«
Հետք»-ը գրում է.
««
Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը՝ որպես անկլավ, արձանագրված է: Իսկ դա շատ կարեւոր նրբություն է: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետեւ դա է բխում էն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլեւ ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության,- հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել,- բայց էս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում… ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել, որ, օրինակ, Ա
դրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույնն էլ անձնագրերի մեջ ա էդ նույն կեպով արտահայտված: Այսինքն՝ դե յուրե չպատկանող: Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ՝ էնտեղ մարդիկ էլ են նույնիսկ ապրում, երեւի, շատ հստակ տեղեկություն չունեմ: Բայց սա փաստ ա, որը շատ էական ա, այդ թվում՝ մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս»:
Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը:
Փաստն այն է, որ
2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:
Փաշինյանը ամսի 9-ի իր հայտարարության մեջ նկատի է ունեցել հենց այս նմուշները, սակայն նա կա՛մ լրագրողներից եւ հանրությունից միտումնավոր թաքցրել է, կա՛մ անտեղյակության հետեւանքով չի բարձրաձայնել այն փաստը, որ 2020-ին եւ դրանից հետո թարմացված դիզայնով թղթադրամների վրա Արծվաշենը ներկայացված է որպես Ադրբեջանի մաս:
Այսպես՝ 2020-ին եւ դրանից հետո տպագրված նմուշներում (1, 5, 10, 20, 50 եւ 100 մանաթ արժեքով թղթադրամներ), որոնց ավելացել է նաեւ 500 մանաթանոցը (տպագրվել է 2021-ին, դիմերեսին ու դարձերեսին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությունն է), ոչ միայն Արծվաշենը ձուլվել է Ադրբեջանի տարածքին եւ չի երեւում որպես անկլավ, այլեւ, ի տարբերություն նախորդ նմուշների, Հայաստանի տարածքում որպես անկլավ առանձնացվել է Տիգրանաշենը, իսկ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն գրեթե բոլոր նմուշներում (բացառությամբ 2021-ին տպագրված 20 մանաթանոցի) ներկայացված են ոչ թե որպես անկլավ Հայաստանի ներսում, այլ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունեցող տարածք:
Ադրբեջանական անձնագրի մասով Փաշինյանի հայտարարությունը ճիշտ է: 2013-ից Ադրբեջանը կիրառում է կենսաչափական անձնագրեր, որոնց մեջ ներկայացված քարտեզներում անկլավները տեսանելի են:
Ինչ վերաբերում է ադրբեջանական մյուս փաստաթղթերում առկա քարտեզներին, ապա հարկ է նկատել, որ նույնականացման քարտերում (ID) ներկայացված քարտեզում անկլավներն առանձնացված են (տես ստորեւ), իսկ հին ու նոր նմուշի վարորդական վկայականներում՝ ոչ:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական արժույթի եւ անձնագրերի վրա Արծվաշենի առանձնացված լինելու մասին, մանիպուլացրել է իրականությունը՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք»: Չմանրամասնելով, որ խոսքը բացառապես 2005-2018 թթ. տպագրված նմուշների մասին է՝ Փաշինյանը մոլորեցնող հայտարարություն է արել՝ միտումնավոր կամ չիմացության հետեւանքով չհայտնելով, որ 2020-ից հետո ոչ միայն Արծվաշենը չի երեւում, այլեւ Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն ներկայացված են աղավաղված՝ Ադրբեջանի հետ ընդհանուր կապ ունեցող, ինչը, բնականաբար, Հայաստանի տարածքի հաշվին է:
«Ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել»,- հայտարարել է Փաշինյանը, ինչը ցույց է տալիս, որ կա՛մ նրան խաբել են՝ զեկուցելով ճշմարտության կեսը, եւ նա մինչ օրս չգիտի ամբողջական իրականությունը, կա՛մ գիտի, բայց միտումնավոր աղավաղում է իրականությունը: Անկախ ամեն ինչից՝ հուլիսի 9-ին լրագրողների առաջ Փաշինյանի տարածած ինֆորմացիան «ֆեյք» է:
Այլ հարց է, թե ինչ նպատակ է թաքցված ամենաբարձր մակարդակով նման հայտարարություն անելու հիմքում: Փաշինյանի նշած «հայելային նույն մոտեցումը» ցուցաբերելու մասով հարկ է նկատել, որ ՀՀ անձնագրերում եւ դրամի վրա քարտեզներ չկան, իսկ վարորդական վկայականի վրա ներկայացված ՀՀ ուրվագծում անկլավները բացակայում են:
Փաշինյանը, թերեւս, ակնարկել է կենսաչափական նոր անձնագրերի մասին, որոնք քաղաքացիներին հասանելի են լինելու այս տարվա աշնանից: Ապրիլին ներկայացված այս նոր անձնագրերի ձեւավորման մեջ տեսնում ենք ՀՀ միակ էքսկլավ Արծվաշենը, մյուս կողմից՝ ՀՀ տարածքում չկան անկլավներ:
Հուլիսի 9-ին վարչապետի արած հայտարարությունից հետո կարելի է սպասել, որ կենսաչափական նոր անձնագրերում ՀՀ քարտեզը փոփոխության կենթարկվի, եւ դրա վրա կառանձնացվեն խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ձեւավորված ադրբեջանական անկլավները, որոնց առաջացման իրավական հիմքը նույն Փաշինյանը նախկինում կասկածի տակ է դրել: Կարելի է ակնկալել, որ վարչապետը նման հայտարարություն անելուց հետո «հայելային մոտեցում» կցուցաբերի նաեւ ՀՀ քարտեզի տեսքով իր կրծքանշանի նկատմամբ, որի վրա այս պահին անկլավներ չեն երևում: