Երևան +19°
copy image url
Միտք Ներքին 2 օր առաջ - 09:00 01-07-2024

Ի՞նչ կստանա Հայաստանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու արդյունքում

Առաիկա օրերին հայ-ադրբեջանական խաղաղության հարցում ամերիկյան առաջընթաց կարող է արձանագրվել։ Այս մասին օրեր առաջ ակնարկել է Ջեյմս Օ’Բրայանը Բաքու կատարած այցի ժամանակ։ Խոսքը վերաբերում է Վաշինգտոնում, հուլիսի 9-11-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպմանը։ Այս նախաձեռնությամբ ակնարկվում է, որ ԱՄՆ-ը հավակնում է վերականգնել Հարավային Կովկասում խաղաղության միջնորդի և երաշխավորի իր առաքելությունը։ Միայն այս ակնարկը բավարար է, որ Բաքուն մերժի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու ամերիկյան հրավերը։

ԱՄՆ-ին մերժելու բուն պատճառը, սակայն, Մոսկվային տրված խոստումներն են։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն Արցախը կարողացել է զավթել և հայաթափել Ռուսաստանի գործուն աջակցությամբ, հետևաբար՝ դեռ պարտքի տակ է։ Եվ չի կարող անել քայլեր, որոնք ակնհայտ հակասում են ռուսական շահերին։ Տվյալ դեպքում՝ խաղաղության պայմանագրի միջնորդի կամ երաշխավորի դերում ամերիկյան կողմին կրկին ներգրավելը կնշանակի, որ խաղաղությունից հետո մեծանալու է ԱՄՆ-ի դերը հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Ռուսաստանի դերը զորայցվելու է։ Հետևապես՝ ենթադրելի է, որ Բաքուն չի մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ակնկալվող եռակողմ հանդիպումը տեղի չի ունենալու, բանակցային առաջընթաց չի լինելու, որպեսզի ռուսական ազդեցությունը տարածաշրջանում չսասանվի։

Վաշինգտոնյան հանդիպումների թեմանների շարքում չի լինելու նաև ՀՀ-ի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի շուրջ քննարկումներ, քանի որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել, ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Սպառազինություն ստանալու մասին ևս պայմանավորվածություններ չեն սպասվում։ Բանակի արդիականացման հարցերում ևս ՆԱՏՕ-ական որևէ ներդրման մասին ոչինչ հայտնի չէ։ Ուստի հարց է առաջանում. Ինչու՞ է ՀՀ-ն մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։

ՀՀ-ի մասնակցության միակ ողջամիտ հիմնավորումն այն է, որ ցույց տան, թե ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ուղին։ Այստեղ, սակայն, ՀՀ ներկայացուցիչների առջև դրվելու են ժողովրդավարությունը խորացնելու վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես՝ հարցնելու են, թե ժողովրդավարությունն ընտրած իշխանությունն ինչու՞ լյուստրացիա չի անում, դուրս չի հրավիրում ռուսական զորքերը, դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, չի աջակցում Ուկրաինային։ Վերջապես՝ ժողովրդավար իշխանությունը ինչու՞ է անհամաչափ բռնություն կիրառում խաղաղ ցուցարարների, լրագրողների նկատմամբ։ Այս անհարմար հարցերից ՔՊ-ական պաշտոնյան փորձելու է խուսանավել, մատնացույց անելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում և մարզերում ծավալվող հակակառավարական ցույցերն ունեն արտաքին քաղաքական և քաղաքակրթական աստառ։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը այստեղ ևս ներկայացնելու են որպես կղերաֆեոդալական, այսինքն՝ հակաժողովդավարական շարժում, որի նպատակն է ՀՀ-ում խորացնել ռուսական ազդեցությունը։

Պարզ ասած՝ Վաշինգտոնյան այցելության ժամանակ ՔՊ-ական պաշտոնյան ավելի շատ խոսելու է Բագրատ Սրբազանի մասին, որովհետև այլ թեմաների շուրջ ասելիքը կիսատ է, անորոշ, չհիմնավորված։ ՆԱՏՕ-ի ամբիոններից ՀՀ պաշտոնյան խոսելու է ոչ թե ՀՀ ծրագրերի, նպատակների մասին, այլ փորձելու է արդարանալ, թե ինչու ՀՀ-ում անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ չեն իրականացվում։ Կրկին մեղքը բարդելու են նախկինների և Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի վրա, ընդգծելով, որ ժողովուրդը ժողովրդավարություն և անկախություն չի ուզում, այլ ուզում է պարզապես ապրել։

Այսպիսով՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից Հայաստանի օգուտը կմնա միայն միակողմանի մասնակցությունը։ Շահեկանորեն կընդգծվի, որ Երևանն, ի տարբերություն Բաքվի, ժողովրդավարությունն է ընտրում, Արևմուտքի վստահելի, հուսալի գործընկերը կարող է դառնալ ապագայում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից և տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելուց հետո։ Իսկ եթե Բաքուն վերջին օրով փոխի դիրքորոշումն ու, այնուամենայնիվ, մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ապա ՀՀ-ն այդ առավելությունն էլ չի ստանա, ոչինչ չի ստանա։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
22:39 Տեղի ՔՊ-ական ղեկավարը զոհվածի ընտանիքից հողը խլել է․ համայնքապետը հերքում է
20:47 Օձի 5 խայթոցից հետո տղամարդը ողջ է մնացել
18:01 Էդ ունենք, դրանով ենք սպասարկում․ Աջափնյակի հարկայինում քաղաքացիները ժամերով սպասում են
22:00 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներ․ shamshyan.com
18:15 ՀՀ-ում լիքը ադրբեջանցիներ են. հարցում՝ բնակեցնելու մասին
18:00 9-ից մինչև 29 մլն դրամ․ ԵՊՀ ռեկտորն ուսանողների վճարած գումարներից շռայլորեն դրամաշնորհներ է բաժանում
22:51 Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել կալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ը․ shamshyan.com