Արդեն հայտնել էինք, որ վաղաժամ և միանգամից դադարել են Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամների՝ Նիկոլայ Գևորգի Ղազարյանի, Հարություն Հմայակի Նիկողոսյանի, Երվանդ Սամվելի Խանամիրյանի, Աղասի Գրիգորի Մաթևոսյանի և Հասմիկ Ստեփանի Ստեփանյանի լիազորությունները: Ընդ որում՝ ՔՊ-ական արդեն նախկին 2 ավագանու անդամները՝ Աղասի Մաթևոսյանն ու Երվանդ Խանամիրյանը անցնում են քրեական գործերով։ Մաթևոսյանը ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու, պարեկների հետ ծեծկռտուքի համար, իսկ Երվանդ Խանամիրյանն էլ մարդուն խոշտանգելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից չեն պարզաբանում՝ ավագանու անդամները իրենց կամքո՞վ են վայր դրել մանդատները, թե՞ քաղաքական թիմի որոշումն է։
Գյումրիի ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի խոսքով՝ տեղի ունեցածն ընդամենը քաղաքական պրոցես է:
Ավագանու լիազորությունները դադարեցրած անդամներին կփոխարինեն ցուցակի հերթական համարները։ Այսպիսով՝ ավագանու նոր անդամներն են՝ Անժելա Մաթոսյանը, Նարեկ Բեգզադյանը, Վոլոդյա Հակոբյանը, Հայկ Ստեփանյանը, Պարգև Տիգրանի Գևորգյանը:
Նշենք, որ Անժելա Մաթոսյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի օգնականն է, Նարեկ Բեգզադյանը Գյումրիի նախկին ՔՊ-ական փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնականն է, Հայկ Ստեփանյանը «Արփի լիճ» ազգային պարկում է աշխատում, իսկ Վոլոդյա Հակոբյանը, կամ ինչպես Գյումրիում են նրան անվանում` «Ջրմուղի Վովան» լրագրող է, Civic.am կայքում է աշխատում։
Oragir.News-ի տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկումներ են գնում, ինչպես զավթեն իշխանությունը։
Մեր աղբյուրի խոսքով՝ ժողովրդի աչքին թոզ փչելու համար ՔՊ-ն ազատվում է այն թիմակիցներից, որոնց անվան շուրջ ժամանակ առ ժամանակ աղմուկ է բարձրանում։
Քաղաքապետարանի մեր աղբյուրն էլ նշում է, որ առաջիկայում Գյումրին նոր քաղաքապետ կունենա։ Գյումրիի առաջին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը կնշանակվի քաղաքապետ, ով նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրն է։
Մեր աղբյուրն ասում է.
«Ով էլ լինի Գյումրիի քաղաքապետը, ակնհայտ է, որ քաղաքի համար կարևոր որոշումները կայացնում է ընդդիմադիր դիրքավորված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը»: