Ուղիղ եթեր
Ի՞նչ ակնկալիք ունի ԵՄ-ն ՀՀ սահմանադրության փոփոխություններից
copy image url

Ի՞նչ ակնկալիք ունի ԵՄ-ն ՀՀ սահմանադրության փոփոխություններից

Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:00 18-07-2024
Արդեն ակնհայտ է, որ ՀՀ սահմանադրությունը առաջիկայում փոփոխվելու է։ Հուլիսի 16-ին Եվրամիության աջակցությամբ քննարկում էր կազմակերպվել «Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» խորագրով։ Դրան ակտիվորեն լծվել էին քաղաքացիական հասարակությաւն որոշ հատվածները, ընդդիմադիր գործիչներ, օտարերկրյա փորձագետներ։ Սակայն փոփոխությունների թիրախում ընդգծվում էր ոչ թե խաղաղության նախապայմանը, այլ ժողովրդավարության հարցերը։ Ի՞նչ է ակնկալում ԵՄ-ն։ Եվ ի՞նչ հետևանք կունենա այդ փոփոխությունը։

Եթե ՔՊ-ական իշխանությունները մտադրություն ունենային ժողովրդավարության հարցում առաջընթաց գրանցեին, ապա փոփոխությունների նախագիծը վաղուց դարձրել էին հանրային քննարկման առարկա։ Հետևապես՝ առաջին ենթադրությունն առնչվում է խաղաղության պայմանագրի հետ կապված ադրբեջանական պահանջներին։ Այսինքն՝ սահմանադրության փոփոխության առաջին հրամայականն, ըստ էության, գալիս է Բաքվից։ Խաղաղությունն է ՔՊ-ական մանիպուլյացիայի հիմնական առանցքը։ Եվ եթե սահմանադրության փոփոխությունը նույնպես ծառայելու է դրան, ապա կասկածից վեր է, որ փոփոխությունը առնչվելու միայն նախաբանից Անկախության հռչակագրին առնչվող հղումը հանելուն։

Հաջորդ ակնհայտ հրամայականը գալիս է Հին աշխարհից։ Առաջին անգամ ՔՊ իշխանության շրջանում ԵՄ-ն աջակցում է սահմանադրության փոփոխությունների թեմային։ Այստեղ արդեն հետաքրքրությունները լրացվում են։ ԵՄ-ին հետաքրքրում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այլև ժոովրդավարությունը։ Խաղաղությունը Եվրոպայի համար կարող է բացել Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհը, որից շահելու են ՀՀ-ն ու ԵՄ երկրները։ Սա առաջնահերթություն է։ Սակայն Եվրոպայի համար կարևոր է նաև ժողովրդավարության հարցը։ Հետևապես՝ ԵՄ-ն պահանջելու է, որ սահմանադրության փոփոխությունների առանցքում լինի այդ թեման։

Ժողովորդավարության թեման նաև ապահովում է խաղաղության անշրջելիությունը։ Եթե խաղաղություն ստորագրվի, բայց ՀՀ-ն ժողովրդավարության առումով առաջընթաց չունենա, ապա ռիսկ կա, որ կրկին կընկնի Մոսկվայի ազդեցության տակ, կրկին անկայունություն կլինի տարածաշրջանում, ինչի հետևանքով չի բացվի Հարավ-հյուսիսը, և ի դերև կելնեն Եվրոպայի հույսերը։ Հետևաբար՝ սահմանադրական փոփոխությունների հիմքում դրվելու է ժողովրդավարության թեման։ Իսկ որո՞նք են այստեղ առաջնահերթությունները։

Հանրային քննարկումներում, իհարկե, շեշտը դրվելու է նախկինների ստեղծածը փոխելու խնդրի վրա։ Այստեղ հատկապես ակտիվ են լինելու ՔՊ-ականներն ու նրանց ձայնակցող հանրային գործիչները։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ անմասն չի մնալու այստեղ։ Նա էլ շեշտը դնելու է խորհրդարանական ընդդիմության իրավունքների ընդլայնման հարցի վրա։ Հավանաբար՝ անմասն չեն մնա արտախորհրդարանական ուժերը, որոնք կփորձեն առաջ մղել Պարույր Հայրիկյանի «Բացարձակ ժողովրդավարության» մոդելով սահմանադրության նախագիծը։

Այսպիսով՝ քաղաքական ամբողջ գունապնակը կներգրավվի գործընթացին։ Եվ այստեղ հնարավոր են փոխզիջումներ հետաքրքրվող ուժերի միջև։ Օրինակ՝ չի բացառվում, որ ՔՊ-ն ընդունի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության առաջարկների մի մասը, փոխարենն ակնկալելով, որ ընդդիմադիրները չառարկեն նախաբանից Անկախության հռչակագրին հղում հանելուն։ Իսկ ԵՄ-ն կարող է առաջարկել, որ նախաբանում նշում արվի քաղաքակրթական ընտրության՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու ժողովրդի ձգտման մասին։ Այս ընդգծումը կարող է երաշխիք դառնալ, որ ՀՀ հաջորդ իշխանություները չեն շեղվի ժողովրդավարության ուղուց, կազատվեն ռուսական ազդեցությունից և կիրականացնեն Հարավ-հյուսիս ճանապարհային նախագիծը։

Այս կարգի պայմանավորվածություններից հետո սահմանադրության փոփոխությունը կդառնա շաբաթների հարց։ Եթե իրոք փոփոխությունը օրվա հրամայական է, ապա առաջիկա օրերին ականատես կլինենք կուլիսային բանակցությունների այս թեմաներով։

Թաթուլ Մկրտչյան