Ամեն ինչը թանկ է, բայց հերթը կհասնի իրացմանը, կոպեկներով ձեռքերիցս կառնին. Շիրակի մարզի անասնապահների ահազանգը
copy image url

Ամեն ինչը թանկ է, բայց հերթը կհասնի իրացմանը, կոպեկներով ձեռքերիցս կառնին. Շիրակի մարզի անասնապահների ահազանգը

Ներքին 9 ամիս առաջ - 10:30 04-07-2024
Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին։

Բազմիցս ենք նշել, որ Շիրակի մարզում գյուղատնտեսության ոլորտն արդեն մի քանի տարի անկում է գրանցում:Մարզի գյուղերում խոշոր եղջերավոր անասունների քանակն է նվազել։ Անասնապահությունը Շիրակի մարզի գյուղերում եկամուտ ապահովող ճյուղ չէ, նախ խոտը քիչ է ու թանկ և հետո անասնապահները մթերքն իրացնելու խնդիր ունեն պայմանավորված կառավարության որոշման հետ, որ մորթը պիտի պարտադիր իրականացվի սպանդանոցում։ Շիրակի մարզի անասնապահները Oragir.News-ի հետ զրույցում ասում են.«Մեզ քոռ դանակով մորթում են, տպավորություն է, թե գիշեր-ցերեկ չեն քնում և նստում մտածում են ինչ անեն, որ մարդկանց համար պրոբլեմ ու հոգս ստեղծեն»:

Այսինքն`պետական լուրջ աջակցության բացակայությունը, կաթի մթերման ցածր գները, անասնաբուժական խնդիրներ, անասնակերի պակասը և արոտավայրերի անհասանելիությունը և այլ խնդիրները հանգեցրել են, որ Շիրակի մարզի ֆերմերները զանգվածաբար վաճառում կամ հարկադիր մորթի են ենթարկում անասուններին։

«Ձեռք չի տա, ամեն ինչը թանկ է, բայց հերթը կհասնի իրացմանը կոպեկներով ձեռքերիցս կառնին։ Իմաստը ո՞րն է, որ պտի չարչարվիմ, վարկերի տակ մտնիմ, իսկ վերջում էլ շան մսի գնով վաճառեմ։ Կաթը իրացնելը խնդիր է, միսը վաճառելու համար չիդեմ ինչ արհեստական քաշքշուկ են ստեղծել։ Մե բանմ գիտեմ, որ ամեն ինչը պրոբլեմ է, պետությունն էլ վրադիր պրոբլեմներ կստեղծե մեր համար»,- դժգոհում է Վաչագան Ալեքսանյանը։

Մեկ այլ անասնապահ էլ նշում է, որ անցած տարվա համեմատ ինքը նվազեցրել է իր անասունների քանակը, որովհետև տանջանքը շատ է, եկամուտը քիչ։

Նշենք, որ Շիրակի մարզի գյուղերում զանգվածային մորթ էր սկսվել դեռ 2-3 տարի առաջ, երբ խոտն էր քիչ ու շատ թանկ: Շարունակվում է նաև հիմա: Գյուղացիները ընդգծում են, որ անասնապահության զարգացմանը միտված պետական աջակցության ծրագրեր չկան։