2 բնակարան, հողամաս, 26 մլն դրամ եկամուտ. Արայիկ Հարությունյանի և ծնողների ունեցվածքը
copy image url

2 բնակարան, հողամաս, 26 մլն դրամ եկամուտ. Արայիկ Հարությունյանի և ծնողների ունեցվածքը

Ներքին 8 ամիս առաջ - 22:30 09-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարագիրը։

Փաստացի 2018-ի իշխանափոխություն չի շրջանցել նաև Արայիկ Հարությունյանին, և ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի նախկին դասախոսը շեշտակի բարելավել է իր նյութական վիճակը։

Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Արայիկ Հարությունյանը նշանակվեց Կրթության և գիտության, իսկ վերակազմավորումից հետո Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար և պաշտոնավարեց մինչև 2020-ի նոյեմբերի 23-ը, պաշտոնանկ արվելուց 2 օր անց՝ նոյեմբերի 25-ին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդականի, իսկ 2021-ի հուլիսի 1-ին՝ նրա աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ու առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Հարությունյանը հայտարարագրել է 1 հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը նա գնել է 2022-ի օգոստոսի 10-ին։ Տարեվերջին այս հողամասը պահպանվել է։

Շարժական գույք՝ տրանսպորտային միջոցներ, Արայիկ Հարությունյանը չի հայտարարագրել։

Հարությունյանի հանձնած և վերադարձած փոխառությունների գումարը կազմել է 7․223․902 դրամ՝ Ջերմուկ գրուպ ՍՊԸ-ից։

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 6․734․879․5 դրամ, տարեվերջին՝ 10․411․843 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ տարեսկզբին նա հայտարարագրել է 150․000 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 100․000 դրամի։

Հարությունյանի տարեկան եկամուտները կազմել են 25․505․130 դրամ, որից 22․488․860 դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, իսկ 3․016․270 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27․013․063 դրամ։

Հարությունյանն իր տարեկան եկամուտներից 3․696․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Արայիկ Հարությունյանը ամուսնացած չէ, նա բնակվում է իր ծնողների՝ Էդուարդ Հարությունյանի և Մարինե Աղաջանյանի հետ։

Արայիկ Հարությունյանի հայրը՝ Էդուարդ Հարությունյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը նա գնել է 2006 թվականի հունիսի 8-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Վերջինս շարժական գույք, ավանդներ և հանձնված փոխառություններ չի հայտարարագրել։

Էդուարդ Հարությունյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 259 դրամ, տարեվերջին՝ 7231 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ նա տարեսկզբին հայտարարագրել է 80.000 դրամ, տարեվերջին՝ 40.000 դրամ։

Արայիկ Հարությունյանի հայրը՝ Էդուարդ Հարությունյանի տարեկան եկամուտը կազմել է 743.039 դրամ, որը վերջինիս կենսաթոշակն է։

Հարությունյանի մայրը՝ Մարինե Աղաջանյանը, հայտարարագրել է 2 անշարժ գույք, որոնցից մեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանն է և այս բնակարանին նա իր ամուսնու հետ տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Մյուս բնակարանին, որը գնվել է 2002 թվականի դեկտեմբերի 25-ին, վերջինս տիրապետում է միանձնյա սեփականությամբ, այն նույնպես գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Երկու բնակարաններն էլ տարեվերջին պահպանվել են։

Մարինե Աղաջանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 758 դրամ, որը տարեվերջին աճել է՝ հասնելով 9404 դրամի։ Որպես կանխիկ դրամ՝ նա տարեսկզբին հայտարարագրել է 30.000 դրամ, տարեվերջին՝ 25.000 դրամ։

Արայիկ Հարությունյանի մոր տարեկան եկամուտը կազմել է 469.336, որը վերջինիս կենսաթոշակն է։









Ամենից շատ դիտված