Ոչ ոք Հայաստանում սուտ խոսելու համար չի պատժվում։ Նույնիսկ չեն հանդիմանում հրապարակավ ստող պաշտոնյաներին, երբ նրանց սուտը մերկացվում է։ Սուտն առավել քայքայիչ ազդեցություն է ունենում ժողովրդի հոգեբանության վրա, երբ ստում է լրագրողը, որի մասնագիտական առաքելությունը հանրությանը ճշմարտությունն ասելն է։ Այստեղ հասարակությունը կարող է հուսահատվել, քանի որ հույս ուներ, որ համատարած կեղծիքի միջավայրում լրագրողը կմնա իր առաքելության մեջ և ճշմարտության լույսը վառ կպահի։ Իսկ հասարակության հուսահատությունը, ինչպես հայտնի է պատմությունից, կարող է պետության կործանման պատճառ դառնալ։ Այս տեսանկյունից լրագրողի սուտ խոսելը ազգային անվտանգային խնդիր է առաջացնում։
Օլիմպիական խաղերին ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի ելույթներին շունչները պահած սպասում էին բազմաթիվ հայ մարդիկ, հայկական դրոշի ներքո հաղթանակի բերկրանքը վայելելու ակնկալիքով։ Մարզական մեկնաբանները նախապես տեղեկացնում էին, նրանց մրցելույթների ժամերի մասին։ Եվ ահա օգոստոսի 6-ին, երբ բոլորը սևեռված սպասում էին մեր ըմբիշների մրցելույթներին, Հանրային հեռուստաընկերությունը, որն այս տարի հեռարձակում է Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերը, ուղիղ եթերով չցուցադրեց ըմբշամարտի հայ ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերը։
Oragir.News-ը նկատել էր, որ համացանցում օգտատերերը վրդովված քննադատում էին իշխանություններին և Հ1-ին, որ հարկատուների միջոցներից վարձատրվող Հ1-ը հենց այն ժամանակ, երբ մրցագորգ էին դուրս եկել Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը, այլազգի կանանց գոտեմարտեր էր ցուցադրում։ Մարդիկ արդարացիորեն հանդիմանում էին հեռարձակման կազմակերպիչներին՝ պրոֆեսիոնալիզմի բացակայության, անհետևողականության, հայկական հետաքրքրություններն արհամարհելու մեջ։ Ոմանք նույնիսկ թշնամական հետք էին փնտրում, քանի որ մարզական հաղթանակները կարող էին ոգևորել վերջին շրջանում ռազմական պարտություններ տեսած ժողովրդին։
Հայկական մարզիկների ելույթները մարդիկ ստիպված էին դիտել այլ եղանակներով։ Եվ այս փնտրտուքների մեջ պարզվեց, որ վրացական հեռուստաալիքներից մեկը ցուցադրում է հայ ըմբիշների ելույթները։ Այս մասին գրել է
Factor.am-ը ։ Նկատենք, որ մեր երկու ըմբիշներն էլ հաղթանակով պսակեցին իրենց 1/8-րդ ելույթները, որոնք Հ1-ով չեն ցուցադրվել։
Այս իրավիճակում սպասվում էր, որ հեռարձակման պատասխանատուները պետք է ներողություն խնդրեին ժողովրդից, որ իրենց անպատասխանատվության, անհետևողականության և հայկական հետաքրքրություններն անտեսելու պատճառով չեն ցուցադրվել հայ ըմբիշների հաղթական մրցելույթները։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ Հ1-ի լրագրող Պետրոս Ղազարյանը փորձեց արդարացնել կազմակերպիչներին և վիրավորել քննադատողներին, ասելով՝ «Հանրայինը ըմբշամարտի 1/8-ը չի հեռարձակել այն պարզ պատճառով, որ հեռարձակողը դրանք չի հեռարձակել։ Ըմբշամարտի կիսաեզրափակիչն ու եզրափակիչն են միայն հեռարձակելու։ Բայց դա չխանգարեց, որ որոշ վերլուծաբաններ տխմարագրության օլիմպիական բարձունքներ գրավեն»։

Քանի որ բազմաթիվ մարդիկ կարողացել են այլ եղանակներով դիտել այդ ելույթները, ապա կարելի է ասել, որ Պետրոս Ղազարյանի, Հ1-ի պատասխանատուների և մեկնաբանների ներկայացրած արդարացումները մեր ըմբիշների մրցելույթները չցուցադրելու վերաբերյալ սուտ են և արհամարհական վերբերմունք ժողովրդի նկատմամբ։
Ճշմարտությունն այն է, որ ՔՊ-ական իշխանությունը կարող էր նախապես հաշվի առնել հայկական հետաքրքրություններն ու սպասումները, բարեկամ Ֆրանսիային վճարել հավելյալ գումար և ապահովել ոչ միայն հիմնական հեռուստաազդանշանի վերահեռարձակումն, այլև հայ մարզիկների մրցելույթների հեռարձակումը զուգահեռ գորգերում։ Բայց նա այսպես չի արել, քանի որ արհամարհում է հայ մարզասերների սպասումներն ու հայկական մարզական հաղթանակները։ Այս անպատասխանատու մոտեցումն ավելի է խորացնում ժողովրդի անվտահությունը ՔՊ-ական իշխանությունների հանդեպ և ստեղծում տպավորություն, թե իշխանությունները ժողովրդի սպասումների վրա թքած ունեն։ Այսպիսի մթնոլորտը վտանգավոր է։
Իսկ առավել վտանգավոր է Հ1-ի լրագրողի սուտը, քանի որ այն հուսահատեցնում է ժողովրդին, որը լրագրողից ճշմարիտ խոսք և հասարակության հանդեպ հարգանք է ակնկալում։
Կարճ ասած՝ եթե Հ1-ի ղեկավարությունն ու ՔՊ-ական պատասխանատուները չեն գործում պետության և ժողովրդի դեմ, ապա կարող են ներողություն խնդրել ժողովրդից, որ իրենց անպատասխանատվության, անուշադրության, անհետևողականության պատճառով հայ ըմբիշների ելույթները չեն ցուցադրվել Հ1-ով։ Դրանից զատ լրագրողները, հատկապես վաստակավորները, պետք է չստեն ու չվիրավորեն ժողովրդին, չապակողմնորոշեն ու չայլասերեն հասարակությունը, ատելություն ու մաղձ չտարածեն, չստեղծեն հավելյալ անվտանգային սպառնալիքներ, այլ սկզբունքորեն մնան ճշմարտության և ազգային հետաքրքրությունների պաշտպանության դիրքերում։
Թաթուլ Մկրտչյան