Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հարցում կան մեծ հույսեր, սակայն հուսադրող որևէ տեղաշարժ չկա։ Հայ-ամերիկյան ռազմական գործակցության որևէ համաձայնագիր չկա, ՀՀ-ին ամերիկյան սպառազինություն մատակարարելու հարցում պայմանավորվածություն չկա։ Չկան նաև հայ զինծառայողների՝ ԱՄՆ-ում վերապատրաստման վերաբերյալ ուսումնական մասշտաբային ծրագրեր։ Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Արդյո՞ք սա կարող է նպաստել հայ-ամերիկյան ռազմական գործակցության խորացմանը։ Եվ ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ այսպիսի գործակցության արդյունքում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ պատերազմն արդարացնել փորձող Մոսկվան ներկայացնում է, իբր Արևմուտքը խախտել է ազդեցության գոտիների վերաբերյալ պայմանավորվածությունը, ներխուժել է ռուսական ազդեցության գոտի, իսկ ՌԴ-ն էլ փորձում է պաշտպանել իր ազդեցությունը։ Այսինքն՝ Մոսկվան Ուկրաինան համարում է իր ազդեցության գոտին, որտեղ ինքն իրավունք ունի իշխանութուն նշանակել որպես արքայից արքա, և երբ այդ հարցում նա բախվել է խոչընդոտների, ապա որոշել է բռնի ուժով վերահաստատել իր իրավունքները, զավթել է Ղրիմն ու որոշ շրջաններ։
Ռուսները նույն մոտեցումն ունեն նաև Հայաստանի նկատմամբ։ Մոսկվան աշխարհին ներկայացնում է, իբր ՀՀ-ն իր ազդեցության գոտին է։ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում ռուսական ազդեցությունն այստեղ նվազեցնելու ուղղությամբ։ Այս պարագայում ԱՄՆ-ն, ԵՄ-ն ինչքան էլ ուզենան խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ և ներդրումներ անել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժելու է նման առաջարկները, քանի որ չի ուզում խախտել 2018-ին Մոսկվային տված խոստումները։
Դրա ապացույցն է նաև հայ-ամերիկյան զորավարժությունների օրակարգը։ Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Այսինքն՝ այս զորավարժություններում հայկական օրակարգ չկա։ «Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը», - նշված է ՊՆ հաղորդագրությունում:
Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս զորավարժությունը կարող է բարձրացնել ՀՀ դիմակայունությունը, ցույց տալ հայ-ամերիկյան ռազմական գործակցության պոտենցիալը, վախ ներշնչել ռուս-ադրբեջանական ագրեսորեներին, զսպել նրան նկրտումները ՀՀ-ի վրա հերթական ագրեսիան սանձազերծելու հարցում։ Այսպիսի ենթադրությունները հիմնավոր կարող են համարվել մեկ պարագայում։ Եթե ՀՀ-ն ռուսական ազդեցությունից դուրս գալու, ՀՀ անկախությունը պաշտպանելու քայլեր անի, այդ ժամանակ միայն կարող ենք ասել, որ հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը պոտենցիալ ունի։
Օրինակ՝ եթե հուլիսի 15-24-ը հայ-ամերիկյան զորավարժություններին զուգահեռ ՔՊ-ական պատգամավորները օրակարգ բերեն ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը, ապա կարելի է ասել, որ Փաշինյանն անկախության պաշտպանության ուղղությամբ քայլ արեց, և ՀՀ-ն ընտրել է ռուսական ազդեցությունից ազատվելու ուղին։ Այդ ժամանակ կարող ենք ասել, որ հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը կարող է ձեռք բերել հայկական օրակարգ, և եթե նոյեմբերին ռուս-ադրբեջանական չբարեկամները ռազմական ագրեսիա սկսեն Սյունիքի ուղղությամբ, ինչպես կանխատեսել է ՀՀ ԱԳՆ-ն, ապա հույս կա, որ ԱՄՆ-ն որպես «Արծիվ գործընկեր» կլինի Հայաստանի կողքին, կօգնի պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կարճ ասած՝ քանի դեռ ՔՊ-ն անկախության պաշտպանության կամ ժողովրդավարության ուղղությամբ նախաձեռնություն չունի, հայ-ամերիկյան զորավարժությունները ռուս-ադրբեջանական հավանական ագրեսիան զսպելու հարցում նշանակություն չեն ունենա։
Թաթուլ Մկրտչյան