Մերձավոր Արևելքում իրավիճակը ծայրաստիճան սրվել է։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են լայնածավալ ռազմական բախումներ Իսրայելի և Լիբանանի միջև։ Իրանը նույնպես հայտարարել է Իսրայելին հարվածելու մտադրության մասին։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իրենց քաղաքացիներին հորդորել են չայցելել Լիբանան։ Ավելին՝ արևմտյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով անանուն պաշտոնյաների, նշել են ռազմական հարվածների կոնկրետ օրեր։ Մասնավորապես՝ օգոստոսի 4-ին ամերիկյան Axios պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների երեք աղբյուրներ, գրել է, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին արդեն օգոստոսի 5-ին։ Իսկ Sky News Arabia-ի տվյալների համաձայն՝ Իրանը հարվածներ է նախապատրաստում Իսրայելին օգոստոսի 13-ի գիշերը, երբ Իսրայելը նշում է հրեա ժողովրդի սգո օրը։
Թվում է, թե տարածաշրջանային պատերազմն անխուսափելի է։ Դրան պատրաստվում են թե՛ Իրանն ու Լիբանանը, թե՛ Իսրայելն ու նրա դաշնակիցները։ Այսպիսի ռազմական բախումն անմասն չի թողնելու ոչ ոքի։ Հայկական որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, թե այդպիսի ռազմական բախումների հետևանքով ստեղծվող միջազգային լարվածությունից կարող են օգտվել մեր թշնամիներն ու հարձակվել Հայաստանի վրա։ Այս կանխատեսումը հեռու չէ իրականությունից, քանի որ մեր թշնամիները տևական ժամանակ սպասում են հարմար առիթի Հայաստանից արտատարածքային միջանցք զավթելու ծրագիրն իրականացնելու համար։
Այստեղ, սակայն, որոշիչ է Ռուսաստանի դիրքորոշումը, քանի որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուներից մեկը Ռուսաստանն է։ Դրանով նա փորձելու է խափանել միջազգային Հարավ-հյուսիս ծրագիրը, շրջափակված Հայաստանը պահել ռուսական ազդեցության գոտում։ Դրանից զատ՝ այս միջանցքը կարող է կյանքի ճանապարհ դառնալ միջազգային խստացվող պատժամիջոցների տակ ճնշված Ռուսաստանի համար։
Նշենք նաև, որ մերձավորարևելյան իրավիճակը անցյալ տարի հոկտեմբերի 7-ին սրվեց կրկին ռուսական սադրանքի հետևանքով։ Այսինքն՝ Իսրայելին հարվածներ հասցնող ուժերի հետևում կանգնած է ոչ միայն Իրանը, այլև Մոսկվան։ Վերջինս ջանք է գործադրում, որ այստեղ իրավիճակը սրված մնա, քանի որ այդպիսի լարվածությունը մի կողմից կարող է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ուկրաինա-ռուսական պատերազմից, մյուս կողմից հնարավորություն կարող է տալ ռուսներին ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ և ձեռք բերել պայմանավորվածություններ ոչ միայն այս կոնֆլիկտը հարթելու, այլև ուկրաինական պատերազմում կապիտուլյացիա ստորագրելուց խուսափելու հարցում։
Այս առումով՝ օգոստոսի 4-ին տեղի է ունեցել ուշագրավ մի զրույց, որը շատերի աչքից վրիպել է։ ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարներ Օսթինն ու Բելաուսովը հեռախոսազրույց են ունեցել և մի շարք հարեցրի շուրջ հասել փոխըմբռնման։ ՌԴ փոխարտգործնախախարի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցն «ազդեցություն է ունեցել»։ Այստեղից ենթադրելի է, որ մերձավորարևելյան հավանական պատերազմը լոկալացվելու է, իսկ Վաշինգտոնն ու Մոսկվան յուղ չեն լցնելու կրակին, չեն ներգրավվելու կոնֆլիկտի մեջ, անելու են հնարավորը, որպեսզի այն արագ հանդարտվի։
Այս հանդիպումը լավատեսություն է ներշնչում, որ եթե նույնիսկ Իսրայելն ու Լիբանանը միմյանց հարվածներ հասցնեն առաջիկա օրերին, ապա դրանք չեն ծավալվի, ու պատերազմի կրակը չի հասնի Հայաստան։ Չի բացառվում, որ այդ հարվածներից անմիջապես հետո խաղաղության բանակացություններ սկսվեն Իսրայելի և հարևան երկրների միջև, որտեղ Մոսկվան կառուցողական ներգրավվածություն կունենա ի շահ Արևմուտքի։ Այսինքն՝ Մոսկվան վերջնականապես կհրաժարվի մերձավորարևելյան տարածաշրջանում իր հավակնություններից։ Դրա դիմաց հնարավոր է համարվում, որ աշնանը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններ կսկսվեն։ Իսկ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի ու կբացվի միջազգային Հարավ-հյուսիս ճանապարհը։
Պարզ ասած՝ օգոստոսը թեժ է լինելու և վճռական։ Եթե գերտերություններին հաջողվի կառավարել ռիսկերը, ապա պատերազմը չի տարածվի, և հնարավորություն կբացվի կարգավորել ոչ միայն մերձավորարևելյան կոնֆլիկտները, այլև նպաստավոր պայմաններ ստեղծել մյուս հակամարտությունները լուծելու և խաղաղության դարաշրջան բացելու համար։ Իսկ եթե ռուսները չհրաժարվեն տարածաշրջանային և համաշխարհային հավակնություններից, ապա մերձավորարևելյան բախումները կարող են վերաճել համաշխարհային պատերազմի, ներառելով նաև Հայաստանը, որը Նիկոլ Փաշինյանի վարած անպատասխանատու քաղաքականության պատճառով դեռ խոցելի է։
Թաթուլ Մկրտչյան