Երևան +10°
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 17:00 13-01-2023

Թուրքիան անկեղծ է Հայաստան հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերում. թուրքական պետական լրատվականն ամփոփել է հայ-թուրքական բանակցությունները

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել, որում հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին մանրամասներ է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել է նախորդ մեկ տարում տեղի ունեցած զարգացումները։

Պարբերականը հայտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և Անկարան անկեղծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Գործակալությունը հիշեցնում է, որ մեկ տարի է անցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից և այս ընթացքում ձեռնարկվել են մի շարք քայլեր ինչպիսիք են երկու երկրների միջև ուղիղ թռիչքների վերսկսումը և օդային բեռնափոխադրումների թույլատրումը։

Թուրքական պետական գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Անկարայի և Երևանի միջև «սառույցը կրկին սկսել է հալվել»։

«Անադոլու» լրատվական գործակալությունը գրում է, որ 2022 թվականի մարտին տեղի 9 տարվա դադարից հետո տեղի ունեցավ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, ինչը հարաբերությունների կարգավորման բանակցություններում ևս մեկ «հուսադրող քայլ էր»։

Բացի այդ լրատվականը կարևորել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Պարբերականը կարևորել է նաև հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը, որը կայացավ 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում։ Այս հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հնարավորինս շուտ բացել հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար և վերացնել օդային բեռնափոխադրումների համար սահմանված արգելքը։

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները «Անադոլու»-ին հայտնել են, որ հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումից հետո տարբեր կառույցների մասնակցությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև փորձագետների մակարդակով երկու առանձին հանդիպում է տեղի ունեցել։ Վերջիններս նշում են, որ ներկայումս երրորդ երկրների քաղաքացիների տարանցման հնարավորություն ընձեռելու վերաբերյալ որոշման իրականացման համար տեխնիկական ուսումնասիրությունները շարունակվում են։

Հաղորդվում է, որ այս ուսումնասիրությունների շրջանակներում Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի մոտ գտնվող կամուրջը Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների կողմից համատեղ վերականգնվել է։ Այս կամրջով երրորդ երկրների քաղաքացիների անցման գործընթացը կհստակեցվի՝ կախված այն բանից, թե կամուրջն ինչ կարգավիճակ կունենա։

Բացի այդ թուրքական պետական գործակալության դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկա բանակցություններում կարող են քննարկվել նաև որոշ այլ հարցեր, հատկապես երկու երկրների միջև փոխադարձ առևտրի մեկնարկը։

Նրանք նկատել են, որ չնայած նախորդ ամիսների համեմատ բանակցությունների տեմպը որոշակիորեն դանդաղել է, այնուամենայնիվ վերջիններս փաստել են, որ գործընթացը շարունակվում է, և երկու երկրները ներկայումս տեխնիկական հարցեր են քննարկում։

Դիվանագետները նաև ընդգծել են, որ արտաքին միջամտությունները տարածաշրջանում կարող են բացասաբար ազդել տարածաշրջանի բոլոր գործընթացների վրա։ «Անկարան կշարունակի ջանքեր գործադրել ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, այլև ողջ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։ Մենք փորձում ենք դա անել անկեղծորեն»,- ասել է մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում։

Դիվանագիտական աղբյուրները ընդգծել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային առևտրի վերսկսման հնարավորությունը՝ նշելով, որ մինչև 1993 թվականը երկու երկրների միջև տարեկան իրականացվել է 160 հազար տոննա բեռնափոխադրում։ Նրանց խոսքով՝ այս ցուցանիշը կարող է երկրաչափական պրոգրեսիայով չափով աճել, եթե Հայաստանը և Թուրքիան վերաբացեն երկաթուղին։

Անդրադառնալով հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպմանը՝ թուրք դիվանագետները տեղեկացրել են, որ դեռևս բանակցությունների հստակ ամսաթիվը սահմանված չէ, և հանդիպման անցկացման համար պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկվեն։ Միևնույն ժամանակ նշվում է, որ հաջորդ բանակցությունները կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։

Անդրադառնալով 2022 թվականի փետրվարի 2-ից Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած միջև ուղիղ չվերթներին՝ աղբյուրները հայտնել են, որ փոխադարձ թռիչքները շատ լավ են ընթանում, մարդիկ հեշտությամբ գնում-գալիս են և այլն։ Վերջիններս հայտնել են, որ այս գործընթացում կան նաև անտեսանելի կետեր։

«Նախկինում Թուրքիայի քաղաքացին Վրաստանի միջոցով էր վիզա ստանում, քանի որ Հայաստանի հետ հաղորդակցություն չկար։ Հայաստանում գործող համացանցը ողջ Թուրքիայի համար փակ էր։ Այն արդեն բացվել է։ Հյուպատոսական գործերը շատ լավ են ընթանում։ Նաև որոշ հումաիտար քայլեր են իրականացվում, որոնք չեն երևում»,- նկատել է թուրք դիվանագետներից մեկը։

Վերջիններս հավելել են, որ Երևանի և Անկարայի միջև բանակցությունների արդյունքում ուղղակի օդային բեռնափոխադրումների համար խոչընդոտների վերացումը էապես կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերություններին։