Արագածոտնում վախենում են, որ իրենց գյուղերն էլ կճանաչվեն գերակա շահ ու կօտարվեն
copy image url

Արագածոտնում վախենում են, որ իրենց գյուղերն էլ կճանաչվեն գերակա շահ ու կօտարվեն

Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:30 12-07-2024
Մարդկանց աչքը վախեցել է։ Երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է մարզեր, նշանակում է, մի վատ բան լինելու է գյուղացիների համար։ Այդպիսի մտահոգության կար նաև Փաշինյանի այսօր՝ հուլիսի 12-ին, Արագածոտնի մարզ կատարած այցելության հետ կապված։

Այցն, ըստ էության, նախընտրական տպավորություն էր թողնում։ Փորձում էին բնակիչներին ցույց տալ, թե կառավարությունն ինչ աշխատանքներ է անում համայքում, սուբվենցիոն ծրագրեր իրականացնում, դրանք կապելով Փաշինյանի անձի հետ, ակնկալելով երախտագիտություն։ Հաշվի առնելով Փաշինյանի վարկանիշի անկումը, մարզային այցելությունները կարող են հավելյալ ուշադրություն սևեռել նրա անձի նկատմամբ, տպավորություն ստեղծել, թե Փաշինյանը մտածում է գյուղացիների մասին, սիրում է երեխաներին։

Իհարկե, լավ է, որ կառավարությունը ծրագրեր է իրականացնում մարզերում, ճանապարհ և մարզահրապարակ կառուցում, բարեկարգում։ Սակայն կա մտահոգություն, որ Փաշինյանն այս ամենը բնակիչների քթից է բերելու։ Որոշ ժամանակ անց նա ճնշումներ կիրառելու մարզի հարկատուների նկատմամբ, ստիպելով կա՛մ հրապարակավ աջակցել ՔՊ-ին, կա՛մ այդ ճանապարհով չքայլել ու այդ խաղադաշտում չխաղալ։

Կա ավելի վատ բան։ Մարդիկ վախենում են, որ կարժանանան Վարդենուտի գյուղացիների տխուր բախտին, և իրենց հողերն էլ կխլվեն։ Մարդիկ կասկած ունեն, որ Փաշինյանը մարզերում ծրագրեր է իրականացնում ոչ թե գյուղացիների, այլ ռուսաստանաբնակ գործարարի համար։ Մարդիկ վախենում են, որ ՔՊ-ական կառավարությունը մի օր ծախելու է նաև իրենց հողերն ու իրենց թողնելու է ձեռնունայն, քշելով խոպան Ռուսաստանի խորքերը։

Այսպես՝ անցյալ տարի առաջ Կառավարությունը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի հողերն առանց գյուղացիներին տեղյակ պահելու՝ գերակա շահ է ճանաչել և տրամադրել օտարերկրյա կազմակերպությանը՝ «Ռիդ» ՍՊԸ-ին։ Նա էլ 1 քառակուսի մետր հողի համար 300 դրամ է վճարում գյուղացուն ու ստիպում ազատել հողերը, հրաժարվել սեփականության իրավունքներից։ Բազմաթիվ գյուղացիներ չեն համաձայնել այդ չնչին գումարով վաճառել իրենց եկամտի աղբյուրը։ Մարդիկ տարիներով չարչարվել են, մշակել, բերիացրել հողերը, ավանդույթ ձևավորել։ Բայց հիմա նրանց ստիպում են հրաժարվել իրենց սեփականությունից, իրավունքներից ու այլ տեղ այլ եկամտի աղբյուր, նոր գործ, նոր կյանք փնտրել։

Վարդենուտի օրինակը սարսափ է ներշնչում։ Եթե Կիրանցի բնակիչների հողերը հանձնում են ադրբեջանցուն պիլոտային սահմանազատման անվան տակ, ապա Վարդենուտի հողերն ուղղակի տրամադրում են ռուսական ընկերությանը։ Կիրանցիներին տալիս են փոխահատուցում, որ հրաժարվեն իրենց հողերից ու տներից։ Նույնպես վարդենուտցիներին են առաջարկում 300 դրամով վաճառել հողերն ու հեռանալ։ Այս երկու օրինակների նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ գյուղացին զրկվում է հողից, եկամտի աղբյուրից, սեփականությունից, իրավունքից։

