Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:41 25-10-2022

Զատուլինը հայտարարվել է անցանկալի անձ․ նա հայտարարել է, որ այս «հիստերիկ որոշումը» չի ազդի իր հայանպաստ գործունեության վրա


ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում. կեսօրին այս որոշման մասին հաղորդեց «Հայկական ժամանակը»՝ կից տեղադրելով Զատուլինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը։

Ավելի ուշ համացանցում տարածվեց ԱԺ արտաքին հարաբերությունների համակարգող Տիգրան Սեյրանյանի ստորագրությամբ փաստաթուղթը, որում նշվում է, որ նման որոշման կայացման հիմքում Զատուլինի՝ «վերջին շրջանում արված հրապարակային արտահայտություններն են, որ վնասում են Հայաստանի Հանրապետությանը»։

ՀԺ-ն հիշեցնում է, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը «բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Իսկ Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը նշում է, որ նման որոշման պատճառը՝ օրերս «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում «նիկոլի հասցեին հնչեցված մեղադրանքներն են»։ «Ինձ մոտ տպավորություն է, որ մոտ է հարավօսական սցենարի մոտավոր կրկնությունը: Կայսերական բնավորության համաձայն՝ ՌԴ-ն նիկոլական խունտայի կապիկությունների առջև լռելու է, լռելու, հետո երբ թուրք-ադրբեջանական կողմը որոշակի կցեղասպանի հայ ժողովրդին, ուղղակի կառավարական շենքի վրայի դրոշը կփոխվի ռուսականով, և ամեն ինչ կվերջանա»։

Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է իր՝ ՀՀ մուտքն արգելելու մասին որոշումը։ «Դա մեզ համար անսպասելի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ․․․ Ես դա գնահատում եմ որպես պատասխան Երևանում հոկտեմբերի 28-ին կայանալիք «Լազարևյան ակումբի» նիստին մասնակցելու հրավերին, որն ուղարկել էինք նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։ Քննարկման թեման է՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան։ Մենք ցանկություն հայտնեցինք քննարկել նման թեմա՝ կապված բոլորին հասկանալի այն բանավեճերի հետ, որոնք տեղի են ունենում այժմ Հայաստանում։ Իհարկե՝ գնահատում եմ այդ քայլը որպես վիրավորանք իմ անձի հանդեպ։ Եվ հարց է առաջանում՝ ո՞ր ելույթներ են իրենք համարում ցանկալի, որոնք՝ ոչ»։

Նա հավելել է, որ տարիներ շարունակ խոսել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման օգտին, հեղինակել ՌԴ Պետդումայի 1995թ․ Որոշումը, որից հետո Պետդումայի կողմից ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը․․․»։

Կոնստանտին Զատուլինը նաև տարօրինակ է որակել, որ իրեն անցանկալի անձ հայտարարելու նամակը ոչ թե դիվանագիտական խողովակով է ստացել, այլ ԱԺ վարչությունից։ «Ես կարող եմ միայն ցավով արձանագարել, որ այսօր ՀՀ-ում մի իշխանություն է, որը հաշվի չի նստում ո՛չ արդարության, ո՛չ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման շահերի հետ․․․ Իմ ելույթները հենց այս իրավիճակի մասին էին․ այսօր ՀՀ իշխանությունները ՌԴ դաշնակից պետությունից ցանկանում են վերածվել Արևմուտքի դաշնակից պետության»,- ասել է Զատուլինն՝ ընդգծելով, որ «ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները» չեն ազդի իր հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։