբանությունը դոմինանտ է»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին, թե հնարավո՞ր է Արմեն Աշոտյանի գործով ներկայիս իշխանություններ վրա նաև արտաքին ճնշումներ գործադրվեն՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ դա թաքուն գործընթաց չէ, հիշեցրեց, որ եղել են շատ կոնկրետ հայտարարություններ՝ տարբեր քաղաքական կառույցների, հատկապես Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից։

Ռուբեն Մելիքյանը հավելեց՝ Արմեն Աշոտյանի գործն այն աստիճանի ակնհայտ քաղաքական է, որ անկողմնակալ դիտորդների համար այդպիսի համոզմունքի գալն ամենևին դժվար չէ։

Դավիթ Գույումջյան