Անկախությունն այլընտրանք չուներ. Առաջին հանրապետության խորհուրդն ու դասեր քաղելու հրամայականը
copy image url

Անկախությունն այլընտրանք չուներ. Առաջին հանրապետության խորհուրդն ու դասեր քաղելու հրամայականը

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:00 28-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

106 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որն իսկապես դարակազմիկ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Հարյուրամյակներ շարունակ պետականության բացակայությունից հետո ի վերջո իրականացվեց հայ ժողովրդի երազանքը, որը նշանավորվեց Առաջին հանրապետության հիմնադրմամբ։

Առաջին հանրապետության հիմնադրումն ունեցավ ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ չափազանց մեծ բարոյահոգեբանական նշանակություն, քանի որ այն տեղի ունեցավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից տարիներ անց՝ էապես նպաստելով զոհի բարդույթի հաղթահարմանն ու Հայաստանի և հայ ժողովրդի վերածննդին։ Եթե Հայաստանի երկու հարևանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, անկախություն ստացան պատմական իրադարձությունների բերումով, ապա հայ ժողովուրդն այն կերտեց մայիսյան հերոսամարտերում իր զավակների թափած արյան և գործած սխրանքների շնորհիվ։

106 տարի առաջ այս օրերին մեր երկրում ստեղծված իրավիճակը լավագույնս ներկայացնում են Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու այս խոսքերը, ով գտնում էր, որ այդ իրավիճակում անկախության հռչակումն այլընտրանք չուներ.

«Ընտրություն անելու տեղ չէր մնացել։ Պատմությունը բերել, կանգնեցրել էր մեզ մի որոշ գծի առջև. պետք է հանդգնություն ունենայինք անցնել վրայից, եթե չէինք ուզում խորտակվել։ Պետք է տեր դառնայինք մեր հայրենիքին, ապա թե ոչ, կկորցնեինք այն՝ գուցե անդառնալիորեն։ Եթե տատանվեինք, եթե ուշացնեինք մեր հայտարարությունը, Հայաստանը բաժին կդառնար հարևաններին՝ թուրքերին, վրացիներին, ադրբեջանցիներին»։

Տեղին է հիշելը հայ-թուրքական բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Խալիլ բեյի խոսքերը, ով դեռևս մայիսի 27-ին հայտարարում էր, որ չի բանակցելու Հայոց ազգային խորհրդի հետ, քանի որ այդպիսի մարմին չի ճանաչում։ Արդեն մայիսյան հերոսամարտերում և մասնավորապես Սարդարապատում հայկական զորքի սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո վերջինս ստիպված եղավ բանակցությունների սեղանի շուրջ նստել ու ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Չնայած 1918 թվականի հունիսի 4-ին Հայաստանը ստիպված էր ծանր պայմաններով հաշտության պայմանագիր ստորագրել Թուրքիայի հետ, այնուամենայնիվ դա նորանկախ հանրապետությանը թույլ տվեց շունչ քաշել, իսկ հետագայում բանակցել՝ դաշնագրի դրույթները մեղմելու նպատակով։ Բարեբախտաբար Բաթումի պայմանագիրը գործեց միայն մի քանի ամիս անց ու չվավերացվեց ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Թուրքիայի խորհրդարանների կողմից, իսկ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո ՀՀ-ն իր տարածքներն ընդլայնելու հնարավորություն ստացավ։

Առաջին Հանրապետության հիմնադրումը դարձավ հայ ժողովրդի անհատական ու հավաքական կամքի, վճռականության, պայքարի ու անկոտրում ազգային ոգու արտահայտությունը, որովհետև հայ ժողովուրդը կարողացավ վերջապես անկախ պետականություն կերտել։ Մայիսյան հերոսամարտերը պատմական ու ճակատագրական նշանակություն ունեցան մեր ժողովրդի կյանքում՝ հիմք ստեղծելով մեր դարավոր երազանքների իրականացման՝ պետության ու պետականության կերտման համար։

Ցավոք սրտի, Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ կարճատև կյանք՝ պայմանավորված ներքին, բայց առավելապես արտաքին քաղաքական անբարենպաստ զարգացումներով։ Այդուհանդերձ, Առաջին հանրապետությունն անգամ գոյության կարճ ժամանակահատվածում ստեղծեց այն պատմական ու քաղաքական նախադրյալները, որոնք տասնամյակներ անց պետք է դառնային Հայաստանի անկախ պետականության հիմնադրման ու կերտման անկյունաքարերը։

Չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե չլիներ Առաջին հանրապետությունը, ապա վստահաբար չէին լինի նաև Խորհրդային Հայաստանը և այսօրվա Հանրապետությունը, որոնք հռչակվել են Առաջին հանրապետության հիմքի վրա։ Խորհրդային Հայաստանի փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն իրականում Առաջին Հանրապետության օրգանական շարունակությունն էր՝ ամուր, ուժեղ ու զարգացող պետություն ունենալու մեր համազագային տեսլականը, գաղափարներ, որոնք հատկապես այսօր՝ մեր պետությանը պատուհասած աղետի պայմաններում, արդիական են առավել, քան երբևէ։

Այս համատեքստում ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի առաջին հանրապետության կարևորությունը մեր կյանքում բավականաչափ գնահատված չէ։ Սրա վկայությունն այն հանգամանք է, որ հայ ժողովուրդն իր անկախության տոնը նշում է ոչ թե մայիսի 28-ին, այլ սեպտեմբերի 21-ին, մինչդեռ պետք է հակառակը լիներ, քանի որ 1918-ի մայիսի 28-ին շուրջ հազարամյա դադարից հետո հայ ժողովուրդը կրկին անկախ պետականություն էր հռչակել, իսկ 1991-ի սեպտեմբերի 21-ին դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից և ՀԽՍՀ-ի հիմքի վրա անկախություն հռչակել։

Առաջին հանրապետության հիմնադրման խորհուրդն ու կարևորությունը բազմապատիկ մեծ է հատկապես այսօր, երբ մենք կանգնած ենք անկախ պետության ու պետականության կորստի իրական սպառնալիքի առջև, որի մասին հանրության արձամբ Նիկոլ Փաշինյանն է բազմիցս հայտնել։ Այս մարտահրավերը մենք կարող ենք ու պարտավոր ենք հաղթահարել նաև Առաջին հանրապետության դասերից հետևություններ ու պատմաքաղական եզրահանգումներ անելով:

Այպիսով՝ անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներս պարտք ունենք Առաջին հանրապետության հիմնադիրների հանդեպ և դրա լավագույն արտահայտությունը պետք է դառնա այնպիսի պետության կայացումը, որի մասին ավելի քան հարյուր տարի առաջ երազում էին մեր նշանավոր նախնիները՝ Առաջին Հանրապետության հիմնադիրները, որոնց արժևորելու հավատամքով պետք է ապրենք մենք և մեր սերունդները։ Մինույն ժամանակ մենք պարտավոր ենք դասեր քաղել Առաջին հանրապետության ու դրա կորստին հանգեցրած սխալներից՝ այսօր և ապագայում դրանք չկրկնելու հրամայականով։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված