Մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Այս կերպ Նիկոլ Փաշինյանը, կարծես՝ փորձում է իր անձը կապել սիրողական սպորտին, իր վրա սևեռել մրցաշարին մասնակցող դպրոցականների ուշադրությունը։ Այսպիսի միջոցառումներ կազմակերպվում են ավտորիտար հասարակություններում, որտեղ կա երկրի ղեկավարի անձի պաշտամունք։
Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ի սեր Նիկոլ Փաշինյանի, սպորտով կզբաղվեք»։
Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց։ «Միանշանակ՝ ոչ։ Եթե սպորտով զբաղվելու լինեմ, ինքնակամ կզբաղվեմ, ոչ մեկի սիրո կաիրքը չունեմ»,- կտրուկ պատասխանեց մի քաղաքացի։ «Առանց Նիկոլ Փաշինյանի էլ զբաղվում եմ սպորտով»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ Ոմանք Փաշինյանի մասին բացասաբար արտահայտվեցին։ Եղան նաև դրական պատասխաններ, Փաշինյանին պաշտպանողներ։ «Այո։ Շատ լավ բան է անում»,- ասաց մի կին։ «Ինչու՞ չէի զբաղվի։ Ես գնահատում եմ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց մեկ ուրիշը։ Հարցվածներից մեկն էլ տվեց ոչ համարժեք պատասխան՝ «Որ հարցեիք՝ ի սեր Աստծո, կասեի՝ հա»։
Նշենք նաև, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Առաջին տեղ զբաղեցրած դպրոցն ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:
Մանրամասները՝ տեսանյութում։