ՔՊ-ն արդեն սկսել է նախընտրական մարզային քարոզարշավը։ Հուլիսի 26-ին Փաշինյանի՝ հսկայական վիշապի նմանվող ավտոշարասյունը սլանում էր Արմավիրի մարզի փողոցներով, մարզային քարոզարշավի տպավորություն ստեղծելով, կարծես՝ կարևորը միայն իշխանության մնալն է, մյուս բոլոր հարցերն ածանցյալ են։ Իրականում պետությունը կանգնած է ոչ միայն անվտանգային ու պաշտպանական, այլև տնտեսական լուրջ մարտահրավերներին առաջ։
Օրեր առաջ ՀՀ-ն հերթական անգամ 100 մլն դոլար վարկ վերցրեց ռուս-ղազախական Եվրասիական զարգացման բանկից։ Պետական պարտքը կազմում է մոտ 12 մլրդ 157 մլն դոլար, իսկ բյուջեի պակասուրդը տարեվերջին կկազմի մոտ 483 միլիարդ դոլար։ Կանխատեսելի է, որ պետությունը լուրջ ռիսկերի է բախվելու առաջիկայում, տնտեսությունը ճգնաժամի մեջ է հայտնվելու, որից մեծապես տուժելու է ժողովուրդը։
Ենթադրելի է, որ այս նախաճգնաժամային իրավիճակում իշխանությունները պետք է լուրջ քայլեր նախաձեռնեն ռիսկերի կառավարման ուղղությամբ, դիվերսիֆիկացնեն տնտեսությունը, արտաքին մեծ ներդրումներ ներգրավեն և ապահովեն դրանց պաշտպանությունը, տնտեսական ազատություններն ընդլայնեն և այլն։ Այնինչ՝ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանն անում է բոլորովին այլ բան։ Ինչու՞ է նա ոչ համարժեք արձագանքում լուրջ մարտահրավերներին։
Այս ամենի ֆոնին հայկական բանկերն էապես իջեցրել են սպառողական վարկերի ծավալները։ Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վարկային մաքուր պատմություն ունեն, հայտնում են, որ իրենց վարկունակության գնահատականն (սքորի միավոր) նվազել է, և բանկերն իրենց առաջարկում են համեմատաբար քիչ սպառողական վարկ։ Ակամա կասկած է առաջանում, որ երկրում փող չկա, կամ երկրի փողերը հողում են այլ երկրների կարիքների համար։ Հարց է առաջանում՝ դատարկ «ջեբով» ու՞ր կարող է գնալ Հայաստանը։ Եվ ո՞վ կարող օգտվել Հայաստանի այս խոցելի իրավիճակից
Նախ վրդովվեցնող է այն, որ ՀՀ-ն վարկ վերցնում ԵԱԶԲ-ից, որի 65,97% բաժնեմասը պատկանում է Ռուսաստանին։ Այսպիսով՝ ՀՀ-ն պարտավորվում է պարբերաբար մեծ տոկոսներ վճարել Մոսկվային։ Այսպիսի անպատասխանատու մարտավարությամբ՝ ՔՊ-ական իշխանությունն ակնհայտ սպասարկում է ռուսական շահերը։ Եվ կա լուրջ վտանգ, որ կարող է կրկնվել «գույք պարտքի դիմաց» սցենարը, սակայն այս դեպքում գույքը կարող է լինել ոչ թե մի քանի ձեռնարկություն, այլ պետությունը։
Կա նաև հանային հուզումների իրական վտանգ։ Գյուղմթերքի արտադրությամբ ու առևտրով զբաղվողները լուրջ խնդրի են բախվել, քանի որ Ռուսաստանը փակել է հայկական գյուղմթերքի ճանապարհը։ Դրա արդյունքում գյուղատնտեսության մեջ ներգրավված հարյուր հազարավոր մարդիկ կարող է տուժեն, ամբողջացնելով տնտեսական ճգնաժամի պատկերը։ Շատ կտուժեն Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչները, որոնց մեծ ծավալի գյուղմթերք են արտադրում, որի սպառման շուկան դեռևս մնում է Ռուսաստանը։
Թերևս սա է պատճառը, որ Փաշինյանի քարոզարշավի ուղղությունն ընտրվել էր Արմավիրի մարզը։ Այն ցուցադրական էր։ Առաջին հայացքից՝ նպատակ էր հետապնդում ցույց տալ, թե տնտեսական ինչ ենթակառուցվածքներ և զարգացման պոտենցիալ կա մարզում։ Իրականում մարզային այցելության նպատակը տեղերում ՔՊ-ական օղակների ամրությունը ստուգելն էր, քանի որ երբ ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում է տուժել և դուրս գա բողոքի զանգվածային ցույցերի, այդ ժամանակ ՔՊ-ական ակտիվը պետք է փորձի ճնշել ժողովրդին, ասելով, որ տնտեսական ճգնաժամի պատճառը նախկիններն են։ Այս ուղղությամբ արդեն ակնարկներ կան։ Առաջիկայում ևս մի քանի աղմկահարույց քրեական գործեր կհարուցվեն նախկինների դեմ, ժողովրդի ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու և ամեն ինչում սևերին մեղադրելու ֆոն ստեղծելու համար։
Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ պետության և ժողովրդի իրական խնդիրներն իրեն չեն հետաքրքրում։ Կարևորը մարդկանց մանիուլյացիայի ենթարկելով, իշխանությունը պահելն է և՝ ռուսական հետաքրքրությունները պարտաճանաչ պաշտպանելը։
Թաթուլ Մկրտչյան