Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր փորձության շեմին են։ Եվրախորհրդարանի ընտրություններում Մարին Լը Պենի հաղթանակից հետո նախագահ Մակրոնը ԱԺ արտահերթ ընտրություններ է նշանակել, որոնք կանցկացվեն հունիսի 30-ին և հուլիսի 7-ին։ Ենթադրվում է, որ Մարին Լը պենը կհաղթի նաև Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում։ Ինչպիսի՞ն կլինի այդ ընտրություններից հետո հայ-ֆրասնիական հարաբերությունները։ Ի՞նչ կշահի կամ կկորցնի Հայաստանը, եթե Մարին Լը Պենը հաղթի նաև ԱԺ ընտրություններում։ Այս առումով՝ փորձագետները զարգացնում են երկու վարկած։
Հայտնի է, որ Լը Պենն ու ՌԴ նախագահ Պուտինը լավ հարաբերություններ ունեն։ Ասեկոսեներ են պտտվում նաև, թե Մոսկվան աջակցում է եվրոպական աջ ծայրահեղականներին, որոնք հանդես են գալիս ազգային ռեսուրսները իրենց երկրների զարգացմանն ուղղելու օգտին։ Նկատենք, որ ուկրաինա-ռուսական պատերազմի հետևանքով եվրոպական երկրների ժողովուրդները ևս տուժում են։ Հետևաբար՝ աճում է դժհգոհությունը։ Եվ թերևս նաև սրանով է պայմանավորված եվրախորհրդարանի ընտրություններում աջ ծայրահեղականների հաջողությունները եվրոպական մի շարք երկրներում։ Հետևաբար՝ եթե Լը Պենը հաղթի նաև Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում, իսկ եվրոպական մյուս երկրներում էլ հաղթեն նույպիսի աջ ծայրահեղականները, ապա ԵՄ-ն կարող է փոքրացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը, որի արդյունքում Ռուսաստանը կարող է չպարտվել։ Չպարտվելուց լկտիացած Մոսկվան կարող է ագրեսիվ նկրտումներ դրսևորել նաև մեր տարածաշրջանում, ինչից ՀՀ-ն կարող է տուժել, քանի որ Մոսկվան վերջին շրջանում ակնհայտ հակահայկական դիրքորոշում է արտահայտում և աջակցում Բաքվին։
Նկատենք, որ Ֆրանսիան կարևոր դիրք է զբաղեցնում Հայաստանի կյանքում։ Նա ընդգծված հայամետ դիրքորոշում ունի։ Հայաստան-Ֆրանսիա ռազմաքաղաքական գործակցությունը բարձր մակարդակի վրա է։ ՀՀ-ին ֆրանսիական սպառազինություն է մատակարարվում։ Մակրոնի միջնորդությամբ ձեռք են բերվել պայմանավորվածությունները հայ-ադրբեջանական բանակցություններում։ Փարիզը Արցախի հարցում ևս հայամետ դիրքորոշում է արտահայտում, պարբերաբար բարձրացնում արցախահայերի վերադարձի, ինքնորոշման իրավունքի հարցերը։ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։ Օրեր առաջ Ալիևն ակնկալել էր, որ Հայաստանը ևս հանդես կգա Մինսկի խմբի գոյության դադարեցման մասին առաջարկով, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը նշանակում է, որ Արցախի հարց կա։
Երկրորդ վարկածը զարգացվում է պատմական զուգահեռների վրա, ըստ որոնց 20-րդ դարում եվրոպական ագայնական ղեկավարներն ագրեսիվ ու խիստ քաղաքականություն են վարել Ռուսաստանի նկատմամբ։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ հիմա էլ նույնպես կվարվեն։ Սկզբում կգործակցեն Մոսկվայի հետ, իսկ ամրապնդվելուց հետո կատաղի հարված կհասցնեն ՌԴ-ին, վերջնական կապիտուլյացիայի մատնելու նպատակադրմամբ։ Ու եթե ՌԴ-ն վերջնական պարտվի ու հրաժարվի երբեմնի խորհրդային բռնազավթման ենթարկված երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ ազդեցություն պահպանելու ագրեսիվ հավակնություններից, ապա ՀՀ-ն կարող է վերջնական ազատվել ռուսական կախվածությունից, լրիվ անկախություն ձեռք բերել։ Առաջընթացի ու զարգացման նոր հնարավորություններ կբացվեն ՀՀ-ի առաջ։ Հնարավոր է նույնիսկ, որ այսպիսի զարգացման պարագայում Արցախը կրկին ազատագրվի ու միավորվի Հայաստանին։ Հիշեցնենք, որ 2017-ին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարել այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ: Նման համոզմունք Լը Պենը հայտնել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:
Չի բացառվում, որ Ֆրանսիայի կառավարության փոփոխությունը արձագանք գտնի նաև ՀՀ-ում։ Այսինքն՝ եթե Մակրոնը պարտվի հունիսի 30-ի և հուլիսի 7-ի ԱԺ ընտրություններում, ապա չի բացառվում, որ Փաշինյանը, որի ամենամեծ արտաքին հովանավորը վերջին շրջանում դարձել էր Մակրոնը, նույնպես արտահերթ ընտրություններ կնշանակի։ Հնարավոր է համարվում, որ Եվրոպայի ազգայնականները կփորձեն աջակցել նաև հայ ազգայնականներին։ Այս դեպքում հնարավոր է, որ նժդեհականությունը դոմինանտ գաղափարախոսություն կդառնա ՀՀ-ում։
Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը վերջին շրջանում խճճվել է արտաքին գործընկերներին տված խոստումների արանքում, ապա չի բացառվում, որ ՔՊ-ն կօգտագործի առիթն ու ընտրություններում կպարտվի, օդում թողնելով ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ռուսներին, Էրդողանին ու Ալիևին տված խոստումները։
Պարզ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը լուրջ փորձության առջև է։ Մի կողմից նրան ճնշում է վարչապետի հրաժարականը պահանջող ժողովրդական շարժումը, մյուս կողմից աշխարհաքաղաքական և եվրոպական փոփոխությունների արդյունքում նա կարող է կորցնել արտաքին հովանավորներին։ Այսպիսի իրավիճակում ՀՀ-ում նոր իշխանության ձևավորման օբյեկտիվ պահանջ կառաջանա։ Եվ անկախ այն բանից, թե ՀՀ-ում ընտրությունները կանցկացվեն առաջիկա ամիսներին, թե 2026-ին, հաջողության կհասնի այն ուժը, որը կկարողանա նոր աշխարհակարգին համարժեք քաղաքականություն առաջարկել։ Հետևաբար՝ քաղաքական ուժերը խաղից դուրս չմնալու համար պիտի վերանայեն աշխարհաքաղաքական մոտեցումները, աշխարհին և ժողովրդին հասկանալի նոր ծրագրեր ու հայցեկարգեր ներկայացնեն։
Թաթուլ Մկրտչյան