Փաշինյանական հերթական նախաձեռնությունը իրավական հիմքեր է ստանում։ Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելու հարցն արժանացավ կառավարության որոշմանը։ Հուլիսի 11-ին Կառավարությունը որոշեց փոփոխություններ մտցնել հանրակրթության չափորոշիչներում։ Որոշման մեջ նշվում է, որ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ՝ առարկայի անվանումը կհամապատասխանեցվի չափորոշչի 33-րդ կետում արդեն իսկ առկա «Հայաստանի պատմություն» ձևակերպմանը: Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսուհետև կրթօջախները պարտավոր են լինելու իրանց պլաններում Հայոց պատմության առարկայի փոխարեն դասավանդել Հայաստանի պատմություն։
Այս փոփոխությունը ենթադրում է, որ առաջիկայում կրթօջախներում կհայտնվի «Հայաստանի պատմություն» առարկան։ Բայց անհայտ է, թե բովանդակային ի՞նչ փոփոխություններ են կատարվելու դասագրքում։ Նկատենք, որ դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր խնդրին։ Գիտական համայնքի բացասական արձագանքից վախեցած ԿԳՄՍ նախարարն այն ժամանակ հավաստիացնում էր, որ փոխվելու է միայն առարկայի անվանումը, սակայն բովանդակությունը մնալու է նույնը։ Հուլիսի 11-ի նիստում, սակայն, նկատելի տեղաշարժ է նկատվել այս ուղղությամբ։ Արդեն նշվում է, որ Հայաստանի պատմության դասագրքում լինելու են բովանդակային փոփոխություններ։
«Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով Հայաստանի Հանրապետության գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը կառավարության նիստում։
Նախարարի խոսքից կարելի է ենթադրել, որ շուտով կհայտարարվի Հայաստանի պատմություն դասագրքերի մրցույթ, որի մասնակիցները պիտի այս հայեցակարգի շրջանակում կազմեն նոր դասագրքեր։ Եթե այդպես է, ապա առաջիկայում պատմաբանների համայնքը պետք է արձագանքի այս նախաձեռնությանը։
Ցանկալի է, որ նոր դասագրքերը չկրկնեն Հայոց պատմության 7-րդ դասագրքի խայտառակ ճակատագիրը։ Դրա համար մրցույթ հայտարարելուց առաջ պատմաբանները պետք է գիտական քննարկումներ կազմակերպեն, ստեղծեն թիմեր, աշխատանքի բաժանումներ անեն, ընդգրկելով փորձառու և ողջամիտ գիտնականների, որոնք իսկապես հասկանում են կառավարության առաջադրած խնդիրն ու կարող են փոխել պատմության շեշտադրումները, թիրախները, խնդիրներն ու փիլիսոփայությունը։
Մյուս կողմից կա թերահավատություն, որ ՔՊ-ական իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը հասկանում են, թե ինչ է պետությունը, գնահատում են անկախության, պետականության համար պայքարը։ Այսօր, մեր կողքին կան հարյուրավոր մարդիկ, որոնք մեծ ավանդ ունեն այդ պայքարում։ Ոմանք իրենց կյանքն են նվիրել անկախության համար պայքարին։ Եթե վարչապետն ու ԿԳՄՍ նախարարն իրապես ուզում են փոխել հանրային պատկերացումները պետության և պատմության մասին, ապա կարող են սկսել այսօր մեր իրականության մեջ ապրող, անկախության պայքարի նվիրյալներին մեծարելով։ Այդպես նրանք գործով կապացուցեին, որ պետությունը համարում են բարձրագույն արժեք։ Դրանից հետո մարդիկ կուզենան մտածել նրանց նման, որոնց համար պետությունն ամենաթանկն բանն է եղել։ Եթե ՔՊ-ն այսպիսի բաներ չի անում, ապա մարդիկ չեն հավատում Փաշինյանի խոսքին։
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ պետությունը գործիք է ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար։ Այսպես նա ուղղակի ցույց է տվել, որ պետությունը բարձրագույն արժեք, նպատակ չի համարում։ Հետևապես՝ խնդիրը նախ ՔՊ-ի ու նրա առաջնորդի մեջ է։ Առաջինը հերթին նրանք պետք է փոխեն իրենց պատկերացումները պետության մասին, հետո գիտնականից ակնկալեն «Հայաստանի պատմություն»։ Իսկ այսօրվա իրավիճակում հակառակ արդյունքն է լինելու։ Եվ՛ հանրությունը, և՛ գիտական համայնքը դիմադրելու են առաջարկվող փոփոխությանը։ Հանրությունը բողոքի ցույցեր է անելու։ Գիտական համայնքն էլ բոյկոտելու է ու չի մասնակցելու «Հայաստանի պատմություն» դասագրքի կազմմանը։
Այս տեսանկյունից՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի պատմության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը սադրանք է, որի նպատակն է ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդն անկախությունը չի կարևորում, պետականակենտրոն մտածողություն չունի։ Այդպես նա կարող է արդարացնել իր անգործությունը, թե ինչու անկախության պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ գործուն քայլեր չի անում։
Թաթուլ Մկրտչյան