Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 12:44 27-02-2023

Մինչև ՄԱԿ-ի ԱԽ հասնելը շատ այլ միջոցներ կան Հաագայի դատարանի որոշումից մաքսիմալ պտուղներ քաղելու համար. Կիրակոսյան


Հայաստանը դիմել էր Արդարադատության միջազգային դատարան դեռ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների վրա. այս ընթացիկ վարույթի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է նաև մի շարք ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումներին:

Նրա խոսքով, առաջին պահանջը ներկայացվել էր դիմումի հետ միասին, և 2021-ի հոկտեմբերին տեղի ունեցան լսումներ Հաագայում, որոնք վերաբերում էին ժամանակավոր միջոց կիրառելու առաջին պահանջին. «Արդյունքը եղավ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով բավարարվեցին Հայաստանի երեք ուղղությամբ պահանջներ՝ գերեվարված անձանց նկատմամբ իրավունքների խախտումն արգելելու և նրանց իրավունքները երաշխավորելու համար, երկրորդը վերաբերում էր հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանը և ավելի կոնկրետ պարտավորեցնում էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վանդալիզմ են իրականացրել կամ վնասել են այդ օբյեկտները:

Եվ երրորդը ատելության խոսքի դադարեցումն էր՝ ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, քանի որ ապացույցների մի զգալի մասը վերաբերում էին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շարունակական ատելության խոսքի դրսեւորումներին, այդ թվում Ալիևի կողմից»,- ասացի Կիրակոսյանը:

Նրա խոսքով, ժամանակավոր միջոց կիրառելու երկրորդ դիմումը եղել է սեպտեմբերյան ագրեսիայից հետո, քանի որ այդ ագրեսիայից հետո Հայաստանն ունեցել է նոր գերեվարված զինծառայողներ. «Մենք դիմեցինք, որ դատարանը իր արդեն կիրառած ժամանակավոր միջոցը փոփոխի ու տարածի նոր գերեվարված անձանց վրա: Դատարանը չփոփոխեց իր որոշումը, բայց մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ իր որոշումը տարածվում է նաև հետագայում գերեվարված անձանց վրա:

Երրորդ դիմումը 2022-ի դեկտեմբերին ներկայացված դիմումն էր, որի արդյունքում Հաագայում ունեցանք լսումներ այս տարվա հունվարի 30-31-ին: Բնականաբար, տեսնում եք, որ բոլոր մեր հայցերն ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հայելային հայցերով: Դրանց նպատակը հնարավորինս մեծ աղմուկ ստեղծելն է՝ փորձելով որոշակիորեն նվազեցնել Հայաստանի կողմից դիմումների էֆեկտը, որը կարծում եմ՝ չի հաջողվում:

Մեր վերջին դիմումը վերաբերում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը կոնկրետ, մեր պահանջը շատ հստակ էր, երեք խնդրանք ենք ներկայացրել դատարանին.

Առաջինը Լաչինի միջանցքում «էկոակտիվիստների» ակցիաների դադարեցման պահանջն էր, երրորդը Լաչինի միջանցքում երկու ուղղություններով անձանց, մեքենաների և բեռների ազատ տեղաշարժի պահանջ և երրորդ պահանջը վերաբերում էր գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովմանը:

Ադրբեջանը ներկայացրել էր հայելային պահանջ, որը վերաբերում էր ականապատմանը: Դեռևս 2021-ին դատարանը մերժել էր այդ պահանջը՝ համարելով, որ այն չի համապատասխանում ժամանակավոր միջոց կիրառելու պահանջներին: Դատարանը նույնը կրկնեց նաև այս որոշման մեջ:

Դատարանը կիրառեց միջոց՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ անցումը մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով:

Դատարանն անհրաժեշտ չհամարեց անդրադառնալ առաջին պահանջին՝ քանի որ արդեն իսկ անհրաժեշտություն չկա Լաչինի միջանցքով անցման համար նոր լրացուցիչ միջոց կիրառելու: Իսկ երրորդ պահանջի հետ կապված, Հայաստանը ըստ դատարանի բավարար ապացույց չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է մեղավոր կամ պատասխանատու գազի և էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված»,- ասաց Կիրակոսյանը:

Հարցին, թե արդյոք ժամանակավոր միջոցի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը կատարելու ժամանակ ժամկետներ են նշվել, նա պատասխանեց. «Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից: Ըստ էության, որոշման մեջ գրված է, որ այն ունի պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման միջոց ու դա նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե ժամկետ չի նշվել, նշանակում է՝ որոշումը անմիջապես պետք է գործի։

Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ միջազգային դատարանի պարագայում չկա մարմին, որը զբաղվում է դատարանի որոշումները պարտադրելով. «Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և դա ենթադրում է նաև աշխատանք: Այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման ապահովման ուղղությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն է, որ երբ պրոբլեմային դառնա հարցը, իրավասու կլինի միջամտելու գործընթացին:

Ինքրես էլ հասկանում ենք, որ ԱԽ միջամտությունն այսօր բարդ է: Որովհետեւ կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց տրամաբանությամբ: Այստեղ հարցի քաղաքականացվածությունը շատ բարձր է: Կարծում եմ՝ մինչեւ դրան հասնելը շատ այլ միջոցներ կան այս իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»:

Նա դրական է համարեց, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա. «Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, որոնք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք»,- ընդգծեց նա։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանը թե՛ դիվանագիտական միջոցներով, թե՛ քաղաքական հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը։