Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:38 30-05-2024

Արցախահայության վերադարձի համար անհրաժեշտ է ընդհանուրի անվերապահ մասնակցությունը

Արցախը հայաթափվեց, դրանից ամիսներ անց նաև ռուսաթափվում է, եթե նկատի ունենանք տեղակայված ռուսական զորախմբի աստիճանական հեռացումը, և հայկական երկրամասն անցնում է ամբողջովին Ադրբեջանի տնօրինմանը՝ դրանից բխող բոլոր դառը հետևանքներով։

Մինչդեռ, որևէ պետական մարմին, լինի դա Արցախի Հանրապետության կամ Հայաստանի, չի բարձրացնում Արցախ վերադառնալու խնդիրը։

Հատկապես Հայաստանի գործող պետական համակարգի օրակարգում չկա Արցախի հայերի որևէ իրավունքի, ի մասնավորի՝ Արցախ վերադառնալու հարցը։ Այս խնդրով զբաղվում են, շատ-շատ, արցախցիների մասնակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությունները։

Որքանո՞վ արդյունավետ կլինի տվյալ կառույցների կողմից բարձրացվող հարցի լուծումը։ Կարո՞ղ է հասարակական այդ ոչ մեծ հատվածը խնդիրն ինքնուրույն հասցնել մի այնպիսի մակարդակի, որը կստիպի իշխանություններին՝ զբաղվել Արցախի հայության վերադարձի հարցով։

Արտերկրում որոշակի աջակցություն կա արցախցիների վերադարձի գաղափարին, դա հայտնի փաստ է։ Խոսքը վերաբերում է հիմնականում Եվրոպայում գործող մասնագիտացված կառույցներին։ Այսինքն, գոնե արտասահմանյան փորձագիտական հանրույթներում գտնում են, որ հայերի վերադարձն Արցախ լիովին օրինաչափ է և խնդրի առաջմղման համար որոշակիորեն պատրաստ են ցուցաբերելու աջակցություն։
Ըստ այդմ, տեղին կլիներ օգտագործել կամ ստեղծել կապեր արտերկրում գործող կազմակերպությունների հետ՝ համագործակցելու այս կարևորագույն հարցի լուծման նպատակով։ Ընդ որում, հաշվի առնելով Արցախն ադրբեջանականացնելու՝ ալիևյան ռեժիմի արագ տեմպերը, գործող հասարակական հատվածը, կարելի է ասել, որ մեծ հաշվով ժամանակ էլ չունի։ Անգամ չկա ակտիվ համագործակցության ծավալման համար նախադրյալների ստեղծում, քանի որ ձևավորված հասարակական կառույցները, անկախ իրենց անվանումներից, փաստացի չեն զբաղվում նախանշած խնդրով։ Ընդամենը տեսանելի է, որ նորաստեղծ այդ կառույցները կամ իրենց ձևավորման մեկնարկն են նշանավորում միջոցառմամբ ու հետո լռում, կամ «կցված» են Արցախի այս կամ այն պաշտոնյային և անհասկանալի գործունեություն են կատարում։

Չի կարելի ասել, իհարկե, որ ասվածը վերաբերելի է անխտիր բոլորին․ կան որոշ կառույցներ, որ փորձում են պահել իրենց ստեղծման սկզբնական նպատակը, բայց արցախահայության վերադարձն այն գլոբալ խնդիրն է, որի լուծումը պահանջում է ընդհանուրի անվերապահ մասնակցությունը։ Այդ դեպքում, կրկնենք, պետությունը ստիպված կլինի հաշվի նստել ձևավորված համախումբ և միասնական մոտեցման հետ, ու հանրային և պետական հատվածները կարող են միջազգային օրակարգում ընդգրկել Արցախի հայերի հիմնարար իրավունքների, դրանց թվում իրենց հայրենի հողը վերադառնալու ապահովման հարցը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել