ՀՀ ճանապարհների համար կռիվը մտնում է նոր փուլ
copy image url

ՀՀ ճանապարհների համար կռիվը մտնում է նոր փուլ

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:36 11-06-2024
ՀՀ-ով անցնող ճանապարհները միջազգային քննարկման օրակարգի առաջին հարցերից են դարձել 2020-ի պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը մնացել է օդում, անկատար թողնելով ռուս-թուրք-ադրբեջանական հակահայ պլանները։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Հնդկաստանն ու Իրանը ևս շահեր ունեն Հայաստանով անցնող Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհի գործարկմամբ, որի մասին նշված է նաև 2023-ի աշնանը G20-ի բանաձևում։ Այս մրցակցության մեջ ՀՀ-ն դեռևս չի կարողանում կողմնորոշվել և չեզոքացնել վտանգները, որոնք գալիս են Նոյեմբերի 9-ի 9-րդ կետից։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստան է ժամանել երկուշաբթի օրը, հանդիպել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի և Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Նարիշկինի, հունիսի 11-ին՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի, իսկ ավելի ուշ՝ նաև Պուտինի հետ։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահն էր այցելել Անկարա։ Զուգահեռաբար՝ անցկացվում են թուրք-ադրբեջանական հատուկ ջոկատայինների զորավարժություններ։ Ի՞նչ կարող էին քննարկել մեր չբարեկամները, և արդյո՞ք նոր ագրեսիա են ուզում սանձազերծել Հայաստանի դեմ 9-րդ կետի համար։

Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Մոսկվան պարբերաբար ցույց է տալիս, որ ոչ բարեկամաբար է վերաբերվում Հայաստանին։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու վերաբերյալ։ ՔՊ-ական իշխանությունները Բաքվի քայլերն ապակառուցողական են որակում, մեղադրում Ադրբեջանին Խաղաղության բանակցությունները տորպեդահարելու մեջ։ Արդյո՞ք խաղաղության գործընթացը տորպեդահարող Բաքուն պատարստվում է Հայաստանի դեմ ագրեսիայի։

Մյուս կողմից՝ առաջիկայում ուկրաինա-ռուսական պատերազմում Ուկրաինային աջակցող երկրները մտադիր են վճռական քայլերի դիմել։ Ենթադրվում է, որ այդ մասին բանաձևեր կընդունվեն հունիսի 15-16-ին Շվեյցարիայում գումարվող Խաղաղության գագաթաժողովի ժամանակ, որին հրավիրված են 160 երկրներ։ Ակնկալվում է նաև, որ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Մոսկվայի դեմ։ Այսպիսի զարգացումների պարագայում Հայաստանով արտատարածքային ճանապարհը կենսական նշանակություն կունենա Ռուսաստանի համար։

Հիշեցնենք, որ 2020-ին Արցախի դեմ պատերազմում չբարեկամները հաղթեցին մեծ մասամբ Թուրքիայի աջակցության շնորհիվ։ Անկարան ոչ միայն զենքով, զինվորականներով մասնակցեց, այլև ապահովեց ՀՀ-ի դեմ պատերազմի լեգիտիմությունը։ Հիշեցնենք, որ տարեսկզբին մի շարք հայտնի վերլուծական կենտրոններ կանխատեսել էին, որ Հայաստանի նկատմամբ հնարավոր է ագրեսիա լինի 2024-ին։ Արդյո՞ք Թուրքիան կմասնակցի Հայաստանի դեմ ռուս-ադրբեջանական հնարավոր ագրեսիային։

Նկատենք, որ չբարեկամների ագրեսիայի համար ներկայում նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Իրանում նախագահական ընտրությունների շրջան է։ Դեռ հայտնի չէ, թե ով կընտրվի, և ինչ կուրս կվարի Թեհրանը։ Մոսկվան ու Անկարան կարող են աջակցել հաղթելու մեծ շանս ունեցող նախագահի թեկնածուին, պայմանով, որ վերջինս չի խոչընդոտի ՀՀ-ի դեմ ագրեսիային։ Ֆրանսիայում ԱԺ ընտրություններ են նշանակվել։ Կանխատեսվում է, որ Մակրոնը կպարտվի ու հրաժարական կտա։ Այստեղ ևս Պուտինն ու Էրդողանը կարող են դրույք անել Լը Պենի վրա, նրանից չեզոքություն ակնկալելով Հայաստանի հարցում։ ԱՄՆ-ում ևս նախընտրական շրջան է բացվում, որն ինքնին համար ժամանակ է չբարեկամների համար։ Հանրապետականների թեկնածու Թրամփը կրկին հանդես է գալիս «Ամերիկան ամերիկացիների համար» ինքնամփոփ կարգախոսով, ինչը ենթադրում է, որ Թրամփի հաղթելու պարագայում ԱՄՆ-ն ռեսուրս չի ծախսի ՀՀ-ն պաշտպանելու վրա։

Հաքան Ֆիդանի հունիսի 10-ի և 11-ի հանդիպումների պատկերը հիմք է տալիս ենթադրելու, որ քննարկվող թեման Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի մտադրության և Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի չեզոքությունն ապահովելուն ուղղված ջանքերի մասին է եղել։ ՌԴ-ն ակնկալում է, որ Թուրքիան այս անգամ ևս լուրջ ջանքեր կգործադրի, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Իրանը չդատապարտեն ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիան, չպաշտպանեն հայ ժողովրդին։

Հայաստանով անցնող միջազգային ճանապարհն է եղել նաև հունիսի 11-ին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման ժամանակ քննարկվող թեմաներից մեկը։ Այս մասին ակնարկել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, ասելով՝ «Աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Ուրախ ենք այդ ջանքերին աջակցել»։

Կարճ ասած՝ Հայաստանի ճանապարհների համար կռիվը շարունակվում է։ Այն շարունակվում է նաև ՔՊ-ական իշխանության ոչ համարժեք քաղաքականության, մասնավորապես՝ խաղաղության խաչմերուկ նախագիծն առաջ տանելու պատճառով։ Ժամանակը ցույց տվեց, որ փաշինյանական խաչմերուկային նախագիծը չչեզոքացրեց ագրեսիայի ռիսկերը, չբավարարեց ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամների ցանկությունները։ ՔՊ-ական ձախողման ակնառու վկայությունն է այն, որ այս օրերին Մոսկվայում դեռ քննարկում են Հարավային Կովկասի թեման։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
23:41 Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում
08:35 Քասախցիները կրկին  փակել են Աշտարակ-Երևան մայրուղին. ՈւՂԻՂ