copy image url
Ներքին 2 օր առաջ - 17:00 27-06-2024

Հնարավոր է՝ Երևանում վաճառվող դառնահամ սմբուկն ադրբեջանական լինի․ գյուղատնտես

Բազմաթիվ քաղաքացիներ Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են, որ վերջին օրերին մայրաքաղաքի տարբեր խանութներից գնած սմբուկից դառը համ է գալիս, ստիպված թափում են այն։

Ուշագրավ է, որ ահազանգերը ստանում ենք Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներից, այսինքն՝ խոսքը 1-2 խանութների մասին չէ, որտեղից քաղաքացիները սմբուկ են գնել։

«Մենք ՀԱԹ-ում ենք ապրում՝ Բանգլադեշում, 2 օր առաջ աշխատանքից վերադառնալիս միրգ-բանջարեղենի փոքրիկ կրպակից առևտուր արեցի, նաև սմբուկ գնեցի։ Սովորականի պես տապակել էի, լավ է՝ մինչև երեխաների ուտելը, մի փոքր համտեսեցի․․․ Ահավոր դառն էր, ոչ մի անգամ նման համ չէր եղել։ Մեկ-մեկ, որ վարունգից դառնահամ է գալիս, դրանցի ավելի դառը։ Մի խոսքով՝ ամբողջը գցեցինք աղբամանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նույն խնդրի մասին ահազանգում է նաև Արաբկիր վարչական շրջանի բնակիչը։

«Ավտոմեքենայով բանջարեղեն էին բերել վաճառում, մի քանի կիլոգրամ սմբուկ գնեցի։ Երեկոյան, երբ ուտեստ էի պատրաստել, ահավոր դառը համ զգացի։ Հետո ընտանիքիս անդամներից մեկն էլ փորձեց ու էլի դառը համ զգաց։ Վախեցանք, մտածեցինք՝ թունավոր է, թափեցինք։ Անգամ սառնարանում դրվածը, որը դեռ չէի պատրաստել, գցեցինք աղբը»։

Գյուղատնտես Հրաչ Բերբերյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին հայկական շուկայում եղած սմբուկի մեծ մասը ներկրվում է Թուրքիայից և Իրանից։ Մասնագետը չբացառեց, որ ներկրվող սմբուկը կարող է նաև ադրբեջանական լինել․

«Դա Թուրքիայից կամ Իրանից ներկրված բադրիջան է, հարկավոր է ուսումնասիրել։ Զարմանում եմ սննդի անվտանգության ղեկավարության վրա, որ թույլ են տալիս նման ապրանքը մտնի Հայաստան։ Դա հնարավոր է՝ նաև ադրբեջանական բադրիջան լինի, քանի որ Ադրբեջանում այն շուտ է հասնում։ Ինձ ևս նման բադրիջան հանդիպել է, այն վտանգավոր է, պետք է ուղղակի դուրս շպրտել, չուտել։ Հայաստանում բադրիջանը հասնում է օգոստոսին, հիմա դեռ շուտ է։ Ջերմոցում հնարավոր է շուտ հասնի, բայց ջերմոցում գերհագեցնում են թունաքիմիկատներով․․․»։

Բերբերյանի խոսքով՝ խնդիրը առաջացել է նաև մաքսազերծման գործընթացով պայմանավորված․

«Առաջ մաքսազերծումը շատ արագ էր կատարվում, քանի որ տվյալ մասնագետը՝ ագրոտեխնիկը, նստած էր սահմանում, բայց հիմա դա թողել են մաքսայինի հայեցողության տակ, մաքսայինն էլ թողնում է դա մտնի Հայաստան։ Հիմա այնպես է ստացվել, որ այդ ապրանքը 2-3 օր մնում է տերմինալում։ Դա վարչապետն էլ պետք է իմանա, որ իր գործողությունները բերում են նման հետևանքների։ Տգետ մարդիկ այսօր պաշտոններ են զբաղեցնում, չեն հասկանում, թե ինչպես հարցը լուծեն։ Մենք այդ մաքսազերծումն այնպես էինք կազմակերպում, որ 1 օրում մաքսազերծումն իրականացնում էինք, հասել էինք նրան, որ 8 ժամում մաքսազերծում էինք իրականացնում։ Այսօր անգամ՝ Գյուղատնտեսության նախարարություն չունենք, անտեր հիմնարկ է։ Ու սաղ Նիկոլի մեղքն է, որ նախարարությունը փակեց»։


Oragir.News-ը Սննդի անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեց, թե արդյոք վերջին օրերին նման ահազանգեր ստացե՞լ են, ուսումնասիրություներ կատարե՞լ են.

«Մինչ այս պահը մենք նման բողոք չենք ստացել։ Ինչ վերաբերում է քաղաքացիների ձեզ ուղղված բողոքներին, խնդում ենք ճշտել, թե կոնկրետ որ հասցեից են գնել, որ հետո թափել են, որովհետև այնքան դառն է եղել, որ ուտել հնարավոր չի եղել։

Եթե փողոցային առևտուր է, ավտոմեքենայով են բերել և վաճառել, ապա դրանով պետք է զբաղվեն տեղական ինքնակառավարման մարմինները և ոստիկանությունը, որովհետև մենք կարող ենք գործ ունենալ միայն իրավաբանական անձանց հետ»։

Քաղաքացիները, որոնք նման խնդիրների են բախվում կարող են կապ հաստատել Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ՝ զանգահարելով 118 հեռախոսահամարով։