Արտաքին 2 տարի առաջ - 17:53 04-08-2024

Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ հրաժարվել

Կիպրոսի Հանրապետության նախագահը դրական է արձագանքել եռակողմ հանդիպման վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկին, իսկ կղզու թուրքերի ղեկավարը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում դրա համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Kibris թերթը, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը՝ ի պատասխան եռակողմ հանդիպման հարցի, պնդել է, որ չի կարող խոսք լինել Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսման մասին՝ առանց թուրքական կողմի ինքնիշխան իրավահավասարության և հավասար միջազգային կարգավիճակի ամրագրման։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի կողմից եռակողմ հանդիպման հրավեր չի եղել։ Մենք ներկա պայմաններում եռակողմ հանդիպման կողմնակից չենք: Նման հանդիպման պատճառ չկա։ Մեր դիրքորոշումը, թե ինչ պայմաններով կարող են սկսվել բանակցությունները, հստակ է. բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ մեր ինքնիշխան իրավահավասարությունն ու հավասար միջազգային կարգավիճակը չեն գրանցվել»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն էլ հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը օգոստոսի 13-ին իրեն հրավիրել է եռակողմ հանդիպման նախագահ Էրսին Թաթարի հետ և ինքն ընդունել է այն, հայտնում է Cyprus-mail-ը։
Կիպրոսի նախագահը հույս է հայտնել, որ թուրքական կողմից նույնպես դրական արձագանք կլինի հանդիպման առաջարկին, որը կբերի դրական արդյունքների, այդ թվում՝ Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման:

Խրիստոդուլիդեսի խոսքով՝ կղզում առկա ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, քանի որ իր հիմնական մտահոգությունը օկուպացիայի ավարտն է, երկրի ազատագրումն ու վերամիավորումը:
Ըստ Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ մեծ աշխատանք է տարվում իրենց կողմից ճեղքելու այն փակուղին, որում հայտնվել է Կիպրոսի խնդրի կարգավորումը 2017 թվականին Կրան-Մոնտանայում բանակցային գործընթացի խաթարումից հետո:

Կիպրոսը երկու մասերի բաժանվել է 1974 թվականին Թուրքիայի զինված ներխուժումից հետո: Ռազմական գործողությունների արդյունքում Կիպրոսի տարածքի մի մասն անցավ Թուրքիայի վերահսկողության տակ, որի վրա ձևավորվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։
Կղզու հարավային մասը՝ բնակեցված հիմնականում հույն ազգաբնակչությամբ, մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։

Հուլիսի 20-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի առթիվ՝ իր զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Կիպրոսի Հանրապետությանը՝ հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում:
«Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,- ասված էր դեսպանության հաղոդրագորության մեջ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի