ՀՀ իշխանությունները ժողվրդից թաքցնում են ճշմարտությունը հայ-ռուսական հարաբերությունների էության մասին։ Այդ գաղտնապահությունը կասկած է առաջացնում, որ ՔՊ-ական իշխանությունը պետության և ժողովրդի դեմ բաներ է արել կամ գաղտնի պայմանավորվածություններ ունի։ Մտավախություն կա, որ այդպիսի գաղտնի պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել առաջիկայում, որը կրկին աղետ կպատճառի ժողովրդին։ Այսպիսի մտավախության հիմք է վերջին օրերի մի շարք ուշագրավ զարգացումների համադրությունը։
Մայիսի 24-ին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված փաստաթղթում։ Մայիսի 23-ի ուշ երեկոյան էլ Պուտինը պաշտոնական այցով Բելառուս է ժամանել։ ՌԴ ղեկավարին դիմավորել է Լուկաշենկոն, որը Մինսկի օդանավակայանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «շատ հետաքրքիր առաջարկներ ունի մեր տարածաշրջանի և Կովկասի անվտանգության հարցով»։ Նա նշել է, որ այդ առաջարկները լրջորեն քննարկվել են Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լուկաշենկոն Ադրբեջան կատարած այցի շրջանակում այցելել էր Արցախ, գովերգել Ալիևին Արցախը զավթելու համար։ Հիշեցնենք նաև՝ 2020-ի պատերազմից հետո գաղտնազերծվեց Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի 2018-ից մի քանի տարի առաջ տեղի ունեցած մի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես է Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկում 5 միլիարդ դոլար, որպեսզի վերջինս հրաժարվի Արցախից։ Սակայն Սերժ Սարգսյանը կտրուկ մերժում է Լուկաշենկոյի լկտի առաջարկը։
Համադրելով այս փաստերը, կարելի է ենթադրել, որ Լուկաշենկոն Ալիևի հետ նման մի նոր ու հետաքրքիր առաջարկ է քննարկել։
Բոլորը գիտեն, որ Լուկաշենկոն գործում է ՌԴ նախագահի թելադրանքով։ Եվ ենթադրելի է, որ հիմա էլ հետաքրքիր առաջարկը վերաբերում է ՀՀ-ից նոր տարածքներ զավթելուն։ Նկատենք, որ ՔՊ-ական իշխանությունը սահմանազատման անվան տակ արդեն հանձնել է ՀՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ։ Չբարեկամները կարող են կարծել, թե եթե հետաքրքիր առաջարկ արվի Փաշինյանին, ապա հնարավոր է, որ Ադրբեջանին հանձնվի ավելի շատ և ավելի մեծ նշանակություն ունեցող տարածքներ։
Մեկ այլ ենթադրությամբ՝ հետաքրքիր առաջարկը կարող է առնչվել այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքին, մասնավորապես՝ այն ռազմական ճանապարհով զավթելու ռուս-ադրբեջանական նկրտումներին։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Մոսկվան ստիպում է Ալիևին հարձակվել Հայաստանի վրա և զավթել միջանցքը, սակայն Ադրբեջանը չի համարձակվում ռիսկի դիմել, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հնարավոր հակազդեցությունը։
Բելառուսի ղեկավարը Ալիևին հռչակել է ամբողջ Կովկասի առաջնորդ, ասելով, որ Ադրբեջանի հզոր առաջնորդին ժամանակն է ընտրել ամբողջ Կովկասյան տարածաշրջանը վերահսկելու համար: Ենթադրելի է, որ այս կարգավիճակը Բաքվին խոստանում է Մոսկվան, եթե Ալիևը զավթի միջանցքը։ Ուշագրավ է նաև հետևյալ դրվագը, երբ Լուկաշենկոն հիշում է 44-օրյա պատերազմից առաջ ունեցած մի զրույց Ալիևի հետ. «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։
Այստեղ բանալի բառերը՝ «պատերազմում կարելի է հաղթել», վերաբերում են ՀՀ-ի դեմ միջանցքի համար նոր պատերազմում հաղթելու հնարավորությանը։ Լուկաշենկոն փորձում է համոզել Ալիևին հարձակվել ՀՀ-ի վրա և զավթել միջանցքը, որը ՌԴ-ի համար կենսական նշանակություն կունենա։ Բաքվից վերադառնալով, Լուկաշենկոն անմիջապես ընդունել է Պուտինին և դիմավորելու ժամանակ զեկուցել, որ առաջադրանքը կատարել է, Ալիևի հետ քննարկել է թեման, և հանգել են հետաքրքիր տարբերակի։ Ենթադրելի է, որ Ալիևը մերժել է պատերազմ սկսելու ռուսական առաջարկը, բայց համաձայնության են եկել ինչ-որ այլ՝ հետաքրքիր տարբերակի շուրջ։
«Հետաքրքիր» բառը ռուսական խոսույթում ասոցիացվում է փողի, շահույթի հետ։ Ենթադրելի է, որ առջևում տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական փոխշահավետ նոր գործարք, որը հարվածելու է ՀՀ ազգային շահերին։ Լուկաշենկոյի պատկերացրած Կովկասի անվտանգության խնդիրը, ենթադրաբար, առնչվելու է նաև Հայաստանին։ Այդ առնչության վերաբերյալ կասկածը խորացավ, երբ ՀՀ-ում ՌԴ դեսպանն անակնկալ կանչվեց Մոսկվա խորհրդակցությունների։
Կարճ ասած՝ առաջիկա օրերին պարզ կդառանա, թե ինչ հետաքրքիր առաջարկ են քննարկել տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ մեր չբարեկամները։ Չի բացառվում, որ հերթական սահմանազատման նիստը կգումարվի Սյունիքում։ Սակայն փորձագիտական համայնքը գրեթե միաբերան կարծիք է հայտնում, որ այստեղ հայկական կողմը չի գնա զիջումների և հող չի հանձնի Սյունիքի մարզից, արտատարածքային ճանապարհ էլ չի տրամադրի ռուս-թուրք-ադրբեջանցիներին։
Թաթուլ Մկրտչյան