Վարդենուտի պարագայում կա նաև կոռուպցիոն ռիսկի կասկած։ Նկատենք, որ «Ռիդ» ընկերությունը գործում է ռուսական «Ռուցոգ-Ինվեստ» շինարարական հոլդինգի կազմում, որի հիմնադիրը ռուսաստանաբնակ հայ Ռուբեն Գրիգորյանն է։ Կառավարությունը 2023-ին համաձայնություն էր տվել հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին։ Հիշեցնենք նաև, որ Կառավարությունը 2023-ին Արագածի լանջին լեռնադահուկային հանգստավայր ու ֆերմաներ կառուցելու մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ռիդ» ընկերությանը, մերժելով դահուկի հանգստավայր կառուցելու ու կառավարելու 70 տարվա փորձ ունեցող ֆրանսիական Société des 3 Vallées-ին, որի հետ 2 տարի բանակցում էին այդ նախագծի շուրջ։ Ի դեպ՝ ֆրանսիական ընկերությունն առաջարկում էր 350 մլն դոլարի ներդրում, իսկ ռուսական ընկերությունը՝ ըստ հրապարակված ծրագրի՝ 190 մլն, մի քանի միլիոն էլ նախատեսված է գյուղացի սեփականատերերից հողերը գնելու համար։

Այստեղ առաջ է գալիս կասկած, որ ինչ-որ ուժեր, ենթադրաբար՝ Կրեմլում նստած տարեց այրերը, ստիպել են Նիկոլ Փաշինյանին մերժել ֆրանսիական ներդրումային ծրագիրը, ճանապարհ տալով ռուսական աշխարհի գործարարներին։ Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր «սիրելի» նախկինների սկսածն ու Հայաստանը մաս-մաս վաճառում ռուսներին։ Եթե նախկինները վաճառում էին երկաթուղին ու մյուս ենթակառուցվածքները, ապա հիմա հերթը հասել է համայնքային հողերին։ Այսպեն ՔՊ-ական իշխանությունը ցույց է տալիս, որ իր համար գերակա են ռուսական շահերը, ռուսական ընկերությունների, ռուսական կապիտալի շահերը։ Թերևս՝ սա է պատճառը, որ ՔՊ-ական իշխանությունը, ոտնահարելով գյուղացիների շահը, համայնքային հողերը ճանաչել է գերակա շահ ու տվել ռուսական ընկերությանը, իսկ վերջինս ստիպում է գյուղացիներին չնչին գներով վաճառել իրենց հողերը, հրաժարվել իրավունքներից ու հեռանալ։

Տեսարանը հիշեցնում է հայտնի լեգենդը Զորրոյի մասին, որը պաշտպանում էր գյուղացիների շահերը, որոնք ոտնահարվում էին կոռումպացված իշխանությունների և անխիղճ գործարարների կողմից։ Սակայն մեզ մոտ Զորրո չկա։

Իհարկե՝ այստեղ կարելի էր գտնել լուծումներ, որոնք շահավետ կլինեին ոչ միայն Փիկոլ Փաշինյանին ու ռուսական ընկերության, այլև բոլոր կողմերի համար, այդ թվում՝ գյուղացիների։ Մասնավորապես՝ կարող էին հողերը ոչ թե գնել 300 դրամով, այլ 49 տարով վարձակալել նույն սեփականատերերից կառավարության երաշխավորությամբ։ Կամ եթե այդտեղ, ըստ նախագծի, փոքր գյուղատնտեսական ֆերմաներ են ստեղծելու, ապա կարող էին այդ հողերի սեփականատեր գյուղացիների հետ կնքել համագործակցության պայմանագրեր և վերջիններիս ներգրավել այդ բիզնեսում որպես բաժնետեր։ Սակայն ՀՀ քաղաքացիների և պետության շահերը չեն պաշտպանվել։ Ահա այս հանգամանքները հաշվի առնելով կարելի է կասկած հայտնել, որ այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր։

Պարզ ասած՝ այս կասկածելի և տխուր տեսարանի ֆոնին այսօր Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը կորցնում են հմայքը, քանի որ ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, թե Նիկոլ Փաշինյանը վաղը գերակա շահ չի ճանաչի նորոգված ճանապարհներով գյուղերն ու նորակառույց մարզադաշտերը, դրանք չի հանձնի ռուսական ընկերությանը, իսկ վերջինս Նիկոլ Փաշինյանին ուրախությամբ ու ծափերով ողջունող մարդկանց չի ստիպի հրաժարվել իրավունքներից ու հեռանալ։

Թաթուլ Մկրտչյան