Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 25-06-2024

Ո՞վ կկրակի առաջինը տարեվերջին կանխատեսվող պատերազմի ժամանակ

Եվրամիության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ գնալով մեծանում է։ Սա պայմանավորված է ոչ միայն էքսպանսիոն հավակնություններով, այլև Մոսկվայից եկող միջազգային անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու մտահոգությամբ։ Ակնհայտ է, որ եթե ՌԴ-ն չպարտվի ուկրաինա-ռուսական պատերազմում, ապա կարող է նոր աղետալի պատերազմներ սանձազերձել այլ ժողովուրդների ազատության դեմ։ Օրինակ՝ Վրաստանում արդեն նկատելի է նահանջը եվրոինտեգրման կուրսից։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանն էլ հավասարապես խորացնեն հարաբերությունները Մոսկվայի հետ, ապա ռուսներին կարճ ժամանակում պարտության մատնելը կդժվարանա։

Օրեր առաջ Փաշինյանը Բաքվին առաջարկեց հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել։ Առաջին տպավորությունն այն էր, որ եվրադիտորդները ձանձրացել են և մտադիր են դադարեցնել քաղաքացիական առաքելությունն ու լքել ՀՀ-ն, իրենց տեղը զիջելով ռուսներին։ Սակայն երբ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունեց Փաշինյանի նախաձեռնությունը, ապա կասկած առաջացավ, որ իրավիճակն ավելի լուրջ է։ «Լարվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունել», - X սոցիալական ցանցում հունիսի 23-ին գրել էր եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, ապա հավելել, որ Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով 15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է կիսել իր փորձը։ Սա նշանակում է, որ թեև երկկողմ մեխանիզմի գաղափարը Փաշինյանն է առաջարկել, սակայն կիրառելու հարցում առանցքային դեր է ունենալու ԵՄ-ն։ Հետևաբար՝ եվրադիտորդները մտադիր չեն հեռանալու են, այլ նրանց կշիռն ավելի է ծանրանալու։

Այսինքն՝ արդեն պարզ է, որ եթե այս մեխանիզմը գործարկվի, այն լինելու է ԵՄ վերահսկողության տակ։ Այս դեպքում՝ ակնհայտ է, որ Բաքուն մերժելու է Փաշինյանի առաջարկը, ինչպես 2023-ին մերժեց նաև Ադրբեջանի տարածքում եվրադիտորդների տեղակայման առաջարկը։ Եթե ընդունի, ապա մեկ պայմանով, որ ՀՀ-ից դուրս բերվեն եվրադիտորդները։ Այս դեպքում Ալիևը կխլի Փաշինյանի նախաձեռնությունը և կծառայեցնի իր շահերին։ Եթե Փաշինյանն Ալիևի այս պայմանին համաձայնվի, ապա կարող ենք արձանագրել, որ երկկողմ մեխանիզմի արդյունքում կրկին շահեց Բաքուն, ավելի ճիշտ՝ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը։

Ենթադրելի է, որ ԵՄ-ն ստուգողական հարց է ուղղել Ալիևին, թե ի՞նչ կարծիք ունի Փաշինյանի առաջարկի վերաբերյալ։ Վերջինս պատասխանել է, թե ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել։ Դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմը պաշտոնապես ներկայացրել է Բաքվին մեխանիզմի մասին առաջարկը։ Ուշագրավ է նաև այն, որ ժողովրդին հայտնի չէ այս առաջարկի մանրամասները։ Սա հավելյալ կասկած է առաջացնում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։

Մեխանիզմների խոսույթի մասին շրջանառվում է երկու ենթադրություն։ Առաջին՝ լավատեսական ենթադրությամբ՝ Մոսկվան պատրաստվում է հեռանալ տարածաշրջանից որոշակի գնով։ Եվ վերջին շրջանում հրադադարի հաճախացած խախտումները այդ բանի ակնարկներն են։ Եթե հարավկովկասյան հանրապետություններն ու Արևմուտքը ակնկալվող գինը վճարեն, ապա Կրեմլն անդարձ կհեռանա։ Երկրորդ ենթադրությամբ՝ հրադադարի հաճախացած խախտումները հնարավոր ագրեսիայի մասին են զգուշացնում։ Եթե համադրենք նաև ՀՀ ԱԳՆ-ի օրեր առաջ արած կանխատեսումը նոյեմբերին ադրբեջանական ագրեսիայի հավանականության մասին, ապա երկկողմ մեխանիզմի առաջարկությունը նրա համար է, որ տարեվերջին միջազգային հանրությանը փաստերով ապացուցենք, թե ով է ագրեսորը, ո՞վ կրակեց առաջինը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան