«Նախևառաջ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հետ կապված միայնակ որոշում կայացնել չի կարող, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության համար կարևոր է, որպեսզի միջազգայնորեն էլ ամրագրվի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Բաքուն «լուծել է» ռազմական ճանապարհով և պատերազմի միջոցով»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ
Տաթևիկ Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Ալիևը ձգտում Հայաստանի հետ համատեղ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գործընթաց նախաձեռնել, և այն իր մեջ ի՞նչ ռիսկեր է պարունակում։
Ադրբեջանագետը շեշտում է՝ Ալիևը յուրաքանչյուր հանդիպման ժամանակ գլուխ է գովում և հպարտանում, որ ինքն այդ հարցը լուծել է պատերազմի միջոցով, դա միակ հակամարտությունն էր, որը լուծում է ստացել, իսկ այդ լուծումը եղել է պատերազմը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այժմ ցանկանում է հասնել այդ իրավիճակի միջազգային ամրագրմանը, ու այդ ճանապարհին Ալիևը հույս է հայտնում, որ Հայաստանն իրեն կօգնի, քանի որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը շարունակ բավարարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, և քաղաքական ամրագրումներ է տալիս ուժով և ուժի սպառնալիքով ձևավորված իրողություններին։
«Դա մեծ ռիսկեր է պարունակում ոչ միայն Հայաստանի համար՝ հետագա հնարավոր ագրեսիաների տեսանկյունից, այլև համաշխարհային առումով․ պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում, որ ցանկացած հակամարտության դեպքում, որտեղ մի կողմը տվյալ պահին ավելի ուժեղ է, հնարավորությունների է տիրապետում, գնում է պատերազմի, նոր իրողություններ է ստեղծում, և ամբողջ աշխարհն ընդունում է այդ իրողությունները։ Այդ դեպքում ինչո՞ւ է ամբողջ աշխարհը քննադատաբար մոտենում Ուկրաինայում Ռուսաստանի, Պաղեստինում՝ Իսրայելի գործողություններին, կամ աշխարհի այլ հատվածներում ծավալվող հակամարտություններին, չէ որ այդ ամենը նախադեպային է, և Ալիևը ձգտում է հասնել դրա ամրագրմանը»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին, թե, իր համոզմամբ, ՀՀ իշխանություններն ինչպե՞ս կարձագանքեն Ալիևի այս առաջարկ-պահանջին՝ Տաթևիկ Հայրապետյանն ափսոսանքով պատասխանեց, որ գործող իշխանություններն Ադրբեջանի պահանջներն այնքան են բավարարել, որ հույս ու լավատեսություն չեն թողել առ այն, որ կարող են ինչ-որ պահանջներ այլևս չբավարարել։ Մեր զրուցակիցը վերահաստատեց՝ այս պահանջի կատարումը միջազգային առումով է մեծ խնդիրներ ստեղծելու ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր այն պետությունների համար, որոնք տվյալ պահին ավելի թույլ են և չեն կարող դիմակայել ագրեսիաներին․ «Դա կնշանակի, որ այսուհետ աշխարհում հարցերը պատերազմով են լուծվելու»։
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանն իր սահմանադրությունը չփոխի, ապա խաղաղության պայմանագիր ստորագրումն անհնար է՝ Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ Բաքվի ղեկավարն այս հարցում մի քանի նպատակ է հետապնդում։ Նա հիշեցրեց, որ այս թեզը նոր չէ, և ինքը բազմիցս՝ իր հրապարակային խոսքում, պնդել է ու շարունակում է պնդել, որ Ադրբեջանին ոչ մի փաստաթղթի ստորարգրում պետք չէ, և սա պարզապես մի գործընթաց է, որի միջոցով վերջինս հասնում է իր պահանջների բավարարմանը։
«Սկզբում Լեռնային Ղարաբաղի հարցն էր, հետո այդ թեման թողեցին, ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրն էր, հետո դա էլ մոռացվեց։ Հերթով-կարգով բոլոր հարցերում զիջումներ են կատարում, հիմա էլ արդեն խոսում են Սահմանադրության խնդիր մասում և նշեմ՝ այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանի միջոցով է մտել հանրային քննարկման դաշտ։
Եթե հայկական կողմն ի սկզբանե փակեր այդ հարցը և ասեր, որ դա միջամտություն է իր ներքին գործերին, հատկապես, ինչպես ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ է ասվում, որ այդ այսպես կոչված թղթի նախագծում կետ կա, որ ներօրենսդրային փաստաթղթերն ու տարբեր ակտերը խաղաղության պայմանագրի վրա որևէ ազդեցություն չունեն, ապա այդ թեման կփակվեր։ Սակայն, Նիկոլ Փաշինյանը դա նետել է հանրային տիրույթ և Հայաստանին ծուղակի մեջ գցել, որովհետև եթե դու գնում և այո ես ասում այդ փոփոխությանը, ապա դա նշանակում է, որ համաձայնում ես պատերազմով իրողություններ փոխելու և նոր իրողություններ ձևավորելու Ադրբեջանի քաղաքականությանը, որից հետո արդեն Հայաստանի դեմ Ադրբեջանի հետագա բոլոր քայլերը պետք է նորմալ համարվեն, իսկ ոչ ես ասում, ապա Ադրբեջանը ներկայացնում է, որ դու խաղաղություն չես ցանկանում։ Այսինքն՝ դա խորամանկ ծուղակ էր, որի մեջ հաջողվեց Հայաստանին գցել՝ Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ»»,- նկատում է ադրբեջանագետը։
Ինչ է վերաբերում է այն պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հուլիսի 1-ից սահմանազատման գործընթացը շարունակել այլ հատվածերում, Տաթևիկ Հայրապետյանը միանշանակ վստահություն հայտնեց, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ոչ մի տարածքից դուրս չի գալու՝ նշելով, որ շատ ուրախ կլինի, եթե իր այս կանխատեսման մեջ սխալվի։ Նրա խոսքով՝ որևէ մեկը այնպիսի լծակներ չունի, որ դրդի Ադրբեջանին դա անել, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ Ալիևը կարողացել է բոլոր միջնորդներին գործընթացից դուրս թողնել։
Հայրապետյանը հավելեց՝ ադրբեջանական տիրույթում՝ տարբեր իշխանական պատգամավորների շուրթերից արդեն հստակ հնչում է, որ խոսքն արդեն վերաբերում է «անկլավային տարածքներին», ինչի պահանջը Բաքուն Երևանի առաջ դրել է։ «Ուստի կարծում եմ, որ հենց այդ ռումբն էլ պատրաստվում են առաջիկայում պայթեցնել, կամ այդ ուղղությամբ քննարկումներ կատարել»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան