Ուղիղ եթեր
Փաշինյանի երկակի խաղի արդյունքում ճանապարհների հարցը ձգձգվում է
copy image url

Փաշինյանի երկակի խաղի արդյունքում ճանապարհների հարցը ձգձգվում է

Միտք Ներքին 9 ամիս առաջ - 14:45 31-07-2024
Հայ-թուրքական սահմանին բանագնացների հանդիպման և Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած բարձր մակարդակով այցի ժամանակ քննարկվող հարցերից մեկը ճանապարհների բացմանն էր վերաբերվում։ Սակայն այստեղ կան բախվող շահեր։ Թուրքիային հետաքրքրում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որն ըստ ռուս-թուրք-ադրբեջանական պատկերացումների պետք է արտատարածքային լինի։ Այսինքն՝ այն իրենք են ուզում վերահսկել, դրանից բխող անվտանգային և տնտեսական հետաքրքրություններով։ Իսկ Իրանն այդ նախագծին դեմ է ոչ միայն այն պատճառով, որ այն շրջանցում է Իրանը, այլև իր համար ստեղծում է անվտանգային ռիսկեր։

Իրանի համար հետաքրքիր է Հարավ-հյուսիս նախագիծը, որը քաղաքակրթական, գլոբալ նախագիծ է։ Դրա վերաբերյալ որոշում է ընդունվել 2023-ի G20 գագաթաժողովում։ Այս նախագծով հետաքրքրված են ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհը սկսվելու է Հնդկաստանից, անցնելու է Իրանով, Հայաստանով, Վրաստանով և Թուրքիայով դուրս է գալու Եվրոպա։ Այն պայմանականորեն անվանում են հնդեվրոպական-քաղաքակրթական նախագիծ։

Դրան հակադրվում է մեկ այլ նախագիծ։ Այս ճանապարհը սկսվելու է Չինաստանից անցնելու է ասիական մի շարք երկրներով, Ռուսաստանով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով դուրս է գալու Եվրոպա։ Այս նախագիծն այնքան էլ չի հետաքրքրում ԱՄՆ-ին և ԵՄ-ին, քանի որ դրա հիմնական շահառուները Չինաստանն ու Ռուսաստանն են։ Վերջիններս հակաքաղաքակրթական հավակնություններ ունեն, ձգտում են մեծացնել իրենց համաշխարհային ազդեցությունը։ Եվ այս ճանապարհը կարող է նպաստել դրան։ Սա նկատի ունենալով, ռուս-չինական նախագիծն էությամբ հակաքաղաքակրթական է։

Այս ճանապարհային հակամարտության արանքում է հայտնվել Հայաստանը։ Ռուսներն ու չինացիները ՀՀ-ին առաջարկում են հրաժարվել Հարավ-հյուսիս նախագծից, խոստանում, որ Հայաստանն էլ կներգրավեն իրենց նախագծում։ Այսինքն՝ ճանապարհը Ադրբեջանից կմտնի Հայաստան հետո կշարունակի Վրաստանով։ Հնդեվրոպական ճանապարհի ջատագովները հորդորում են հրաժարվել ռուս-չինական նախագծից, քանի որ այն կարող է անվտանգային ռիսկեր առաջացնել ոչ միայն իրենց, այլև հենց Հայաստանի համար։

Երկու քարի արանքում հայտնված Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում Խաղաղության խաչմերուկի գաղափարը, ակնարկելով, որ պատրաստ է բավարարել բոլորի հետաքրքրությունները, կանաչ լույս վառել և՛ չին-ռուսական, և՛ հնդեվրոպական-քաղաքակարթական ճանապարհների համար։ Ռուս-թուրքական տանդեմը մտավախություն ունի, որ հնդեվրոպական ճանապարհի գործարկման դեպքում ՀՀ տնտեսությունը կարող է շահել, ՀՀ-ն կարող է ամրացնել իր անվտանգությունն ու ազատվել ռուսական քաղաքական-տնտեսական ազդեցությունից։ Իսկ հնդեվրոպական ճանապարհի ջատագովները կասկածում են, որ ռուսական ազդեցության տակ մնացող ՀՀ-ն ռուս-չինական գործընկերների դրդմամբ կարող է հակաքաղաքակրթական դիրք ընդունել ու փակել հնդեվրոպական ճանապարհը։ Ի դեպ՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» նախապես հենց այդ նպատակն էր հետապնդում։ Այս է պատճառը, որ այդ միջանցքին դեմ են ոչ միայն Իրանն, այլև Արևմուտքը։

Այս իրավիճակում կա երկու ելք։

Առաջինը՝ Իրանն ու Արևմուտքը կարող են ռուս-չինական կողմի հետ փոխզիջման հասնել ճանապարհի հարցում։ Այս տարբերակը հնարավոր է ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտից հետո։ Եթե այն ավարտվի այս տարվա վերջում, ապա խաղաղության խաչմերուկի բացման հույս կծագի։ Սկզբում կբացվի հնդեվրոպական ճանապարհը, իսկ որոշ ժամանակ անց նաև ռուս-չինականը։

Երկորդ տարբերակը սևեռվում է Հայաստանի վրա։ Եթե ուկրաինա-ռուսական պատերազմը ձգվի, ապա ՀՀ-ում իշխանափոխության հարցը կդառնա օրակարգային։ ՀՀ-ում կստեղծվի ներքաղաքական ճգնաժամ և արտահերթ ընտրություններ կնշանակվեն։ Եթե եվրասկեպտիկները շահեն ընտրություններն, ապա ռուս-չինական նախագիծը ամիսների ընթացքում կբացվի։ Այսպիսի զարգացումը ձեռնտու չէ Իրանին և Արևմուտքին։ Իսկ Հնդկաստանն ընդհանրապես խաղից դուրս կմնա։ Եթե իշխանության գան հնդեվրոպական նախագծի ջատագովները, ապա կիրականանա G20-ի որոշումն ու ՀՀ-ն կստանա զարգանալու և իր անվտանգությունն ապահովելու իրական հնարավորություն։ Իսկ ռուսական ազդեցությունը ՀՀ-ում կձգտի զրոյի։ Ակնհայտ է, որ այսպիսի շահերի բախման պարագայում ՀՀ-ում արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական լուրջ լարվածության պատճառ դառնալ։ Դրականն այն, որ ընտրությունների ցանկացած ելքի պարագայում Նիկոլ Փաշինյանը զրկվելու է իշխանությունից։

Իշխանությունից զրկվելու հեռանկարից վախեցող և ռուսներին ու Արևմուտքին տված խոստումների արանքում խճճված Նիկոլ Փաշինյանն այժմ խաղում է երկու լարի վրա։ Մի կողմից ներկայանում է որպես ռուսամետ և պաշտպանում հայ-ռուսական օրակարգը, մյուս կողմից խորացնում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ երկխոսությունը։ Արտաքուստ գործակցում է արևմտամետ ուժերի հետ, իսկ տակից աջակցում ռուսամետ ուժերին։ Փաշինյանի այսպիսի երկակի խաղի արդյունքում ճանապարհների հարցը ձգձգվում է։

Պարզ ասած՝ ինչքան էլ գովազդեն Մարգարայի կամուրջը, ջերմացնեն Իրանի հետ հարաբերությունները, Հնդկաստանից մեծ քանակությամբ զենք գնեն և Հարավ-հյուսիսի հատվածներ նորոգեն, միջազգային ճանապարհներն առաջիկայում չեն բացվելու։ Դրանից տնտեսապես տուժելու է ժողովուրդը։ Իսկ անվտանգային կանխատեսվող սպառնալիքները մնալու են նույն թեժ վիճակում։

Թաթուլ Մկրտչյան