Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 տարի առաջ - 10:00 19-05-2024

Սրբազան շարժումը արժեբանական առանցքի կարիք կունենա

Մայիսի 26-ին հայտարարված մեծ հանրահավաքից առաջ ամենահագեցած հանդիպումների օրը մայիսի 18-ն էր։ Բագրատ Սրբազանը հանդիպումներ ունեցավ կուսակցությունների ղեկավարների, մշակութային գործիչների, պահեստազորի սպաների հետ։ Կարծես բոլորն էին միակարծիք, որ վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է լինելու։ Հետևապես առաջիկայում հանրության ուշադրությունը սևեռվելու է գերազանցապես Սրբազանի անձի, կենսագրության, քաղաքական պատկերացումների վրա։

ՀՀ-ում ընտրությունների ժամանակ ընտրողների մեծ մասը չի նայում թեկնածուների ծրագրերը, այլ քննում է նրանց կենսագրությունը։ Հաշվի առնելով, որ Բագրատ Սրբազանը անբիծ կենսագրություն ունի և մեծ հեղինակություն է վայելում, ապա մեծ է նաև նրա առաջնորդած շարժման հաջողության հավանականությունը ընտրությունների ժամանակ։ Նրան սատարելու հարցում ակտիվ դերակատարում կունենան ոչ միայն կուսացությունները, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնց հետ, հավանաբար, հանդիպում կկազմակերպվի եկող շաբաթ։

Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին Բագրատ Սրբազանին սատարող կուսակցությունները կկազմվեն մեծ նախընտրական համագործակցություն կամ դաշինք, որտեղ կներգրավվեն մոտ երկու տասնյակ կուսակցություններ, քաղաքական նախաձեռնություններ։ Այս դաշինքի ձևավորման մասին հայտարարությունը լինելու է մայիսի 26-ի հանարահավաքի մեխը։ Արտաքին քաղաքական շեշտադրումներ չեն սպասվում։ Լինելու են իրավիճակի քննադատություն և մշակութային գործիչների ելույթներ, որոնք լրացուցիչ հուզականություն և դրամատիզմ են հաղորդելու։ Սակայն ժողովրդին հուզող գլխավոր հարցերը, թե երբ տեղի կունենա իշխանափոխությունը, և էական ինչ կփոխվի դրա արդյունքում, պատասխան չեն ստանալու հանրահավաքի ընթացքում։

Մայիսի 18-ին Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ «Մենք պետք է համբերությամբ, ծանր համբերությամբ, գոտիները ձգելով՝ առաջ գնանք։ Եվ ասեմ՝ հենց այդ համբերությունն է այս մարդկանց վախեցնողը, սարսափի տեղիք տվողը, թե մենք ի՞նչ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում անել»։ Սա նույնպես նշանակում է, որ առջևում տևական պայքար է սպասվում։ Անհրաժեշտ է հավելյալ ջանք գործադրել, որ շարժման մասնակիցները համբերություն ունենան, կես ճանապահից չհոգնեն, չհիասթափվեն ու չցրվեն։

Այս ռիսկը հաշվի առնելով՝ շարժումն առաջիկայում կարիք կունենա արժեբանական առանցքի։ Եթե սովորական քաղաքական շարժում լիներ, ապա առանցքը կլիներ ծրագիրը կամ առնվազն՝ հռչակագիրը, որտեղ կնշվեին գլխավոր նպատակներն ու շարժման մասնակիցներին միավորող մի քանի կարևոր բաներ, ինչպես նաև կկատարվեին աշխատանքի սովորական բաժանումներ։ Բայց քանի որ շարժումն առաջնորդում է արքեպիսկոպոսը, ապա չի բացառվում, որ միավորող արժեբանական առանցքն այլ տեսք ունենա, որն ավելի շատ կհիշեցնի Մովսեսի տախտակները։ Ենթադրելի է նաև, որ այդ առանցքի շուրջ շարունակական միջոցառումներ կարող են կազմակերպվել, որոնք կշարունակվեն ընդհուպ մինչև ԱԺ ընտրությունները, որոնց մնացել է շատ քիչ ժամանակ։ Այս ընթացքում պետք է հասցնել ընտրական փորձ ունեցող թիմ հավաքել, մարզել, պատգամավորացուների և նախարարացուների պատրաստել և ներկայացնել հանրությանը։

Ամեն դեպքում, մայիսի 18-ի հանդիպումները վկայում են, որ հանրության մի զգալի հատվածը լուրջ է վերաբերվում շարժմանը և պատրաստ է գործել համախմբված։ Եթե այս համախմբումը դիմանա առաջիկա փորձություններին, մերվի, հարթվեն ներթիմային հակասությունները, հաղթահարվեն գործակցային բարդյութները, ապա կարելի է վստահաբար ասել, որ հաջորդ վարչապետը լինելու է Բագրատ Սրբազանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:47 Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները