Բարեկամական կապերը հայտնի են, փողերը՝ ոչ. պատասխան Մետրոյից
copy image url

Բարեկամական կապերը հայտնի են, փողերը՝ ոչ. պատասխան Մետրոյից

Ներքին 10 ամիս առաջ - 17:10 13-06-2024
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը նախորդ ամիս տեսանյութ էր հրապարակել և ահազանգել մետրոպոլիտենում առկա չարաշահումների մասին։

Ավագանու անդամը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենում գտնվող կրպակները շուկայականից ցածր գնով վարձակալությամբ են տրվում միայն 1 ընկերության, որն էլ իր հերթին նշված տարածքներն ավելի թանկ գնով վերավարձակալության է հանձնում տնտեսվարողներին։

Փաստացի՝ Մետրոպոլիտենն աշխատում է վնասով, մինչդեռ՝ կարող էր վարձակալություններից գումար աշխատել։

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ ընկերությունը, որը վարձակալում է Մետրոպոլիտենի բոլոր տաղավարները, ապա վերավարձակալության հանձնում, պատկանում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի փոխտնօրենի ազգականին, ընկերությունն էլ կոչվում է «Մետրոպոլիս»։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցում է ուղարկել Մետրոպոլիտենի լրատվության վարչություն, հետաքրքրվել, թե

1. Մետրոպոլիտենի տարածքում գտնվող տաղավարներն ի՞նչ սկզբունքով են վարձակալության հանձնվում։
2. Արդյոք մրցույթ հայտարարվո՞ւմ է, քանի՞ տարով։
3. Ինչո՞ւ Մետրոպոլիտենն այդ տարածքներն ուղղակի չի տրամադրում վարձակալության և ավելի շատ գումար աշխատում։
4. Ճի՞շտ է տեղեկությունը, որ Մետրոպոլիտենի տարածքում գտնվող տաղավարները վարձակալել է «Մետրոպոլիս» ընկերությունը։
5. Ընդհանուր քանի՞ տաղավար է վարձակալել նշված ընկերությունը և որքա՞ն գումար է վճարել։
6. Ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ նշված ընկերությունը փոխկապակցված է Մետրոպոլիտենի փոխտնօրենի հետ։
7. Քանի՞ տարի է նշված ընկերությունը վարձակալում, ապա վերավարձակալության հանձնում նշված տաղավարները։

Մեր հարցմանն ի պատասխան հայտնել են․

«1-ին և 2-րդ հարցադրումներին հայտնում եմ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքներն ու տաղավարները վարձակայության է հանձնում անձամբ՝ հրապարակային օֆերտայի միջոցով, Ընկերության Տնօրենների խորհրդի որոշմամբ սահմանված գնացուցակի համաձայն։

Գրության 3-րդ մասով հնչեցված հարցադրմանն ի պատասխան հայտնում եմ, որ Մետրոպոլիտենի տարածքում գտնվորղ տաղավարները, ի թիվս այլ վարձակալների, վարձակալության է հանձնվել նաև «Մետրոպոլիս» ՍՊԸ-ին։

Գրության 4-րդ և 6-րդ մասերի հարցադրումների մասով հայտնում եմ, որ տեղեկությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք և հրապարակման ենթակա չէ։

Ինչ վերաբերվում է գրության 5-րդ մասի հարցադրմանը, ապա օրենքի իմաստով Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալներից և ոչ մեկը «Մետրոպոլիս» ՍՊԸ-ի հետ չունեն որևէ փոխկապվածություն»։

Փաստացի՝ Մետրոպոլիտենը առևտրային գաղտնիքի անվան տակ չի բացահայտում, թե իր տարածքում գտնվող տաղավարներից քանի՞սն է վարձակալում «Մետրոպոլիս» ընկերությունը, ինչը հիմք է ենթադրելու, որ, եթե անգամ նշված ընկերությունը միակը չէ, ապա նրա վարձակալած տարածքները անհամեմատ ավելի շատ են։