Ուղիղ եթեր
Հայ-թուրքական առաջին համբույրն ու զսպանակի էֆեկտը
copy image url

Հայ-թուրքական առաջին համբույրն ու զսպանակի էֆեկտը

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:34 04-06-2024
Հայաստանի և Թուրքիայի միջև առաջին միջպետական հիմնարար պայմանագիրը 1918 հունիսի 4-ին կնքված հաշտության և բարեկամության պայմանագիրն է։ Ինչպե՞ս է դրան արձագանքել ժողովուրդը, և ի՞նչ էֆեկտ է ունեցել Հայաստանի համար։

Բաթումի պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12500 ք/կմ: Պետք է լուծարվեին ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Թուրքիան հնարավորություն էր ստանում Հայաստանի տարածքով զորք անցկացնել Ադրբեջան։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։

Պայմանագրի քաղաքական ձեռքբերումն այն էր, որ ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։

Զորավար Անդրանիկը Բաթումի պայմանագիրը համարում էր հայության վզին փաթաթած ստորության շղթա։ Նրան հատկապես զայրացրել էր Բաթումի պայմանագրի 5-րդ հոդվածը, որի համաձայն ինքը և իր զորքը կամավորական այլ զորաջոկատների հետ միասին որակվում էին բանդա և համարվում օրենքից դուրս։

Պատկերավոր ասած՝ Բաթումի պայմանագիրը հայ-թուրքական առաջին համբույրն էր Հայոց Ցեղասպանությունից հետո։ Բնականաբար՝ ժողովրդի մեծ մասը, հատկապես՝ ֆիդայիները, համաձայն չէր այս ստորացուցիչ պայմանագրի հետ։ 1918 թ. հունիսի 5-9-ը Երևանում տեղի են ունենում խոշոր ցույցեր ընդդեմ հայ-թուրքական հաշտության պայմանագրի: Ցուցարարները պահանջում էին չեղարկել պայմանագիրը, շարունակել կռվել և պաշտպանել հայկական հողերը։ ՀՀ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը ստիպված էր հանդես գալ հայտարարությամբ։

Բաթումի հունիսի 4-ի պայմանագիրը շատերը մինչ օրս որակում են կապիտուլյացիոն։ Ժողովրդի մեծ մասը, և առաջին հերթին ֆիդայիններն ու զինվորները, որոնք ոգևորվել էին մայիսյան հաղթանակներով, այդ օրերին դեմ էին որևէ պայմանագիր ստորագրելուն Օսմանյան կայսրության հետ։ Սակայն Հայաստանի Հանրապետության մեծագույն գործիչներից մեկը՝ Արամ Մանուկյանը, ով հանդիսանում է ՀՅԴ-ի կուռքերից մեկը, կարողանում է Աստաֆյան (ներկայում՝ Աբովյան) փողոցի իր տան պատշգամբից ունեցած մեկ ելույթով համոզել ստորացուցիչ հաշտության դեմ մի քանի օր շարունակ բողոքի ցույցեր անող ժողովրդին՝ ֆիդայիններին, զինվորականներին, հոգևորականներին և ուղարկել տուն։

Բաթումի հունիսի 4-ի պայմանագիրը անկասկած ստորացուցիչ էր։ Բայց, այնուամենայնիվ, ակնհայտ քաղաքական ձեռքբերում էր, քանի որ առաջին անգամ ճանաչվում էր Հայաստանի անկախությունը։ Եվ առաջին ճանաչողը ոխերիմ թշնամի դարձած Թուրքիան էր, որի ձեռքով զոհ է գնացել հայ ժողովրդի մեծ մասը։

Բաթումի պայմանագրի քաղաքական դասի էությունն այն է, որ թեկուզ փոքր տարածքով, բայց անկախ պետությունը գերադասելի է շարունակական ապստամբությունից։ Ցավոք՝ այսօր, երբ ՀՀ-ն արդեն 33 տարի անկախ է, դեռ կան հանրային գործիչներ, որոնք անկախությունը ստորադասում են, առաջնահերթություն տալով բարեկեցությանը։ Քիչ չեն նաև փոքրոգի և արկածախնդիր պետական գործիչներ, որոնք թեև խոսում են անկախության պաշտպանության մասին, սակայն գործնականում ոչինչ չեն անում, երբեմն՝ նունիսկ՝ գործում են ազգային շահերի դեմ։

Բաթումի պայմանագիրը նաև լավատեսություն է ներշնչում, քանի որ ցուցադրում է սեղմված զսպանակի էֆեկտը։ Եթե առաջիկայում աշխարհաքաղաքական նպաստավոր պատուհան բացվի, և օրինակ՝ կործանվեն Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես Առաջին աշխարհամարտում, ապա հույս կա, որ սեղմված զսպանակի էֆեկտով Հայաստանը կրկին կարող է ազատագրել հայկական հողերի մի մասն ու միավորել մեկ հայրենիքի մեջ, ինչպես 1918-1920-ին։ Իսկ եթե նաև ժողովրդի միջից մի նոր Արամ Մանուկյան դուրս գա, ապա կարելի է ասել, որ կապահովվի ոչ միայն պետության պաշտպանությունն ու անվտանգությունը, այլև ժողովրդի ազատությունն ու ներքին խաղաղությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի