Մեր բանակի վերջին հաղթանակը կամ Փաշինյանի «նոր Սարդարապատը»․ 4 տարի անց
copy image url

Մեր բանակի վերջին հաղթանակը կամ Փաշինյանի «նոր Սարդարապատը»․ 4 տարի անց

Ներքին Արտաքին Միտք 9 ամիս առաջ - 22:30 12-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չորս տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում տեղի ունեցան մարտական գործողություններ, որոնք հետագայում ստացան «Տավուշյան մարտեր» անվանումը։ «Տավուշյան մարտեր»-ը, որոնց արդյունքում հայկական կողմը հաղթանակ տարավ ադրբեջանական զինուժի նկատմամբ և որոշակի դիրքային առաջխաղացում արձանագրեց, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական ամենախոշոր բախումն էր։

Հայկական և ադրբեջանական զորքերի միջև բախումները սկսել էին այն բանից հետո, երբ հուլիսի 12-ին, ժամը՝ 12։30-ի սահմաններում ադրբեջանցի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով մոտեցել էին հայկական դիրքերին։ Հայկական կողմի բացած նախազգուշական կրակից հետո ադրբեջանցիները, թողնելով մեքենան, վերադարձել էին իրենց դիրք, ինչից հետո ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ և զինված ընդհարումներ էին սկսել։

Ուշագրավ էր, որ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, լսելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի զեկույցը, կարծիք հայտնեց, թե գուցե հայկական դիրքերի հրետակոծության պատճառն այն է, որ ադրբեջանցիները ցանկացել են վերադարձնել մինչ այդ մեր դիրքում թողած իրենց ՈՒԱԶ-ը: Այս գնահատականից ապշել էր անգամ Դավիթ Տոնոյանը, ով տեսախցիկների առաջ չկարողացավ զսպել իր զարմանքը։

Հետագա օրերին հայկական զինուժը կարողացավ թշնամուն փայլուն դիմադրություն ցուցաբերել և հաղթանակ տանել։ Մարտական գործողություններն աչքի ընկան նաև այն հանգամանքով, որ հայկական բանակին հաջողվեց թշնամուն մեծ կորուստներ պատճառել, այդ թվում բարձրաստիճան հրամանատարության շրջանում․ ավելի քան 1 տասնյակ սպանվածների շարքում էին ադրբեջանական զինուժի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը։ Հայկական կողմից զոհվեցին 2 ժամկետային զինածառայողներ՝ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը, ինչպես նաև կապիտան Սոս Էլբակյանը և մայոր Գարուշ Համբարձումյանը:

«Տավուշյան մարտեր»-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դեռևս վերջին հաղթանակն էր, որից երկու ամիս անց տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմը և հայկական կողմը դրանում ջախջախիչ պարտություն կրեց։ Մի շարք ռազմական փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ հենց «Տավուշյան մարտեր»-ում հայկական կողմի հաղթանակը և դա Նիկոլ Փաշինյանի կողմից «նոր Սարդարապառտ»-ի վերածելու քաղաքականությունը 44-օրյա պատերազմն անխուսափելի դարձրեցին, քանի որ Ադրբեջանին սեփական խարխլված հեղինակությունը վերականգնելու այլ տարբերակ չէր մնացել, քան պատերազմ սանձազերծելը և դրանում ամեն գնով հաղթանակի հասնելը։

Ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանը «Տավուշյան մարտեր»-ը վերածել էր նոր Սարդարապատի, ինչպես նաև սեփականացրել հայկական զինված ուժերի հաղթանակը։

Հիշեցնենք, որ այդ օրերին ՔՊ-ականները միաբերան պնդում էին, որ հայկական զինուժին մարտերում հաջողվել է հաղթանակ տանել բացառապես գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամանատարության արդյունքում, ընդ որում նույն Փաշինյանի, ով արդեն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայտարարում էր, որ ինքը ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն է, բայց թիվ 1 մեղավորը չէ, ինչպես նաև հանրությանը վստահեցնում, որ վարչապետը մարտական գործողություններ չի ղեկավարել, պարզապես համակարգել է իրավիճակը։

Տավուշյան զարգացումներից 1 ամիս անց՝ 2020-ի օգոստոսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն աննախադեպ մեծ թվով պետական պարգևներ հանձնեց մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին․ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զինված ուժերի միանգամից 55 գործող զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին կառավարության ղեկավարը ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհեց։

Հայկական քաղաքական վերնախավը այդ օրերին ակնհայտորեն ծաղրում էր թշնամուն և բացահայտ սադրում Ալիևին, իսկ բոլոր այն փորձագետներին ու վերլուծաբաններին, ովքեր զգուշացնում էին, որ նման քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու պատերազմի, մեղադրում էին թշնամու հետ գործակցելու և Հայաստանի Հանրապետության «լավը չցանկանալու» մեջ։

Բացի այդ, մարտական գործողությունների ժամանակ և դրանցից հետո տեղի ունեցան մի շարք զարգացումներ, որոնք ՀՀ-ում տիրող էյֆորիայի պայմաններում բավարար ուշադրության չարժանացան, սակայն դրանք վկայում էին այն մասին, որ Ադրբեջանն իրավիճակը ձգտում է զարգացնել այն ուղղությամբ, որ հետագայում կարողանա լայնածավալ ագրեսիա սանձազերծել, իսկ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով ամեն կերպ ազատում էին Ալիևի ձեռքերը։

Այդ զարգացումներից հատկապես ուշագրավ էր Ադրբեջանի երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը, ով կադրային դիվանագետ էր և գրեթե 15 տարի ղեկավարում էր հարևան երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նրա փոխարեն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվեց Ադրբեջանի կրթության նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչը Հայաստանում որոշ շրջանակներ սկսեցին ծաղրել, պնդել, որ Ալիևը հարմար կադրային դիվանագետ չունի և ստիպված կրթության նախկին նախարարին է ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակում, սակայն դա իրականում ահազանգ էր, քանի որ Բայրամովն իր պաշտոնավարման շրջանում ամեն կերպ նպաստել է Ադրբեջանի կրթական համակարգում և նոր սերնդի շրջանում հայատյացության տարածմանը։ Այս նշանակումը վկայում էր նաև այն մասին, որ Ալիևի ռեժիմը պատրաստվում է դիվանագիտությունը մի կողմ դնել և խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, իսկ նման արտգործնախարարը, ով դիվանագիտությունից այնքան էլ մեծ գիտելիքներ չուներ, Ադրբեջանի նախագահի որոշումների վրա որևէ ազդեցություն չէր կարող ունենալ։

Ցավոք սրտի այս զարգացումները Հայաստանում պատշաճ ուշադրության չարժանացան, առկա վտանգները չեզոքացնելու նպատակով միջազգային դերակատարների հետ բավարար աշխատանք չկատարվեց, քանի որ գործող իշխանությունները զբաղված էին բացառապես սեփական փիարով, իսկ առկա մարտահրավերներ նրանք չէին նկատում, կամ չէին ցանկանում նկատել։ Օգոստոսի 28-ին տեղի ունեցած պարգևատրման արարողությունից մեկ ամիս անց, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հայկական բանակի անպարտելիության մասին, Տավուշում տեղի ունեցած մարտերը նոր Սարդարապատ որակում, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ, որը հանգեցրեց սկզբում Արցախի 75 տոկոսի կորստին, իսկ այնուհետև լիակատար հայաթափմանն ու բռնազավթմանը։

Հայկական բանակի վերջին հաղթանակից, կամ «նոր Սարդարապատից» չորս տարի անց, վստահաբար կարող ենք պնդել, որ հայկական բանակը մի օր կրկին ուղղելու է իր մեջքը, և չնայած նախորդ տարիներին ունեցած կորուստների տարիներ անց վերականգնելու է իր փառքը, կրկին դառնալու է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և ամենակարևորը՝ խաղաղություն է պարադարելու թշնամուն, ինչպես դա արել է 3 տասնամյակ շարունակ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռացվի իշխանությունից, քանի որ վերջինս իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում ապացուցել է, որ ի զորու չէ լուծել հիշյալ խնդիրները, ավելին՝ իր անհեռատես որոշումների և գործողությունների հետևանքով Հայաստանի Հանապետությունը բախվում է նորանոր սպառնալիքների ու մարտահրավերների։

Դավիթ Գույումջյան