Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էկրանին Երևանի Քաղաքապետարանի զվարթ վիդեոշապիկն է, փառատոնի զարդարուն գովազդները, հետո սկսվում է ֆիլմը։
Շողակաթի ֆիլմը` Սողոմոնի մասին։
Ուրիշ երկրներում երևի էս մի ժամը նայում են որպես ֆիլմ` կադր են վերլուծում, չգիտեմ էլ ինչ են անում։
Կինոյի տան դահլիճում մենք ֆիլմ չենք նայում, էդ դահլիճում մենք բոլորս մի ժամ շարունակ մասնակցում ենք Սողոմոնի, 5000 կորսված կյանքերի ու կորսված Արցախի հոգեհանգստին։ Մեզ արվում է էդ շնորհը։
Մենք մտնում ենք էդ սառը մսաղացի մեջ, որտեղով մեզ անցկացնում է Շողակաթի հատու, զրնգուն ձայնը, Շողակաթի հատու, չխնայող հարցերը։ Ու դուրս ենք գալիս մյուս կողմից` մանրացած ոսկորներով, փշուր դառած։ Մենք անհամբեր սպասում ենք, որ վերջում կադրում կտեսնենք Սողոմոնին` իր դաշնամուրի մոտ ժպտացող, կլսենք իր երաժշտությունը։ Որ կբացվի հույսը։ Բայց մեզ էդ շնորհը չի արվում։ Որովհետև չենք արժանացել։
Վերջում Շողակաթը` բարակ, ամուր, ուղիղ ու պարզ բառերով պատասխանում է հարցերին։ Ասում է` մենք դեռ ունենք գերիներ, որոնց վերադարձնելու համար Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում։ Հարցնում են Շողակաթին` դու կարողանալո՞ւ ես ներել էն հայազգի անձանց, ովքեր պատասխանատու են էս ամենի համար։ Շողակաթը լռում է, մտածում ու ասում` թող իմ լռությունը լինի իմ պատասխանը։ Ասում են` ո՞նց մեջդ ուժ գտար էդ ամենը նկարելու։ Ասում է` մեկը դա պիտի աներ, ես եղա էդ մեկը։
Ամսի 14 ին երկրորդ ու վերջին ցուցադրությունն է։ Գնացեք, արեք ձեզ էդ շնորհը»։