Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմի անդամները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը լիովին անկախ է, գործադիր իշխանության կողմից դատարանների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում, որպեսզի վերջիններիս իշխանության քիմքին հաճելի որոշումներ կայացվեն։ Սրան զուգահեռ վերջին տարիներին մեր երկրում ամենածանր խափանման միջոցի՝ կալանքի որոշումների թիվը կտրուկ աճել է, ինչը, բազմաթիվ իրավապաշտպանների գնահատմամբ, վկայում է այն մասին, որ կալանքը շարունակում է մնալ որպես պատժիչ միջոց, հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչների ու ակտիվիստների նկատմամբ։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 3 ամսով երկարացնել ավելի քան 1 տարի կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը՝ մերժելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոցը տնային կալանքով, 40 մլն դրամ գրավով և անձնական երաշխավորությունների փոխելու մասին։ Աշոտյանի համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Ընթերցողներին հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը և մյուսները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման մեջ։ Սկզբում ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց չհեռանալու արգելքը, սակայն ավելի ուշ Աշոտյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, քանի որ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչից հետո այդ մասով ներկայայացված բոլոր միջնորդությունները մերժվում էին։
Չնայած Աշոտյանի աջակիցները, ընդդիմադիր մյուս գործիչները, ինչպես նաև փաստաբանական ու իրավաբանական համայնքի ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ վերջինիս քաղաքական գործընթացներից մեկուսացնելու համար, այնուամենայնիվ այս հրապարակմամբ ամենևին նպատակ չենք հետապնդում անդրադառնալ ՀՀԿ փոխնախագահին համառորեն կալանքի տակ պահելու շարժառիթներին ու դրդապատճառներին։
Ուշագրավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման 6 տարիների ընթացքում դատարանները գրեթե միշտ մերժում են ընդդիմադիր գործիչների համար ներկայացված երաշխավորությունները՝ անկախ նրանից, թե ով է միջնորդություն ներկայացրել և վերջինս ինչ հեղինակություն է վայելում հասարակության շրջանում։ Դատարանները որպես կանոն այս որոշումները հիմնավորում են այն հանգամանքով, որ հիշյալ գործիչները կարող են խոչընդոտել նախաքննության ընթացքին, կամ տարբեր ճանապարհներով ազդել դատարանների ապագա որոշումների վրա։
Միևնույն հանրության հիշողության մեջ դեռևս թարմ է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի կալանավորման դեպքը, ով կալանավորումից օրեր անց ազատ էր արձակվել, վերջինիս նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոցներ՝ երկրից բացակայելու արգելք և անձնական երաշխավորություն, իսկ ավելի ուշ արդեն քրեական գործը կարճվել էր։ Գևորգյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» գրեթե բոլոր պատգամավորները՝ ուշադրություն հրավիրելով հատկապես վերջինիս մանկահասակ երեխաներ ունենալու հանգամանքին, չնայած այն բանին, որ նույն հանգամանքը ընդդիմադիր այլ գործիչների՝ օրինակ արցախցի Տաթևիկ Վիրաբյանի, պարագայում դատարանները հաշվի չեն առնում, և վերջիններս տևական ժամանակ մնում են կալանքի տակ։
Այսպիսով, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնի հակառակ կողմում, ինչպես նաև իշխանությունների կողմից անկախ դատական համակարգ ստեղծելու խոստումների ֆոնին իրականում վերջին տարիներին միտումնավոր կերպով արժեզրկվում է անձնական երաշխավորության ինստիտուտը, և այդպիսի երաշխավորությունները ընդունվում են բացառապես այն դեպքերում, երբ դրանք ներկայացվում են իշխանական գործիչների կողմից։
Համադրելով Արմեն Աշոտյանի և Անի Գևորգյանի գործերով ներկայացված միջնորդություններով դատարանի կայացրած որոշումները՝ գալիս ենք այն եզրակացության, որ դատական համակարգի համար Հայաստանի նախկին վարչապետն ու ԱԺ նախկին նախագահները, ովքեր իրենց պաշտոնավարման շրջանում համարվել են երկրի 2-րդ և 3-րդ պաշտոնյաները, շատ ավելի ցածր հեղինակություն ունեն ու պակաս վստահելի են, քանի ներկայումս իշխող խմբակցության պատգամավորները, որոնց թիմակիցներից մեկը մի առիթով համեմատել էր ուսապարկերի հետ։
ՔՊ-ական իշխանությունների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ վերջիններս այսկեպ վտանգավոր նախադեպ են ստեղծում և իրենց ձեռքով փորում իրենց փոսը։ Հայաստանում սպասվող իշխանափոխությունից հետո, որը վաղ թե ուշ անխուսափելիորեն լինելու է, ՔՊ-ականների նկատմամբ ենթադրաբար հարյուրավոր քրեական գործեր են հարուցվելու, և երբ դատավարությունների ընթացքում որոշակի հեղինակություն վայելող անձնինք կփորձեն նրանց համար միջնորդություններ ներկայացնել, դատարանները մեծ հավանականությամբ կմերժեն դրանք՝ պնդելով, որ նախկին պաշտոնյաները կարող են խոչընդոտել նախաքննության ընթացքի վրա, կամ, իրենց կապերն օգտագործելով, ազդել դատարանների որոշումների վրա։
Հավելենք նաև, որ քիչ հավանական, կամ առհասարակ անհավանական ենք համարում, որ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո կգտնվեն հանրության շրջանում քիչ թե շատ հեղինակություն վայելող այնպիսի անձինք, որոնք կհամաձայնեն ՔՊ-ականների համար անձնական երաշխավորություն ներկայացնել։ Իշխանության 6 տարիների ընթացքում Փաշինյանն ու իր թիմակիցները հատել են բոլոր թույլատրելի սահմաններն ու կարմիր գծերը, ուստի դժվար է ակնկալել, որ կլինեն այնպիսի անհատներ, ովքեր պատրաստ կլինեն ՔՊ-ականների հետ առնվազն բարոյական պատախանատվություն կիսել։
Դավիթ Գույումջյան