Ցավալիորեն հարկ է նշել, որ իշխանություններն ու բարձր դիրք զբաղեցնող պատմաբանները հակաքաղաքական և հակագիտական դիրքորոշում են տարածում։ Մասնավորապես՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կոչում են Երրորդ հանրապետություն։ Որտեղի՞ց եկավ այս սխալը։ Եվ ի՞նչ նոր աղետներ կարող է պատճառել այս սխալ մոտեցումը։
Երրորդ հանրապետությունը քաղաքական բառապաշար է ներմուծվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում։ Անկախության հռչակումից հետո ՀՀ-ն հռչակվեց Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ։ Այս ժամանակ էլ ոչ պաշտոնական տեքստերում սկսեցին կիրառել Երրորդ հանրապետություն արտահայտությունը։ 1918-1920-ի հանրապետությունն անվանում էին Առաջին, ՀԽՍՀ-ն՝ Երկրորդ, իսկ ներկայիս պետությունը Երրորդ հանրապետություն։ Համարակալումը փոխառված էր Ֆրանսիայից, որտեղ մի քանի անգամ հանրապետությունը տապալվել, ու վերականգնվել է միապետությունը։ Այս նմանությամբ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք ոչ պաշտոնապես սկսեցին համարակալել հայկական հանրապետությունները։ Իսկ վերջերս Նիկոլ Փաշինյանն է պաշտոնական ուղերձներում կիրառում Երրորդ հանրապետություն որակումը, ինչն արդեն խիստ վտանգավոր է։
Նկատենք, որ մեր երբեմնի բախտկից բազմաթիվ երկրներում՝ Արևելյան Եվրոպայի պետություններում, Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում խորհրդային բռնազաթման ժամանակաշրջանն այդպես էլ կոչվում է՝ խորհրդային բռնազավթման տարիներ։ Օրինակ՝ Լեհաստանի պատմության մեջ 1939-1989-ին չկա պետության ղեկավարի անուն, կառավարության անդամների անուններ։ Այդ շրջանը համարվում է բռնազավթման շրջան, երբ զավթիչները զավթել են Լեհաստանը ու զրկել անկախությունից։ Լեհաստանի քաղաքական, պատմական տեքստերում այս շրջանի ղեկավարի անուն չեն նշում այն պատճառով, որ այդ շրջանի բոլոր ղեկավարները ռուսական-խորհրդային դրածոներ են եղել, Լեհաստանը ռուսական-խորհրդային ազդեցության գոտի էր, Լեհաստանում ռուսական զորքերն էին քաղաքականություն որոշում, Լեհաստանն, իրականում, անկախ չէր։ Չնայած՝ այդ ժամանակ Լեհաստանը ՄԱԿ անդամ էր, ուներ սեփական արժույթը, պետական սահմանները, բանակ և շատ այլ բաներ, որոնք բնորոշ են անկախ երկրին։ Սակայն լեհերն ընդգծում են անկախության արժեքը։ Եվ բռնազավթման շրջանին տալիս են համարժեք քաղաքական և պատմական գնահատական։
Մեր երկրում այլ է մոտեցումը։ Խորհրդային բռնազավթման տարիներին ՀԽՍՀ-ն պետություն չէր, ԽՍՀՄ պետության վարչական միավոր էր, օժտված որոշակի ինքնավարությամբ։ Հայկական վարչական կազմավորումում հայկական արժույթ չկան, բանակ չկար, կուսակցություններ չկային։ Արտաքին քաղաքականություն չուներ Խորհրդային Հայաստանը։ Բայց հայկական վարչական այդ կազմավորումը անվանում են Երկրորդ հանրապետություն։ Սա հակաքաղաքական, հակագիտական մոտեցում է։ Անտեսվում է ոչ միայն անկախությունը որպես քաղաքական արժեք, այլև պատմական կեղծիք կա։ Այստեղ հավասարապես պատասխատվություն ունեն և՛ քաղաքական ղեկավարությունը, և՛ պատմագիտական համայնքը։ Ինչու՞ են այսպիսի սխալ դիրքորոշում որդեգրել հայ պետական գործիչներն ու գիտնականները։ Եվ այն ի՞նչ վատ հետևանք կունենա։
Հարկ է պարզ ասել, որ Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան, պետական գործիչները ընդգծված ռուսամետ դիրքորոշում են դրսևորում, որը թելադրված է Մոսկվայից։ Շատերի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար անկախությունը միջոց է, ոչ թե արժեք, առավել ևս՝ նպատակ։ Չկա նաև խորհրդային շրջանին տրված քաղաքական գնահատական, ամրագրված պաշտոնական փաստաթղթում։ Որևէ փաստաթղթում 1920-1991 ժամանակաշրջանը չի որակվում որպես խորհրդային բռնազավթման շրջան։ Խորհրդային միության հայկական վարչատարածքային ղեկավար պաշտոնյաները ներկայացվում են որպես Հայաստանի պետական գործիչներ։ Ամեն տարի, այդ թվում՝ 2024-ին, մայիսի 9-ին ՀՀ ղեկավարը շնորհավորում է ժողովրդին Հայրենական պատերազմում հաղթանակի առթիվ, որտեղ հայրենիք ասելով՝ նկատի ունեն Խորհրդային միությունը։ Իսկ հունիսի 14-ին, որը ազգային տոների և հիշատակի օրերի ցանկում ամրագրված է որպես Բռնադատվածների օր, ՀՀ պաշտոնյան հիշատակի խոսք չի ասում խորհրդային դահիճների կողմից սպանված, աքսորված, հալածված հարյուր հազարավոր հայերի հավաքական հիշատակին։ Ահա այսպիսի քաղաքական ուրացման պատկերում պարզ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն որակում Երրորդ հանրապետություն։
Պակաս ծանր չէ նաև պատմաբանների մեղքը։ Այս ընթացում հեղինակավոր բուհերի, ինստիտուտների գիտնականները չեն փորձել դասագրքերում և գիտական տեքստերում պատմական ճիշտ բնորոշումներ տալ խորհրդային բռնազավթման շրջանին, որպեսզի ուղղվեր պատմության սխալ ընկալումը և դուրս մղվեր Երրորդ հանրապետությունը։ Պատճառը, հավանաբար, այն է, որ գիտնականների մեծ մասը տարեց են, հոգնած, կայացել և դիրքեր են զբաղեցրել խորհրդային շրջանում, որի հետ հարազատություն են զգում։ Սակայն գիտական կոչումն ու գիտնականի խիղճը պետք է ստիպի նրանց գիտականորեն հիմնավորել, որ Երրորդ հանրապետություն բնորոշումը հակապատմական է։
Ավելին՝ մի օր եթե Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության կանչվի, և նրան հարց տան, թե ինչու՞ է իր ելույթներում ՀՀ-ն անվանել Երրորդ հանրապետություն, ապա վերջինս կարող է շառը գցել պատմաբանների վրա, վկայաբերել բազմաթիվ պատմագիտական տեքստեր և ապացուցել, թե նրանք են սխալ պատմական գնահատական և ուղղություն տվել։ Ու պատմաբանները կներգրավվեն որպես մեղադրյալ։
Երրորդ հանրապետություն բնորոշումը նաև ռիսկային է։ Վերջին տարիներին Մոսկվայի և Մինսկի իշխանությունները խոսում են միութենական պետության վերականգնման նկրտումների մասին, ակնկարկում, թե մտադիր են Հայաստանին զրկել անկախությունից, բռնակցել այդ կայսրությանը։ Այս առումով՝ Երրորդ հանրապետությունը կարող է վերածվել Չորրորդ հանրապետության, որը Երրորդից պակաս, Երկրորդից ավելի ինքնավարություն կունենա։ Ու քանի որ հանրապետությունը ինչ-որ ձևով կմնա, ապա մարդիկ կարող են դրան նորմալ վերաբերվել, չպայքարել անկախության, ազգային իրավունքի համար։
Պարզ ասած՝ «Երրորդ հանրապետություն» որակումը խեղում է հանրային պատկերացումները, առաջացնում ազգային անվտանգության սպառնալիք։ Եվ եթե պատմագիտական և քաղաքական համայնքներում գիտակից մարդիկ կան, ապա պետք է հավաքական ջանք գործադրեն, որպեսզի այս որակումը դուրս մղվի քաղաքական և գիտական խոսույթներից, բոլոր տեքստերից, Վիքիպեդիայից դպրոցական դասագիքերից, պատմագիտական հոդվածներից, քաղաքական ելույթներից, քաղաքագիտական աշխատություններից։
Թաթուլ Մկրտչյան