Ուղիղ եթեր
Ճարահատության դրսևորում․ Հայրիկյանն արժանի է հարգանքի, բայց նրա հացադուլը Փաշինյանի վրա չի ազդի
copy image url

Ճարահատության դրսևորում․ Հայրիկյանն արժանի է հարգանքի, բայց նրա հացադուլը Փաշինյանի վրա չի ազդի

Ներքին 10 ամիս առաջ - 19:30 12-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ ձևավորվել է համազգային կոնսենսուս, ինչի դրսևորումը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն է, որն, ի հեճուկս իշխանականների հավաստիացումների, ոչ միայն չի մարում, այլև օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում։

Հասարակության մեծամասնությունը համակարծիք է, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ձախողել են երկրի կառավարումը, և վերջիններս պետք է օր առաջ հեռացվեն իշխանությունից, քաղաքացիների ու քաղաքական ուժերի միջև տարաձայնություններ կան բացառապես իշխանափոխության ճանապարհների և անցումային կառավարության ձևավորման դետալներին։ ՔՊ-ականները, այս տարաձայնությունները շահարկելով, փորձում են մանիպուլացնել հասարակությանը, սակայն փաստենք՝ նման ջանքերը հաջողությամբ չեն պսակվում, ավելին՝ չեն համոզում անգամ իշխանության ընտրազանգվածին։

Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմի անդամները շարունակում են կառչած մնալ իշխանությունից՝ հայտարարելով, որ չեն անցնցում հեռանալ։ Մինչ հանրության և քաղաքական դաշտի ներկայացուցիչների մի զգալի հատվածը գտնում է, որ Փաշինյանի հեռացմանը պետք է հասնել բողոքի ակցիաների և հանրահավաքների ճանապարհով, երկրում ստեղծված իրավիճակը որոշ անհատների ստիպում է ծայրահեղ քայլերի դիմել՝ հույս ունենալով այդ ճանապարհով հնարավոր կլինի ազդել իշխանությունների որոշման վրա։

Հունիսի 10-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ նախորդ օրվանից հացադուլ է սկսել՝ բողոքելով իշխանության՝ Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ։ Ավելի ուշ՝ Բաղրամյան պողոտայից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Հայրիկյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել նաև իր բողոքն արտահայտել այն բանի դեմ, որ Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն։ «Ես հացադուլ եմ սկսել՝ բողոքի հացադուլ, և այս կերպ ես նաև իմ անձնական մասնակցությունն եմ բերում ընդհանուր ընդվզմանը։ Այո՛, ցույցերին, քայլերթերին, ելույթներին կմասնակցեմ, ինչպես մասնակցել եմ, էլի կանեմ, բայց զուգահեռաբար այս բողոքի հացադուլով ես լրացուցիչ մեր հայրենակիցների ուշադրությունն եմ հրավիրում մեր պարտականությունների վրա, ոչ թե խնդիրների վրա»,- ուղիղ եթերում նշել էր Հայրիկյանը։

Անկախ հացադուլի և անձամբ Պարույր Հայրիկյանի ունեցած վերաբերմունքից՝ կարծում ենք, որ պետք է հարգել այն մարդուն, ով երկրում ստեղծված ծանր իրավիճակը շտկելու ցանկությամբ հացադուլ է հայտարարել՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը։ Ընդ որում, 74-ամյա Պարույր Հայրիկյանի դեպքում նման արարքը կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ նրա առողջության վրա, սակայն վերջինս գնացել է այդ արարքին՝ նպատակ ունենալով ազդել իշխանությունների հետագա արարքների, ինչպես նաև հանրային տրամադրությունների վրա։

Բացի այդ, ցանկանում ենք ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն բանին, որ հացադուլի միջոցով գրեթե անհնար է ինչ-որ փոփոխության հասնել, հատկապես Հայաստանի պայմաններում։ Նախկինում նույնպես բազմաթիվ գործիչներ, այդ թվում Պարույր Հայրիկյանը, հացադուլ հայտարարելու առիթներ ունեցել են, սակայն այդ ճանապարհով չեն կարողացել օրվա իշխանություններին պարտադրել, որ վերջիններս կատարեն իրենց պահանջները։ Ներկայումս՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք, անիրատեսական է ակնկալել, որ վերջինս կառաջնորդվի մարդասիրության սկզբունքներով և կկատարի հացադուլ հայտարարած Պարույր Հայրիկյանի պահանջները։

Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով տարբեր անհատներ հացադուլ են հայտարարում․ դեռևս 2020 թվականի նոյեմբերի վերջին Հանրապետության հրապարակում հացադուլ էին հայտարարել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, ՀՅԴ անդամ, ներկայումս ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, տարիներ առաջ զոհված զինծառայող Անդրանիկ Հայրապետյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը, ՀՅԴ մեկ այլ անդամ Գարիկ Ավետիսյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը, 2022-ին՝ «Դիմադրություն» շարժման սկզբնական օրերին Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Բոլոր այս դեպքերում իշխանությունները տեղի չտվեցին և չկատարեցին հացադուլ հայտարարած անձանց պահանջները, ուստի անիրատեսական է ակնկալել, որ Պարույր Հայրիկյանի դեպքում Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այլ կլինի։

Այսպիսով՝ Պարույր Հայրիկյանի այս ծայրահեղ արարքն, որ ամենայն հավանականությամբ ոչ մի ազդեցություն չի ունենա ՔՊ-ական իշխանության հետագա քայլերի վրա, ոչ այլ ինչ է, քան հուսահատության դրսևում, որից տուժելու է միայն ինքը՝ Հայրիկյանը։ Լավագույն արդյունքը, որն այս արարքով պարոն Հայրիկյանը կարող է արձանագրել, հանրային տրամադրությունների որոշակի փոփոխությունն է, որի արդյունքում առավել մեծ թվով անձինք կմիանան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող Սրբազան շարժմանն ու անխուսափելի կդարձնեն վերջինիս հեռացումը։

Միևնույն ժամանակ Պարույր Հայրիկյանի այս հացադուլը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հերթական դրսևորումներից մեկն է։ Որքան էլ օրվա իշխանությունները հայտարարեն, որ երկրում ճգնաժամ չկա և իրենք ամբողջովին տիրապետում են իրավիճակին, իրականում ճգնաժամ ոչ միայն կա, այլև այն օր օրի ավելի է խորանում և ընդդիմության առանցքային դերակատարներից հստակ հանգուցալուծումներ պահանջում։

Սույն հրապարակմամբ Oragir.News-ը նաև իր զորակցությունն է հայտնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին և հորդորում՝ հրաժարվել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի նման ծայրահեղ ճանապարհից։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»

Ձեզ գուցե հետաքրքրի