Սահմանադրական դատարանը նախօրեին մասամբ բավարարել էր Վճռաբեկ դատարանի դիմումը, որով «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքները կարող են վերաորակվել։
Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։
ՍԴ-ն որոշել է, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը նշեց, որ համամիտ չէ Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման հետ։ Նրա խոսքով՝ դեռ շուտ է ասել՝ գործը կվերաբացվի՞, թե՞ ոչ, քանի որ Վճռաբեկ դատարանն էլ պետք է որոշում կայացնի, որտեղ էլ գտնվում է այս գործը։
Հայկ Ալումյանը համոզմունք հայնտեց՝ որքան մարտի 1-ի գործը շատ քննվի, այնքան հասարակությունն ավելի է համոզվելու, զոհերի մեղավորը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէ։
«Մարտի 1-ը գործը որքան շատ քննվի, այնքան հասարակությունն ավելի է համոզվելու, որ մարտի 1-ի գործով ցույցերը խաղաղ չեն եղել, ցուցարարների մեջ եղել են մարդիկ, ովքեր զանգվածային անկարգություններ են հրահրել, ցույցերի կազմակերպիչները նպատակ են ունեցել, որ այս ամեն ինչը տեղի ունենա հենց այնպես, ինչպես որ տեղի է ունեցել, ու շատ ու շատ այլ բաներ են պարզվելու։ Հիմա էլ մեր հասարակությունը գնալով հասկանում է, որ մարտի 1-ի զոհերի մեղավորը Ռոբերտ Քոչարյանը չէ, բայց ավելի ու ավելի դրանում կհամոզվի։ Այնպես որ՝ ես շատ լավատեսորեն եմ տրամադրված այն դեպքին, եթե գործի քննությունը կվերսկսի»,- ասաց նա։
Փաստաբանն ուշադրություն է հրավիրում նաև այն բանին, որ պաշտոնական լրատվամիջոցներով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին բավականին մանրամասն խոսվեց, սակայն իրենք պարզել են, որ ՍԴ-ի պաշտոնական կայքում այդ պահին որոշումը դեռևս տեղադրված չէր․ «Այս իրավիճակում հարց է առաջանում, թե պաշտոնական լրատվամիջոցների իրազեկման աղբյուրը որն է, միգուցե խորհրդակցական սենյակից ուղիղ իրազեկվում են, ես չգիտեմ»։
Անդրադառնալով օրերս ԲԴԽ-ի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները կասեցնելու որոշմանը՝ փաստաբանը շեշտեց, որ եթե Դանիբեկյանը պետք է պատժվեր, ապա առաջին հերթին դա պետք է լիներ նրա համար, որ վերջինս հակասահմանադրական հոդվածով շատ երկար ժամանակ կալանքի տակ է պահել Ռոբերտ Քոչարյանին, սակայն դա տեղի չունեցավ։
«Ուշադրություն դարձրեք նաև այն բանին, որ մարտի 1-ի գործով 1000-ից ավել անձինք էին դատակոչված՝ վկայի և տուժողի կարգավիճակով։ Այս անձանց ցանկը կազմող քննիչը, այն հաստատող դատախոսը և բոլոր այն անձինք, ովքեր դրա պատվերը տվել են, դա արել են՝ հաստատապես հասկանալով, որ 1000 հոգու դատարանում հարցաքննելը նշանակում է, որ այդ գործը պետք է ավելի քան 10 տարի քննվի, իսկ ավելի կարճ ժամկետում դա հնարավոր չէ անել։
Այսինքն՝ երբ քննիչը մեղադրական եզրակացությունը կազմել է, իսկ դատախազը հաստատել է այն, երբ դատախազին իշխանական ատյաններից ասել են՝ հաստատի, այդ մարդիկ նպատակ են ունեցել, որ այս գործը 10 տարուց շուտ չվերջանա, իսկ հիմա Աննա Դանիբեկյանին են մեղադրում, որ քննություն ձգվել է 4 տարի»,- ասաց նա՝ վերահաստատելով՝ Աննա Դանիբեկյանը շատ բաների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն ոչ այս դրվագի։
Փաստաբանը հավելեց նաև, որ Աննա Դանիբեկյանը 8 տարի շարունակ մի գործ էր քննում, որով 4 հոգի 8 տարի կալանքի տակ են, սակայն այս գործի վերաբերյալ ո՛չ վարույթ հարուցվեց, ո՛չ էլ Դանիբեկյանին պատասխանատվության ենթարկեցին։
Դավիթ Գույումջյան