Աշխարհը արագ է արձագանքում միջազգային անվտանգությանն ու աշխարհաքաղաքական հետաքրքրություններին առնչվող թեմաներին։ Բայդենի հրաժարականից և Թրամփի ենթադրյալ հաղթանակով ուրախացած Ռուսաստանն ու նրա դաշնակիցները արդեն պատկերացնում են, որ կարող են իրագործել իրենց ագրեսիվ ծրագրերը։ Նոր ագրեսիան հետ մղելու համար ՀՀ-ին իսկական դաշնակիցներ են պետք։ Եվ ճիշտ ժամանակին ԵՄ-ն 10 մլն եվրո հատկացրեց Հայաստանի Զինված ուժերին։ Ի՞նչ նշանակություն ունի այս հատկացումը։
Տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։ ՀՀ-ն ավելի մեծ օգնություններ է ստացել ԵՄ-ից, որոնց առանձնապես արձագանք չի եղել։ Սակայն այս որոշումը մեծ արձագանք գտավ։ ՀՀ մի շարք պաշտոնյաներ շնորհակալության ու երախտիքի խոսք ասացին։ Փոթորիկ բարձրացավ թշնամիների ճամբարում։ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից հատկացված 10 միլիոն եվրոն վրդովմունք առաջացրեց Ադրբեջանում։ «Սա շատ սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է տարածաշրջանում լարվածության սրմանը։ Եվրամիության նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ ու հանդիսանում են տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Որոշ ժամանակ Հունգարիան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի խնդրանքով վետո էր կիրառում այս որոշման վրա։ Բայց հուլիսի 4-ին նա հանեց այս օգնության վրա դրված արգելանքը։ Եվ ինչպես նախատեսված էր, հուլիսի 22-ին այդ որոշումն ընդունվեց ԵՄ երկրների արտգործնախարարների նիստում։
Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե ԵՄ 10 մլն եվրոյի օգնությունը էական չի անդրադառնալու բանակի մարտունակության վրա։ Սա «Իսկանդեր» հրթիռային համակարգ չէ, որը 10 տոկոսով է կրակում, ոչ էլ Սու 30 կործանիչներ, որոնք ոչ մի թռիչք չարեցին պատերազմի շրջանում։ Սա ընդամենը մեկ գումարտակի համար դաշտային մոդուլային ճամբար ու ամբուլատորիա պատրաստելու համար է։
ԵՄ-ն այս հատկացումով ցույց է տալիս, որ աջակցելու է Հայաստանին, եթե Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձեն համատեղ ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ։ Ամենայն համանականությամբ՝ այս դաշտային մոդուլային ճամբարն ու ամբուլատորիան կստեղծվեն Սյունիքում, որպես ցույց, որ ԵՄ-ն կանգնում է ռուս-ադրբեջանական ագրեսիվ նկրտումների ճանապարհին։
Հայաստանի տարածքով Հնդկաստանից դեպի Եվրոպա անցնող և Ռուսաստանը շրջանցող Հարավ-Հյուսիս միջազգային ավտոճանապարհը ԵՄ-ի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունի, ինչի մասին արձանագրվել է 2023-ի G20-ի գագաթաժողովում։ Այս միջազգային ծրագրի իրականացմանը դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք առաջարկում են Ասիան Եվրոպային միացնող այլ ճանապարհային նախագիծ, այն անվանելով Հյուսիս-Հարավ։ Եվ միջազգային փորձագետներն ու ՀՀ ԱԳՆ-ն կանխատեսում են, որ այս նոյեմբերին ռուս-ադրբեջանական ուժերը Չինաստանի դրդմամբ փորձելու են հարձակվել Հայաստանի վրա այդ ճանապարհը կտրելու, և այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» բացելու համար։
ՀՀ-ում 10 մլն եվրոյով դաշտային մոդուլային ճամբար կառուցելով, ԵՄ-ն ցույց է տալիս, որ Հայաստանի հետ միասին պատրաստ է պաշտպանել այդ ճանապարհի անվտանգությունը, թույլ չի տալու, որպեսզի այն կտրվի։ Այսինքն՝ 10 մլն եվրո տրամադրող ԵՄ-ն այստեղ հետապնդում է իր շահերը։ Սակայն ակնհայտ է, որ այդ շահերն այսօր համընկնում են Հայաստանի շահերի հետ։ ՀՀ պաշտոնյաների արձագանքը ԵՄ այս որոշմանը ցույց է տալիս, որ ՀՀ-ն նույնպես այս նախագծի ջատագով է ոչ միայն տնտեսական հետաքրքրությոններից ելնելով, այլև իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Իսկ Ադրբեջանն ու նրա դաշնակիցները լրջորեն վախենում են, որ ՀՀ-ն ու նրա իսկական դաշնակիցներն այսքանով չեն բավարարվի ու կփորձեն Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհի անվտանգությունը ապահովելու համար ազատագրել ոչ միայն ՀՀ-ից զավթված հատվածներն, այլև Արցախը։
Կարճ ասած՝ ԵՄ 10 մլն եվոն ցուցադրական օգնություն է։ Եվ եթե 10 մլն եվրոն ծառայի նախանշված նպատակին, ապա ՀՀ դիմակայունությունը կբարձրանա, կստեղծվի պաշտպանական ամրություն ռուս-ադրբեջանական ենթադրյալ ագրեսիայի դեմ։ Իսկ եթե ՀՀ-ում նաև նոր իշխանություն ձևավորվի, ապա հնարավոր կլինի ՀՀ-ԵՄ գործակցությունը զարգացնել և հասնել իրական ու մեծ արդյունքների։
Թաթուլ Մկրտչյան