Ե՛վ Նախագահ Վահագն Խաչատուրյանի, և՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վարկանիշը ցածր է: Նրանց խոսքն ու գործը հանրության մի մասի կողմից նույնիսկ չի էլ նկատվում։ Մասնավորապես՝ հանրության մեծ մասը չեն կարող ասել, թե որն է Խաչատուրյանի գործառույթների շրջանակը, չնայած՝ նախագահի ինստիտուտը պահելու համար հարկատուների միջոցներից մեծ գումարներ են հատկացվում։
Նկատենք, որ ըստ արարողակարգի՝ Նախագահին են ներկայացվում արտաքին ներդրումների, կապերի, օտարերկրյա ներկայացուցչություններ բացելու և արտաքին քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերը։ Օրինակ՝ երբ ինչ-որ երկիր ուզում է ներդրում կատարել ՀՀ-ում, ապա այդ ծրագիրը ներկայացվում է նաև Նախագահին։ Կամ երբ ՀՀ-ում դեսպան է նշանակվում, ապա հավատարմագրերը հանձնում են Նախագահին։ Այսպիսով՝ Նախագահն ի պաշտոնե՝ արտաքին քաղաքականության դակիչ գործառույթ է իրականացնում։ Այստեղ քաղաքականություն որոշող մարմինը ԱԳՆ-ն է։ Եվ ենթադրաբար՝ այս երկու ինստիտուտները սերտ համագործակցության մեջ պիտի լինեն, գրեթե ամենօրյա շփումներ ունենան։ Սակայն պարզվում է՝ այդպես չէ։
Հունիսի 6-ին Նախագահ Խաչատուրյանն ընդունում է ԱԳ նախարար Միրզոյանին, շնորհակալություն հայտնում վերջինիս մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար։ Առնվազն անհասկանալի է, թե ի՞նչ կարիք կար Միրզոյանին շնորհակալություն հայտնելու։ Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ԱԺ-ում տարեկան հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ԱԳ նախարարը չասաց մի բան, որը հանրության, առավել ևս՝ նախագահի համար նորություն լիներ։ Միակ նորությունը թերևս այն էր, որ ԱԳ նախարարը հունիսի 4-ին իր խոսքի մեջ հիշատակեց ՀՀ նախագահին, որին ՀՀ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը հավատարմագրեր է հանձնել օրեր առաջ։ Նա արտաքին քաղաքականության ձեռքբերում համարեց այն, որ 44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո մահմեդական որոշ երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, դռներ են բացել ՀՀ-ի առաջ, որոնք տասնամյակներ փակ էին Ադրբեջանի խնդրանքով։ Արդյո՞ք Խաչատուրյանը շնորհակալություն հայտնում նախարարին իր անունն այս համատեքստում տալու համար, թե՞ այլ պատճառներ էլ կային։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա»,- ասել է Խաչատուրյանը Միրզոյանին:
Նկատենք, որ ՔՊ-ական իշխանությունը և, մասնավորապես՝ ԱԳՆ-ն շատ քիչ բան են արել ՀՀ անվտանգ ապագայի ուղղությամբ։ ՀԱՊԿ անդամության սառեցումը, եվրոդիտորդների տեղակայումը և Ներքին Հանդից ռուսական զորքերի դուրս բերումը չնչին քայլեր են և ամենևին էլ ուղղված չեն ապագային։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Միրզոյանը նշել է. «Պարոն նախագահ, իսկապես անչափ շոյված եմ հնչեցված գնահատականների համար: Ես կարևորում եմ երկխոսությունը քաղաքացիների հետ: Կարևորում ենք, որ մեր քաղաքականությունը նրանց համար հասկանալի լինի»:
Նախարարի այս խոսքն էլ կարելի է որպես հումոր ընդունել, քանի որ քաղաքացիների համար հասկանալի չէ, թե ՀՀ-ն ուր է գնում, և որոնք են ՀՀ արտաքին քաղաքական տեսլականն ու առաջնահերթությունները։
Հաջորդ ուշագրավ դրվագն այն է, որ Խաչատուրյանն ու Միրզոյանը քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Եթե արտաքին քաղաքական մարտահրավերը պատերազմն է, ապա Տավուշի փորձով պարզ է, թե կառավարությունը ինչպես է դրանք չեզոքացնում։ Նիկոլ Փաշինյանը գալիս է գյուղ, ասում է՝ «հողերը պիտի տանք, թե չէ վաղը պատերազմ կլինի»։ Ու հանձնում են։ Հետևաբար՝ հայտնի չէ, թե սրանից բացի՝ ինչ են քննարկել նախագահն ու նախարարը։
Եվ այս հանդիպման մասին տեղեկատվության վերջում էլ նշվում է, որ մտքեր են փոխանակվել ԱԳՆ-ի և նախագահականի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ։ Սա արդեն վերջն է։ Նշանակում է, որ նախարարությունն ու նախագահականը միասնական դիրքորոշում մշակելու խնդիր ունեն, ինչն իրականում՝ նրանց առօրյա աշխատանքը պիտի լինի։
Պարզ ասած՝ կա տեսանելի առաջընթաց։ Նախագահն օգտվելով առիթից, որ նախարարն իր անունն է տվել հաշվետու զեկույցի ժամանակ, ենթադրաբար՝ փորձում է իրազեկվել ՀՀ արտաքին քաղաքական կուրսից, որպեսզի օտարերկրացիների հետ հանդիպումներում անհարմար իրավիճակ չհայտնվի։
Թաթուլ Մկրտչյան