Է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա, Եվրոպա կգնաս․ վիզայի ազատականացման մասին
copy image url

Է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա, Եվրոպա կգնաս․ վիզայի ազատականացման մասին

Ներքին Արտաքին Միտք 9 ամիս առաջ - 22:30 18-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրամիության օրենսդիր մարմինը՝ Եվրոպական խորհրդարանը տարիներ տևած բանակցություններից հետո հավանություն է տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։ Դեռևս մարտին ԵԽ-ն ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել էր ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։

Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկն արժանացել է ԵՄ անդամ 27 երկրների հավանությունը։ Այժմ այս առաջարկը պետք է հաստատվի նաև ԵՄ խորհրդում, ինչից հետո կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի, թե երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է ներկայացնելու Հայաստանին։

Հատկանշական է, որ հստակ ժամկետներ չկան, թե Հայաստանի հետ սպասվող բանակցությունները որքան կտևեն, դրանք ինչպիսի ընթացք կունենան և ի վերջո՝ ՀՀ քաղաքացիները երբ կկարողանան անխոչընտոտ մեկնել Եվրոպա։ Նկատենք, որ այս հարցում որոշումների կայացման համար առաջնայինը ոչ այնքան երկրներին ներկայացված պահանջների կատարման ընթացքն է, այլ քաղաքական նպատակահարմարությունը։ Օրինակ՝ հարևան Վրաստանի պարագայում վիզաների ազատականացման բանակցությունները 5 տարի տևեցին, Ուկրաինայի դեպքում՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են ու դեռևս հայտնի չէ, թե դրանք երբ ի վերջո կավարտվեն։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզաների պահանջը կչեղարկվի, երբ ՀՀ-ն լիարժեք կհամապատասխանի անհրաժեշտ բոլոր չափանիշներին։ Չնայած այն բանին, որ Հայաստանին դեռևս որևէ պահանջ չի ներկայացվել, այնուամենայնիվ, որպես կանոն, ԵՄ-ն չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար։

Գործողությունների ծրագիրը կազմելու և ներկայացնելու համար մոտ կես տարի է պահանջվում, բայց, քանի որ հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններից հետո նոր Եվրահանձնաժողով դեռ չի ձևավորվել, ակնկալվում է, որ Հայաստանի դեպքում պահանջների այդ ցանկը կներկայացվի կա՛մ այս տարեվերջին, կա՛մ մյուս տարվա սկզբին։

Դրանք իրագործելուց հետո, համապատասխան որոշումը պետք է վավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից, այնուհետև՝ ԵՄ անդամ բոլոր 27 երկրների օրենսդիր մարմիններում, ինչը միշտ չէ, որ անխոչընդոտ է ընթանում, քանի որ ներակայումս Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ։ Բացի այդ, դժվար է ակնկալել, որ ԵՄ անդամ բոլոր երկրները կաջակցեն այս գործընթացին, քանի որ կառույցի անդամ որոշ երկրներ առնվազն խանդավառված չեն այս հեռանկարով։

Դեռևս երկու տարի առաջ Վրաստանին վիզաների ազատականացում տալուց հետո Եվրոպայում դժգոհում են, որ հանցավոր խմբերն են օգտվում դրանից, կամ որ Վրաստանի քաղաքացիները գալիս են այդ ճանապարհով, հետո փորձում փախստականի կարգավիճակ ստանալ։ Սրա պատճառով մի շարք երկրներ, մասնավորապես, Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրիան այս հարցում սկսել են շատ զգուշացվոր մոտեցում ցուցաբերել։

Ներկայումս անարգել՝ առանց վիզայի Եվրամիություն մտնելու հնարավորությունից օգտվում է 60 երկիր․ պահանջը մեկն է՝ այդ երկրի քաղաքացիները 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր կարող են անցկացնել շենգենյան գոտում։ Պահանջը շարունակաբար խախտելու, ինչպես նաև մյուս բարեփոխումները չշարունակելու դեպքում Բրյուսելը կարող է առանց վիզաների ռեժիմը չեղարկել։

Այսպիսով՝ չնայած ԵՄ-ում հավանություն են տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկին, սակայն դա երկարաժամկետ գործընթաց չէ, և առնվազն այս պահի դրությամբ հայտնի չէ, թե Հայաստանի քաղաքացիները երբ կկարողանան անխոչընդոտ ճանապարհորդել եվրոպական երկրներում։ Այլ կերպ ասած ստեղծված իրավիճակը կարող ենք բնորոշել է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա, Եվրոպա կգնաս արտահայտությամբ, որը լավագույնս արտահայտում է այն իրավիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը։

Հայաստանի իշխանությունները շատ կցանկանան, որ վիզաների ազատականացումը հաջողվի իրագործել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որպեսզի այս հանգամանքը ներկայացնեն որպես ձեռքբերում և դա շահարկելով կրկին վերարտադրեն իրենց իշխանությունը, սակայն նման կարճ ժամկետն առնվազն իրատեսական չէ, քանի որ ԵՄ-ի պահանջները կատարելու համար 2 տարին չափազանց կարճ ժամկետ է։

Միևնույն ժամանակ կարծում ենք, որ վիզաների ազատականացումը կարող է բավական դրական պրոցես լինել, եթե պաշտոնական Երևանն այս հնարավորությունը ճիշտ օգտագործի, հմուտ արտաքին քաղաքականություն վարի, այլ ոչ թե իրեն ընձեռնված հնարավորությունը համեմի իրեն հատուկ հակառուսականության սոուսով, կամ դրա պատրանքով։ Հակառակ դեպքում Հայաստանը կրկին կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ ունենալով նոր աղետալի կորուստներ և փոխարենը չստանալով ոչինչ։


Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան